Թելավիի օդանավակայանը կարող է վերածվել միջազգայինի, այսինքն՝ ապագայում տեղական չվերթների հետ մեկտեղ կընդունի նաև միջազգային չվերթներ, հայտնում են Վրաստանի էկոնոմիկայի նախարարությունից։
Գերատեսչությունում պարզաբանել են, որ Թելավիի օդանավակայանի զարգացումը չի նշանակում, որ այն իր ֆունկցիոնալությամբ կփոխարինի Թբիլիսիի միջազգային օդանավակայանին, որը նախատեսվում է կառուցել Վազիանիում։
«Այս գործընթացը չի ազդի Թելավիի օդանավակայանի զարգացման վրա, քանի որ սկզբնական փուլում այն կծառայի որպես ներքին օդանավակայան։ Սակայն հետագայում, հաշվի առնելով ուղևորահոսքի ու պահանջարկի աճը, այն կարող է վերածվել միջազգային օդանավակայանի։ Նույնիսկ իրադարձությունների նման զարգացման դեպքում Թելավին չի դառնա Թբիլիսիի «միջազգային» օդանավակայանի հակակշիռը, այն կմնա տարածաշրջանային նշանակության օդանավակայան, որը կկարողանա ընդունել միջազգային, այդ թվում՝ չարտերային թռիչքներ»,- նշել են նախարարությունում։
Ընդգծվում է, որ վերջին տարիների վիճակագրության համաձայն՝ Վրաստանում զբոսաշրջության և ավիացիոն արդյունաբերությունը զարգանում է աճող դինամիկայով։
«Վրաստանի և նրա առանձին շրջանների համար զբոսաշրջության թիրախային շուկաներում աճող պահանջարկ կա՝ որպես զբոսաշրջիկների համար գրավիչ կենտրոններ, որոնց թվում առաջատարներից մեկն է Կախեթին։ Հաշվի առնելով այս հանգամանքները, եթե մենք տեսնենք, որ դեպի Կախեթի միջազգային չվերթների պահանջարկը զգալիորեն աճել է, ապա Թելավիի օդանավակայանում լրացուցիչ ներդրումների անհրաժեշտությունը կարող է հայտնվել կառավարության օրակարգում։ Այդ իսկ պատճառով մենք այս օդանավակայանի զարգացման առաջին փուլն իրականացնում ենք այնպես, որ դրա միջազգային վերափոխումը լինի արագ և արդյունավետ»,- նշել են գերատեսչությունում։
Հիշեցնենք, որ 2023 թվականի սեպտեմբերին նախկին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել էր, որ կառավարությունը Թելավիի պատմական օդակայանի տեղում օդանավակայան է կառուցելու։
Հաղորդվել է, որ Թելավիի օդանավակայանն իր առաջին ուղևորին կընդունի 2024 թվականի մայիս-հունիս ամիսներին։
Ծրագրի բյուջեն կազմում է մինչև 30 մլն լարի։ Թռիչքուղին ամբողջությամբ կթարմացվի՝ այն կընդլայնվի մինչև 1700 մետր, կտեղադրվեն նավիգացիոն ժամանակակից համակարգեր, կթարմացվի ողջ ենթակառուցվածքը։
Իսկ անցյալ տարվա հունիսի սկզբին կառավարության նախկին ղեկավարը հայտարարել էր Վազիանիի տարածքում միջազգային կարգի նոր օդանավակայանի կառուցման մասին։
Վրաստանի օդանավակայանների միությունը պայմանագիր է կնքել «Խմալաձեի ճարտարապետներ» ընկերության հետ, որը հաղթել է Թելավիի «Միմինո» օդանավակայանի նոր տերմինալի դիզայնի նախագծման մրցույթում։