2022 թվականի սկզբից Ախալքալաքում մարդկանց վրա կենդանիների հարձակման 81 դեպքերից 77-ը շների
հարձակումներն են:
Ախալքալաքի Աղմաշենեբելի փողոցի բազմահարկ շենքի նկուղում վիրավորում ստացած շունը մի քանի օր քարշ էր գալիս հետևի ոտքերով և սովից նվվում էր: Բնակիչներից ոմանք վախենում էին անպաշտպան շնից՝ անընդհատ բողոքելով, որ նրան ոչ ոք չի տանում, իսկ ոմանք էլ կերակրում էին։ Նրանք դիմել էին տարբեր տեղեր, սակայն շունն այդպես էլ սատկել էր՝ չսպասելով օգնության։ Ախալքալաքում չկան ծառայություններ, որոնք կկարողանան օգնել նման իրավիճակներում։ Մի կողմից քաղաքի բնակիչները դատապարտված են վախենալու թափառող շներից, և դրանց հարձակումներից, մյուս կողմից՝ այս շների կյանքը սով է, սառնամանիք և մահ՝ մեքենաների անվադողերի տակ։ Կան երկրներ, որտեղ սա արդեն անցած էտապ է, մինչդեռ Վրաստանում անօթևան կենդանիների խնդրի լուծման հեռանկարները չեն երևում։
Ախալքալաքի փողոցներում տարեց տարի ավելի են շատանում անօթևան շները։ Շների ոհմակները քաղաքը բաժանել են մասերի և, Աստված մի արասցե, միայնակ շունը հայտնվի ոհմակի տարածքում… մարդու համար սարսափելի և ցավոտ է նման տեսարանը։ Ցավալի է, քանի որ նա հասկանում է, որ չի կարող օգնել միայնակ շանը, իսկ սարսափելի է, քանի որ մարդկային երևակայությունը պատկերացնում է, որ այս շան տեղում կարող է լինել նաև ինքը։ Տարեսկզբից Ախալքալաքի ՀԱԿ-ում գրանցվել է մարդկանց վրա կենդանիների հարձակման 81 դեպք, որից 77-ը՝ շների։ Կենդանիների հարձակումից տուժածներին հասցված առողջական լուրջ հետևանքների մասին հայտնի չէ:
Վատ վերաբերմունքը, հատկապես շների վրա կրակելը օրենքով պատժելի է։ Միակ բանը, որ կարելի է անել Վրաստանի օրենսդրության շրջանակներում՝ մարդկանց թափառող շներից պաշտպանելու և վերջիներիս էլ իրենց իսկ ցեղակիցների ատամներից պաշտպանելու համար, դա նրանց բռնումը, ստերիլիզացումը, կաստրացիան, պատվաստումը, նույնականացումը և իրենց բնակավայր վերադարձնելն է։ Ամեն տարի մունիցիպալ իշխանություններն Ախալքալաքի բյուջեից այդ ծառայությունների համար հատկացնում են մոտ 25 000 լարի, սակայն իրավիճակը չի բարելավվում։
Մինչեւ 2017 թվականն անօթևան շներին երբեմն ուղղակի գնդակահարում էին, սկզբունքով՝ շուն չկա՝ չկա խնդիր։ Սակայն 2017 թվականից Ախալքալաքի մունիցիպալիտետը գումար է հատկացնում շներին բռնելու համար։ Այդ ծառայությունների համար 6 տարվա ընթացքում Ախալքալաքի մունիցիպալիտետը բյուջեից հատկացրել է 132 456 լարի։
Ախալքալաքի քաղաքապետ Մելքոն Մակարյանի խոսքով՝ խնդիրը դեռևս մնում է չլուծված, քանի որ կաստրացիան չի փրկում շների ատամներից, որոնք հետ են վերադարձվում, և նրանց թիվը չի կրճատվում։
«Մենք տեսնում ենք հաշվեպիտակներով շների, բայց նրանք նույնպես բազմանում են: Խնդիրը չի լուծվում, չնայած տարեցտարի դրա համար գումար ենք հատկացնում, իսկ բնակչությունը կարծում է, որ այս ուղղությամբ մենք չենք աշխատում», – ասում է նա։
Մելքոն Մակարյանի խոսքով, այս խնդրի լուծման մեկ այլ տարբերակ է ապաստարան կազմակերպելը, սակայն դա մունիցիպալիտետի ուժերից վեր է:
«Ապաստարան բացելու համար պետք են մասնագետներ, անասնաբույժներ, համապատասխան տարածք: Սրա համար տարին մեկ անգամ գումար ենք հատկացնում, ո՞վ կհամաձայնի այս գումարի դիմաց անել այդ ամենը»,- ասում է Ախալքալաքի քաղաքապետը։
Վրաստանի տարբեր շրջաններում թափառող շների խնդիրը արդիական է՝ մի տեղ մի քիչ շատ, մի տեղ՝ մի քիչ պակաս։ Սակայն ամենուր կիրառվում է նույն մեթոդը, որն արդյունավետ չէ։
Կենդանիների պոպուլյացիայի կառավարման կենտրոնը համակարծիք է, որ խնդիրը չի կարող լուծվել բռնելու ու ստերիլիզացնելու միանվագ տենդերով։ Կենտրոնի տնօրեն Թեմուր Լաճկղեբիանիի խոսքով, կենտրոնում բոլոր պրոցեդուրաների համար 3 օր է պահանջվում։ Կենդանու ստերիլիզացման վիրահատություն է կատարվում, նրան պահում են, որ անզգայացումից հետո ուշքի գա ու կազդուրվի։ Չիպը ականջին պիտակավորելուց հետո կենդանին բաց է թողնվում ապաստարանից։
«Յուրաքանչյուր շան համար մունիցիպալիտետները ֆինանսավորում են 150 լարի, այսինքն՝ տրանսպորտավորում, վիրահատություն, ստերիլիզացում և հետ վերադարձ։ Եվ սա նվազագույն գումարն է, որ վճարվում է մեր աշխատանքի համար։ Մենք ունենք շներ, որոնք միշտ մնում են կացարանում, 15-20-ն են։ Մենք նրանց չենք վերադարձնում իրենց տեղերը, քանի որ նրանց վտանգ է սպառնում այնտեղ»,- ասում է Թեմուրը։
Վերջինիս խոսքով, մունիցիպալիտետները միջոցներ են հատկացնում հիմնականում 20-30%-ից քիչ շների բռնելու համար, բայց եթե թափառող շների 70%-ի ստերիլիզացումը չի իրականացվում, ապա դա ոչ մի ազդեցություն չունի, նրանց թիվը գնալով ավելանում է։
Թեմուր Լաճկղեբիանին հակված է կարծել, որ պետությունն անում է նվազագույնը խնդիրը լուծելու համար։ Պետք է ոչ միայն օրենք ընդունել, այլև մունիցիպալիտետներում ստեղծել ապաստարաններ, անասնաբուժական կլինիկաներ, նպաստել անասնաբույժների թվի ավելացմանը։
«Ամերիկայում շարժական մեքենաներ կան, մենք ուզում ենք, որ նմանատիպ համակարգը տեղում վիրահատություններ կատարի, որպեսզի շներին կացարաններ չտանեն: Դա հեշտացնում է աշխատանքը: Այնտեղ կան անասնաբուժական կլինիկաներ, բժիշկներ, շարժական մեքենաներ, կան ուսումնական հաստատություններ, որտեղ նրանք վերապատրաստվում են, իսկ մենք ունենք ընդամենը մի քանի ուսումնական հաստատություն, որտեղ սովորեցնում են անասնաբույժի մասնագիտությանը՝ մեկն Ախալցխայում և երկուսը Թբիլիսիում, ու վերջ»։
Փորձագետի խոսքով, այն իրավիճակը, որն այժմ տիրում է Վրաստանում, զարգացած երկրներում եղել է 40 տարի առաջ։ Եվ, եթե առաջ շարժվենք նման տեմպերով, մեզ ևս 50-60 տարի կպահանջվի այս հարցում առաջընթաց գրանցելու համար։ Նա նաև նշում է, որ կարևոր դեր ունի բնակչության մոտեցումը թափառող շների հարցում։ Թեմուրը նշում է, որ մարդիկ գոնե շներին փողոց չնետեն: Եվ դրա համար նա նշում է, որ կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի համար պատասխանատվության հետ մեկտեղ օրենսդրությունը պետք է կարգավորի նաև այս գործընթացը։
Տանը ընտանի կենդանին տեղ չունի, եթե շանը պահես տանը, ուրեմն այդ շունը պետք է լինի ազնվացեղ, իսկ բակապահ շան տեղը փողոցում է, շատ ախալքալաքցիներ հենց այդպես են մտածում։ Այնուամենայնիվ, հաճախ փողոցներում դուք կարող եք հանդիպել նաև լքված ցեղական շների, ինչպիսիք են հասկիները կամ դաչշունդները:
Միլկան վերջերս Ախալքալաքի անօթևան շներից մեկն էր, նա դաչշունդի ցեղատեսակին է պատկանում, նրան փողոցից վերցրել է Ախալքալաքի նոր բնակիչը՝ Ուկրաինայից փախստական Դարիան։ Լքելով Ուկրաինան՝ նա իր հետ բերել է հասկի ցեկատեսակի շանը՝ Նյուշային և ձյունաճերմակ կատվին՝ Պուշկային:
«Ես մտածեցի, որ կարող եմ գոնե օգնել այս փոքրիկ շանը: Նա դնչով ընկել էր ուղիղ ցեխի մեջ, նրա մի թաթը մյուսից կարճ է: Նրան բերեցի տուն, լողացրեցի, մշակեցի նրան, գնացի անասնաբուժական խանութ, գնեցի տզի դեմ դեղամիջոց»,- պատմում է Դարիա Յաբլոնսկայան։
Դարիայի համար տարօրինակ է Ախալքալաքում կենդանիների նկատմամբ վերաբերմունքը, այստեղ կենդանիներ ունեցող մարդու համար ավելի դժվար է վարձով տուն գտնելը։
«Մենք կենդանու մասին այլ պատկերացում ունենք, այսինքն՝ ընտանի կենդանիները պետք է լավ ուտեն, լավ տեսք ունենան, եթե նույնիսկ քիչ փող լինի, ես կճնշեմ իմ կարիքները, եթե կենդանուն վերցրել եմ, նույն պատասխանատվությունն եմ կրում նրանց համար, ինչ երեխաների, ես նրան դուրս չեմ շպրտի: Ես բավականին շատ գումար եմ վճարել կենդանիների համար, որպեսզի նրանց դուրս չգցեմ: Վրաստան մեկնելը ինձ շատ ավելի էժան կարժենար, եթե ես մենակ գայի երեխաների հետ»:
Ամբողջ աշխարհում թափառող շների խնդրի լուծման մի քանի մոդելներ կան՝ ինչ-որ տեղ ավելի մարդասիրական, ինչ-որ տեղ էլ՝ ավելի խիստ։ Օրինակ՝ Գերմանիայում, Ֆրանսիայում, Ավստրիայում, Շվեդիայում, Նորվեգիայում և եվրոպական մի շարք այլ երկրներում շուն պահելու համար հարկեր են նախատեսված, հարկի չափը սկսվում է 30-ից մինչև 800 եվրո՝ կախված շան ցեղատեսակից և բնակության վայրից։ Եթե շունը մարտնչող ցեղատեսակի է, հարկն ավելի բարձր է։
Մի շարք երկրներում կենդանուն փողոց նետելը խիստ վարչական իրավախախտում է, որը պատժվում է 25000 եվրո տուգանքով։ Որոշ երկրներ նախատեսում են նաև քրեական պատասխանատվություն՝ մինչև մեկ տարի ազատազրկում։ Արգելվում է նաև առանց հսկողության զբոսանքը, երբ շունը կարող է վնասել անցորդներին։ Մարտնչող ցեղատեսակի շների տերերի համար նախատեսված են հատուկ տուգանքներ զբոսանքի և խնամքի կանոնների խախտման համար՝ մինչև 50 հազար եվրո։ Այդ միջոցառումներն իրականացվում են այնպիսի զարգացած երկրներում, ինչպիսիք են Գերմանիան, Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ը, Իտալիան…
Վրաստանի կողմից իրականացվող պրոցեդուրաները, այն է՝ բռնում-ստերիլիզացում-բժշկական խնամք-նույնականացում-վերադարձ, համարվում են ամենաթանկերից և աշխատատարներից մեկը։ Նույն մեթոդը կիրառվում է Հնդկաստանում, Բանգլադեշում, Բուլղարիայում, Թուրքիայում, Հունաստանում, Թաիլանդում, Ինդոնեզիայում, Եգիպտոսում և մի շարք այլ երկրներում։
Կան երկրներ, որտեղ կիրառվում է թափառող շների դեմ ամենաարագ, ոչ թանկ և ոչ մարդասիրական միջոցը՝ գնդակահարումը, զանգվածային ոչնչացումը։ Այս մեթոդը կիրառվում է Ռուսաստանում։ Գնդակահարման դեպք է եղել նաև այս տարի Ախալքալաքում, սակայն այս դեպքը չի արձանագրվել իրավապահ մարմինների կողմից, քանի որ նրանց ոչ ոք չի դիմել հայտարարությամբ։
Կան երկրներ, որտեղ թափառող շներին բռնում և տեղավորում են ապաստարաններում, որտեղ նրանք սպասում են նոր տերերին, իսկ եթե որոշակի ժամանակահատվածում այդպիսիք չեն հայտնվում, ապա ցավազուրկ էվթանազիայի են ենթարկվում։ Էֆթանազիան դիտվում է որպես անհրաժեշտ միջոց, քանի որ ապաստարանները միշտ պետք է պատրաստ լինեն նոր կենդանիների ընդունմանը, այս երկրներում կարծում են, որ կենդանուն քնացնելն ավելի մարդասիրական է, քան նրան փողոցում թողնելն ու դաժան մահվան դատապարտելը։ Այդ մոդելը ժամանակին ներդրվել է նաև Էստոնիայում:
Էստոնիայում «Varjupaikade MTÜ» անտուն կենդանիների ապաստարանների ցանցը հիմնադրվել է 2007 թվականի սկզբին։ Իրենց գործունեության ընթացքում նրանք օգնել են նոր տուն գտնել գրեթե 14000 կենդանիների և իրենց տերերին են վերադարձրել մոտ 5600 ընտանի կենդանիների։ Jnews-ի հետ զրույցում ապաստարանի ներկայացուցիչ Աննի Անետ Մոյսամաան նշել է, որ թեև Էստոնիայում թափառող շների հետ կապված խնդիրը լիովին լուծված չէ, սակայն 2000-ականների սկզբի համեմատ իրավիճակը միանշանակ բարելավվել է։ Նա կարծում է, որ մարդկանց վերաբերմունքն ու մշակութային նորմերը կարևոր դեր են խաղում այս հարցում՝ էստոնացիները հակված են շներին ընտանի կենդանիներ համարել։ Այնտեղ թափառող կատուների խնդիրն այժմ ավելի հրատապ է, քանի որ դրանք դիտարկվում են որպես լիովին անկախ կենդանիներ։
«Ներկայումս մեր ապաստարաններում կա ավելի քան 700 կատու և ընդամենը 50 շուն: Խնդիրները կապված են շների, հիմնականում ապօրինի շատ ձագերի գործարանների և անպատասխանատու շան տերերի հետ: Շանը կացարանում պահելու համար ծախսվում է միջինը 300 եվրո:
Երբեմն մեկ շան համար անասնաբուժական ծախսերը կարող են հասնել մի քանի հազար եվրոյի։
Աննի Անետի խոսքով, այն իրավիճակը, որն այժմ Վրաստանում է, 90-ականներին տիրում էր Էստոնիայում։ Էստոնիայում 3 խոշոր ցանցային ապաստարաններ և 30 հասարակական կազմակերպություններ զբաղվում են թափառող շների խնդրով։
Էստոնիայի մունիցիպալիտետները ֆինանսապես աջակցում են կենդանիների խնամքին առաջին 14 օրվա ընթացքում: Դրանից հետո կացարան տրամադրվում է միայն նվիրատվությունների միջոցով։ Եթե 14 օրվա ընթացքում տերը չի գտնվում, ապա կացարանը որոշում է էֆթանազիայի ենթարկել կենդանո՞ւն, թե՞ նոր տուն փնտրել: Կենդանու համար նոր տուն գտնելուն միջինը երեք ամիս է պահանջվում։ Այնուամենայնիվ, ոմանք նույնիսկ տարիներ են սպասում:
Ինչպես երեւում է վերը նշվածից, խնդրի լուծման համար անհրաժեշտ է ինչպես երկրի իշխանությունների, այնպես էլ բնակչության վերաբերմունքի ու վարքագծի փոփոխություն։ Շատ առումներով բնակչության վարվելակերպը փոխվում է գործող օրենսդրության հետ միասին։ Կենդանիների պոպուլյացիայի կառավարման կենտրոնի տնօրեն Թեմուր Լաճկղեբիանին հակված է կարծել, որ այս հարցի վերաբերյալ օրենսդրությունը թերի է։ Ճիշտ է, խորհրդարանը կարծես թե աշխատում է այս ուղղությամբ, բայց առայժմ միայն աշխատում է։ Այս հարցը դեռևս հասարակության և կառավարությունում քննարկումների օրակարգում չէ, սակայն դրա պատճառով խնդիրն էլ ավելի է խորանում։