Կորխ գյուղի բնակիչները մի քանի տարի շարունակ փորձում էին թույլտվություն ստանալ տեղի եկեղեցու վերականգնման համար, այդ ընթացքում միջոցներ հավաքեցին և մոտավորապես 10 օր առաջ սկսեցին վերականգնողական աշխատանքները: Դրա համար նրանք ենթարկվում են վարչական պատասխանատվության, քանի որ արգելվում է անցկացնել աշխատանքներն առանց Մշակութային ժառանգության օբյեկտների պաշտպանության ազգային գործակալության թույլտվության:
2017 թ. հունիսի 30-ին Կորխ գյուղի Սուրբ Ստեփանոս եկեղեցին ճանաչվել էր մշակութային ժառանգության հուշարձան: Եկեղեցին օր-օրի փլուզվում է: Շինության տարածքը ցանկապատված է ժապավեններով: Եկեղեցու դիմաց նստած են անվտանգության աշխատողներ, որոնք ապահովում են, որ ոչ ոք շենքին չմոտենա, քանի որ ցանկացած պահի հնարավոր է քար վայր ընկնի:
Ըստ նրանց, պատերից մեկն արդեն նստել է 25 սմ-ով: «Տեխնիկապես ընդհնարապես անհնար էր նման վիճակի հասցնել: Շտապ անհրաժեշտ է վերանորոգել: Երբ ինչ-որ մեկը տուժի, ապա միայն այդ ժամանակ անհրաժեշտ կլինի որոշում կայացնել՝ վերականգնել թե՞ ոչ: Հո՞ տեսանելի է, որ դիմացից կա 50 սմ-ոց ճեղք: Մենք պետք է հակառակը ասենք` մենք ձեզ աջակցում ենք, գումարով կամ փաստաթղթերի հարցում կօգնենք, կվերականգնենք, այլ ոչ թե արգելենք», – ասում է պահակներից մեկը:
Ըստ նրանց, աշխատանքներն սկսվել են մոտ 10 օր առաջ: Այս փուլում, Մշակութային ժառանգության պահպանության գործակալության կողմից արգելքից հետո, դրանք դադարեցվել են: Գյուղացիների կողմից վարձված բանվորները հավաքում են շինարարական թափոնները:
Իրավիճակը սրվում է այն ապատեղեկատվությամբ, որը որոշ աղբյուրներ տարածում են համացանցում: «Երեկ Ախալցխայից լրագրողներ էին եկել: Գրել էին հակառակը, խեղաթյուրված, իբր, ժողովուրդն ինքնակամ քանդում է եկեղեցին և այն այլեւս գոյություն չունի: Իսկ ինչու՞ են քանդում, ինչու՞ չեն տալիս թույլտվություն, ի՞նչն է խնդիրը՝ չեն գրում: Մտնում ենք Facebook, տեսնում ենք, որ, իբր, Կորխի եկեղեցին այլեւս չկա (ծիծաղում է): Չեն ամաչո՞ւմ», – ասում է պահակը:
Պահակախմբի խոսքերով, աշխատողները քանդել են միայն մեկ պատի մի մասը` դրա տեխնիկական վիճակի պատճառով: «Միայն հյուսիսային կողմն են քանդել, այո, որովհետեւ արդեն ամենը նստել է: Զգուշորեն դրեցին, թվագրեցին բոլոր քարերը: Ոչնչի այլեւս ձեռք չեն տվել», – ասում է պահակը:
Գյուղացիները նաեւ պնդում են, որ կիսախարխուլ շինվածքը նրանց համար մեծ վտանգ էր ներկայացնում: Նրանք այս հարցով զբաղվում են բավականին երկար ժամանակ, մարդիկ հոգնել են այն հանգամանքից, որ մի կազմակերպություն հարցի լուծումը գցում է մյուսի վրա, եւ այդպես շարունակ:
«Մենք ուզում ենք վերականգնել մեր եկեղեցին», – պատմում է Կորխ գյուղի նախկին ղեկավար Գրիգոր Բասենցյանը: – Այն թվագրվում է 19-րդ դարով: Մենք արդեն 3 տարի է խնդրում ենք վերականգնման համար թույլտվություն, իսկ նրանք անընդհատ ձգձգում են, չեն տալիս կոնկրետ պատասխան: Ամեն օր այս ճանապարհով անցնում են դպրոցականները, տարեց մարդիկ և կանայք քայլում են այդ ճանապարհով: Այս ճանապարհով նրանք ջուր են կրում, անասուններին են տանում: Ստեղծվում է շատ վտանգավոր իրավիճակ: Բացի այս ամենից, մենք հավատացյալ մարդիկ ենք, ուզում ենք, որ կարողանանք եկեղեցի գնալ: Ինչպե՞ս գնանք ավերված եկեղեցի: Մարդիկ վախենում են»:
Յուրի Ծառուկյանի անունով գյուղացիները հավաքական նամակ են գրել Էկոնոմիկայի և ենթակառուցվածքների նախարարությանը, որտեղ խնդրել են գյուղի բնակիչների միջոցներով եկեղեցին վերականգնել: Այնտեղից նամակն ուղարկվել է գույքի բաժին և ասել են, որ սպասեք պատասխանի, որը պետք է գա 25 օր հետո:
Վրաստանի մշակութային ժառանգության պահպանության գործակալության ղեկավար Նիկոլոզ Անթիձեն պնդում է, որ գյուղում աշխատանքներն ապօրինի են կատարվում, իսկ շենքի վթարային վիճակը չի հանդիսանում փաստարկ, որպեսզի դրան կատարվեն. «Վրաստանում շատ հուշարձաններ են գտնվում վթարային վիճակում: Դա չի նշանակում, որ կարելի է այնտեղ անել այն, ինչ ուզում են: Մենք չենք ասում՝ մի արեք, մենք ասում ենք՝ բերեք նախագիծը, կքննարկենք»:
Նրա խոսքով, բնակիչներին գրավոր ձեւով տեղեկացվել էր, որ Գործակալությունը վերականգնելու թույլտվություն չի տալիս, սակայն գյուղացիները պնդում են, որ Գործակալությունից ոչ մի պատասխան չեն ստացել:
«Նախ, ես գիտեմ, որ սա մշակութային ժառանգության հուշարձան է: Մենք ասացինք նրանց, ովքեր վերականգնողական աշխատանքներ են այնտեղ կատարում, որ դրանք անօրինական աշխատանքներ են, քանի որ բոլոր հուշարձանների վերականգնման համար թույլտվություն է տրվում Մշակութային ժառանգության պահպանության գործակալության կողմից: Նրանք չլսեցին, հիմա դատարանի միջոցով նրանց նկատմամբ կիրառվելու է տուգանք: Թե ինչպես են ընթանում աշխատանքները, դա մեկ այլ հարց է: Ամենակարեւորը, դրանք առանց թույլտվության են ընթանում: Օրենքի համաձայն դա պատժվում է: Մնացածը կախված է դատավորից», – կիսվում է Նիկոլոզ Անթիձեն:
Ըստ նրա, մերժման պատճառն այն է, որ նախագիծ չի ներկայացվել Գործակալությանը, որի համաձայն շենքը պետք է վերականգնվի:
«Ես նրանց ասացի, որ վերականգնման նախագիծ բերեն: Ոչ ոք նախագիծ չբերեց: Մեր օրենսդրության համաձայն` առանց վերականգնման նախագծի մենք չենք կարող թույլտվություն հատկացնել: Այն անպայման պետք է համաձայնեցվի մեզ հետ»:
Սակայն, նախագիծը կա, և վերականգնման աշխատանքների կազմակերպիչներից մեկը պնդում է, որ ինքն անձամբ է տարել նախագիծը և ցույց տվել Գործակալության աշխատակիցներին:
Նախագիծը տրամադրելուց հետո, բնակիչներին ասվել էր, որ անհրաժեշտ է հաստատել, թե ում սեփականությանն է պատկանում հողատարածքը, որտեղ գտնվում է եկեղեցին:
Ըստ Նիկոլոզ Անթիձեի, Գործակալությունն առաջնահերթ շահագրգռված է հուշարձանի պատմական տեսքը պահպանելու հարցում: «Սա ուղղակի բյուրոկրատիա չէ», – պնդում է նա: – Սա հուշարձանի պաշտպանությունն է նրանից, որ այն սխալ վերակառուցված չլինի, որպեսզի չկորցնենք մշակութային ժառանգությունը: Նախագծում, ուսումնասիրության մեջ, պետք է փաստաթղթորեն ներկայացվի, թե ինչ եկեղեցի է դա: Կարեւոր չէ, հայկական է, թե վրացական՝ հուշարձանը հուշարձան է: Մեր համար ամենակարեւորն այս հուշարձանի պատմական տեսքը չկորցնելն է»:
Ներկա պահին, Կորխ գյուղում եկեղեցու վերականգնման գործը դատարան է փոխանցվել: Դատավարությունը տեղի կունենա այսօր՝ մայիսի 30-ին, ժամը 12:00-ին: Վրաստանի օրենսդրության համաձայն, մեղավորներին սպառնում է տուգանք՝ մինչեւ 5 000 լարի (ֆիզիկական անձանց համար): Եթե շինարարությունը շարունակվի, տուգանքը եռապատկվում է: Եթե շինարարությունը կրկին շարունակվի, ապա այն արդեն քրեական պատիժ: