Մինչ կարտոֆիլը մնում է նկուղներում և անհանգստության առիթ հանդիսանում Ջավախքի հողագործների համար, գազար գրեթե չի մնացել Ախալաքալաքի և Նինոծմինդայի այն գյուղերում, որտեղ հիմնականում զբաղվում են գազարի մշակմամբ։

Բեժանոն Ախալքալաքի շրջանի գազար աճեցնող գյուղերից է, գյուղի ներկայացուցիչ Մարտիրոս Մարտիրոսյանը ասում է, որ գյուղում արդեն գազար շատ քիչ է մնացել։

“Գյուղացիները արդեն վաճառել են, 70-80 թեթրիով։ Գյուղում արդեն չի մնացել գազար, գրեթե բոլորը վաճառել են, մի քանի տուն հազիվ է մնացել”, – ասաց Մարտիրոս Մարտիրոսյանը։

Նա նշում է, եղել են նաև մարդիկ, որ անգամ 1 լարի արժողությամբ են վաճառել։ Բերքը թե տեղում են իրացրել, թե Թբիլիսիում։

Նույն իրավիճակն է Նինոծմինդայի շրջանի Մեծ Գոնդուրա գյուղում, այնեղ նույնպես ստացած բերքը վաճառել են մինչ Նոր տարի։ Այդ իսկ պատճառով ներկա դրությամբ գյուղում գազար այլևս չի մնացել։

“Մեր գյուղում մինչև Նոր տարի վաճառել են գազարը, 80-90 թեթրիով ենք վաճառել”, – ասաց Մեծ Գոնդուրա գյուղի ներկայացուցիչ Գրիգոր Շամիլյանը։

Նշենք, որ 2023 տարվա գազարի բերքից Բեժանոյի բնակիչները գոհ էին։ Գնորդների պակաս նույնպես չի եղել։ Չնայած այն հանգամանքին, որ գազար աճեցնելը աշխատատար է և պահանջում է բավականին բարդ ձեռքի աշխատանք: Գազար մշակողները ձեռքով են ցանում, ջրում, քաղհան անում: Բերքահավաքը ևս ձեռքի աշխատանք է: Չնայած դրան Բեժանո գյուղում նախընտրում են գազար մշակել, քան թե կարտոֆիլ։

Հատկանշակն է, որ 2022 թվականին, Ախալքալաքում ոչ միայն կարտոֆիլի բերքն էր քիչ, այլ նաև մյուս բանջարեղենների՝ այդ թվում նաև գազարի։ Բեժանո գյուղում բողոքում էին ինչպես գազարի բերքատվությունից, այնպես էլ արժեքից։

Այս թեմայով կարող եք նաև կարդալ՝

Ինչպիսին է գազարի բերքի իրավիճակն Ախալքալաքում

Ոչ միայն կարտոֆիլի բերքն է քիչ, այլ նաև՝ գազարի ու բազուկի (Photo)