Ապրիլի 5-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Ծաղկազարդը: Տոնի առիթով դուրս կբերվի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում պահվող Աստվածամուխ Սուրբ Գեղարդը, որն ըստ ավանդույթի՝ կանխել է համաճարակի տարածումը և Վրաց թագավորներից Հերակլ երկրորդի խնդրանքով ժանտախտի ժամանակ ուղարկվել է Վրաստան:
Հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի կկատարվի Անդաստանի արարողություն, որի ընթացքում Սուրբ Գեղարդով կօրհնվեն աշխարհի չորս կողմերը: Տեղեկությունը հայտնում է Մայր աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Վահրամ քահանա Մելիքյանը։
Համարվում է, որ գեղարդին հպվելը ոչ միայն ուժ է տալիս, այլև տարբեր հիվանդություններ է բուժում։ Գեղարդի շուրջ մի շարք լեգենդներ և զարմանալի պատմություններ են հյուսվել։ Ավանդույթի համաձայն` այն բազում մարդկանց կյանքեր է փրկել, կանխել համաճարակի տարածումը, այդ պատճառով գեղարդին դիպչել են ցանկանում նաև մարդիկ, որոնք ֆիզիկական կամ հոգեկան խնդիրներ ունեն: Դարեր առաջ, ժանտախտի ժամանակ Սուրբ գեղարդն ուղարկվել էր Վրաստան։
Ամենայն Հայոց Կաթողիկոսների օրհնությամբ ԺԸ.-ԺԹ. դդ. Աստվածամուխ Սբ Գեղարդը` ժանտախտն ու այլ համաճարակներ փարատելու նպատակով, մի քանի անգամ տարվել է Հայաստանի տարբեր քաղաքներ, իսկ Վրաց Հերակլ Բ., Գեորգի ԺԲ. թագավորների, այնուհետև Ռուսական կայսրության կառավարիչների խնդրանքներով այն ուղարկվել է նաև Թիֆլիս:
Այն, որ համաքրիստոնեական այդ սրբությունը գտնվել է Հայաստանում` պահվելով Հայոց Եկեղեցում, հնուց ի վեր հայտնի է եղել քրիստոնյա աշխարհին: Հատկանշական է ԺԲ. դ. Ասորաց Միքայել պատրիարքի «Ժամանակագրության» վկայությունն այն մասին, որ Հռոմի Պապը գնալով Երուսաղեմ` այնտեղից մեկնել է Անտաք (Անտիոք), որտեղ նրան ցույց են տվել մի գեղարդ` որպես թե Քրիստոսին խոցածը, ինչին ի պատասխան Պապն ասել է. «Զբուն գեղարդն Քրիստոսի գիտեմ, եթէ Թադէոս առաքեալն ի Հայք տարաւ. այս ո՞յր է»:
ԺԳ. դարից Սբ Գեղարդը պահվել է Այրիվանքում, որն ի պատիվ տերունական սրբության հռչակվել է Գեղարդավանք անվամբ:
Հայաստանում պահվող Սբ Գեղարդին անդրադարձել են նաև օտարազգի ճանապարհորդները (Ժ. Բ. Տավեռնիե, Ջեյմս Մորիեր, Մորից Ֆոն Կոցեբու և այլք), որոնք այցելելով Արևելյան Հայաստան այն տեսել են Գեղարդավանքում, այնուհետև` Սբ Էջմիածնում:
Դարեր ի վեր Սբ Գեղարդն իր աստվածային զորությամբ հրաշքներ է գործել՝ պարգևելով հոգու և մարմնի բժշկություն:
Ըստ ավանդույթի` Սուրբ գեղարդը Հայոց աշխարհ է բերել Քրիստոսի 12 աշակերտներից մեկը՝ սուրբ Թադեոս առաքյալը: Սուրբ գեղարդն այն նիզակի ծայրն է, որով հռոմեացի զորականը՝ Ղունկիանոս հարյուրապետը, խոցեց Հիսուս Քրիստոսին խաչի վրա: Դեկտեմբերի 3-ը Սուրբ գեղարդի ուխտի օրն է: Կաթողիկոսի կոնդակի համաձայն` այդ օրը գեղարդը հանդիսավորությամբ դուրս է բերվում Մայր տաճարից, և մարդիկ կարողանում են դիպչել գեղարդին ու իրենց աղոթքն ուղղել առ Աստված: Հարյուրամյակներ շարունակ գեղարդը պահվել է Այրիվանքում (Գեղարդում) և միայն 1760 թվականին է բերվել Էջմիածին։
Ծաղկազարդի Սուրբ Պատարագը և Անդաստանի արարողությունը կհեռարձակվեն ժամը 9։30-ին Հայաստանի Հանրային հեռուստաընկերության 1-ին ալիքով և «Շողակաթ» հեռուստաընկերությամբ։