Ախալքալաքի մունիցիպալիտետի Բեժանո գյուղում կարտոֆիլի բերքահավաքին զուգահեռ ընթանում է գազարի հավաքի գործընթացը։ Բնակիչները գազարի բերքատվությունը գնահատում են միջին, բայց գինը շատ ցածր են համարում։
Բեժանոն Ախալքալաքի մունիցիպալիտետի այն գյուղերից է, որտեղ մեծ քանակով գազար են աճեցնում։ Որոշ բնակիչների գազարի դաշտերը հասնում են 60-80 հարի։ Այս տարի գազարի բերքն այստեղ հիմնականում վատ չէ։ Բոլորը շտապում են հավաքել, տեղավորել և պահել պահեստում մինչև ցրտերի սկսվելը:
Գազար աճեցնելը աշխատատար է և պահանջում է բավականին շատ ձեռքի աշխատանք։ Ցանելը, ջրելը, քաղհանը և բերքահավաքը՝ այս ամենը պետք է արվի ձեռքով:
Մեկ կիլոգրամ գազարը գյուղից գնում են 70-80 թեթրիով: Գնորդների պակասից չեն դժգոհում։
«Բերքս լավը չէ, գարնան անձրեւները փչացրել են գազարի ցանքատարածությունները, կարտոֆիլի դաշտերը: Երկու անգամ պարարտանյութ ենք ցողել, գազար աճեցնելը շատ դժվար է, բայց 70-80 թեթրի գինն ինձ ձեռնտու չէ: Գնորդներ կան»,- ասում է Բեժանոյի բնակիչ Վարդուհին։
Շատերը գարնանը չկարողանալով կարտոֆիլը վաճառել, որոշում են կրճատել կարտոֆիլի ցանքատարածություններն ու ավելացնել գազարի ցանքատարածությունները։
Շոթա Գրիգորյանը Բեժանո գյուղից նրանցից մեկն է, ով գազարի դաշտերն ավելացրել է: Նախկին 10 հարի փոխարեն ցանել է 20 հար։ Նա գոհ չէ այս տարվա բերքից ու գնից:
«Կարկուտն ու անձրևը փչացրել են: Ես գազարի դաշտերը շատացրել եմ ու գոհ չեմ: Գազարի ինքնարժեքը չեմ հաշվել, թե ինչ է նստել ինձ վրա: Ես չեմ հասկանում, ոնց է լինում, որ միևնույն է վարկ ենք վերցնում, որ ապրենք»,- ասում է Շոթա Գրիգորյանը։
Գազարի աճեցման ողջ գործընթացը թանկացել է: Նախկինում գազարի սերմերի մեկ տուփն արժեր 20 լարի, իսկ այս տարի գինը բարձրացել է մինչև 60 լարի։ Թանկացել է նաև աշխատուժը, գազար հավաքողները օրական 80 լարի են վերցնում՝ ավելի շատ, քան կարտոֆիլ հավաքողները։
Վանցյան Թաթոսին գազար հավաքելու գործում օգնում են հարազատները, նա մարդ չի վարձել։ Վանցյանը կարծում է, որ գազարի գինը ցածր է։
«Գնորդներ կան, բայց 60-70 թեթրին շատ քիչ է: Սկզբում 1 լարի էր, հետո գինն իջեցրին: Բերքն էլ այն չէ, ինչ սպասում էինք: Մենք սովորականի պես ցանեցինք, քանի որ կարծում էինք, որ ոչ բոլոր սերմերը կծլեին, բայց եղանակը անձրեւոտ էր, բոլորը ծիլ տվեցին, շատ խիտ էր: Գազարը շատ է, բայց խոշոր չէ: Երկու անգամ դեղ եմ ցողել: Ես դեռ չեմ վաճառել, պահեստում եմ պահում», – ասում է Թաթոս Վանցյանը։