Վաղը, հուլիսի 28-ին Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցում պատարագ կմատուցվի նվիրված Պայծառակերպության տոնին, ինչպես նաև եկեղեցու բակում տոնական օրը կշարունակվի ավանդական ջրոցիով:
Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցին բոլորին հրավիրում է՝ միասին տոնելու Քրիստոսի Պայծառակերպության տոնը (Վարդավառը)։ Հուլիսի 28-ին՝ ժամը 10.30-ին, Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցում Սուրբ և Անմահ պատարագ կմատուցվի, որից հետո տոնական օրը եկեղեցում բակում կշարունակվի ժողովրդական տոնախմբությամբ:
Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնը Հայ Առաքելական Եկեղեցու հինգ տաղավար տոներից երրորդն է, որն այս տարի նշվում է հուլիսի 28-ին:
Վարդավառն այլ կերպ անվանում են նաև Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության կամ Այլակերպության տոն, քանի որ այն Պետրոս, Հովհաննես և Հակոբոս առաքյալների առջև Քրիստոսի այլակերպության հիշատակի օրն է, որն ըստ ավանդության տեղի է ունեցել Թաբոր լեռան վրա, երբ Քրիստոսն իր աշակերտներին «ներկայացավ» արդեն որպես տիրոջ զավակ: Հայ Առաքելական եկեղեցին Քրիստոսի Պայծառակերպության տոնը նշում է Զատկից 98 օր հետո, հունիսի 28-ից մինչեւ օգոստոսի 1-ն ընկած ժամանակահատվածում։