Այրվածքների կենտրոնի ղեկավար Գուգա  Քաշիբաձեի խոսքով՝ երեխաների մոտ հաճախակիացել են արևից այրվածքների դեպքերը։

Ինչպես նա հայտնել է «InterpressNews»ին, եղել է դեպք, երբ երեխային վերակենդանացման բաժանմունքում բուժման անհրաժեշտություն է առաջացել։ Մասնավորապես, նկատվել է արևահարություն և մարմնի գերտաքացում։

«Ցավոք, նախորդ տարիների համեմատությամբ, 4-5 տարեկան տարիքային կատեգորիայի երեխաների մոտ, հատկապես փոքրերի, ավելի շատ են արևային այրվածքները։ Ունեցել ենք մեկ դեպք, երբ վերակենդանացման բաժանմունքում բուժում է պահանջվել: Նրանք զբոսաշրջիկներ էին, Բաթումիում երեխան այրվածքներ էր ստացել, հետո բուժումը շարունակել էին մեր կենտրոնում։ Բարեբախտաբար, ամեն ինչ բարեհաջող ավարտ ունեցավ։ Բացի այրվածքներից, երեխան ստացել էր գերտաքացում և արևահարություն։

Երեխաներին ավելի լավ է զերծ պահել արևից ժամը 11:00-ից 17:00-ի ընթացքում: Առավելագույնս օգտագործեք արևապաշտպան միջոցներ: Պարտադիր  է կրել բաց գույնի գլխադիր։ Արևի տակ երկար մնալը նշանակում է ոչ միայն այրվածք, այլև գերտաքացում և արևահարություն»,- նշում է Քաշիբաձեն։