Վարազդատ Հակոբյանը, Ախալքալաքի մունիցիպալիտետի Դադեշ գյուղից, արոտավայրերի բացակայության և պահելու թանկության պատճառով ստիպված է եղել վաճառել Հոլշտին ցեղատեսակի կովերը, որոնք սկսել է բուծել 4 տարի առաջ։ Այնուամենայնիվ, նա չի հրաժարվել կաթնատու եվրոպական ցեղատեսակներ բուծելու գաղափարից։
Jnews-ը դեռ 2019 թվականին էր գրել, որ Վարազդատ Հակոբյանը գնել է եվրոպական ցեղատեսակի կովեր և սկսում է զբաղվել նրանց բուծմամբ։ Այսօր մենք որոշեցինք պարզել, թե ինչպես է զարգացել Վարազդատ Հակոբյանի բիզնեսը։
Պարզվեց, որ Վարազդատ Հակոբյանը միջոցների սղության պատճառով չի կարողացել զարգացնել իր բիզնեսը: 2019 թվականին, նա վարկ վերցնելով և յուրաքանչյուրի համար վճարելով 6500 լարի, գնել է 15 Հոլշտին ցեղատեսակի կով։ Կովերը տարեկան 4 տոննա կաթ են տվել, բայց վերջիններս շատ են ուտում և հատուկ անասնակեր են պահանջում, նրանք նուրբ են, հատուկ խնամքի և պայմանների կարիք ունեն։
Հակոբյանները հույս ունեին, որ աջակցություն կստանան պետությունից, սակայն, ըստ նրանց, չեն ստացել։ Նրանք տեղական իշխանություններին խնդրել են իրենց արոտավայրեր հատկացնել, սակայն մերժում են ստացել։ Կովերին կերը չէր բավարարում։ Հակոբյանները չկարողացան հաղթահարել ֆինանսական դժվարությունները։
«Սենաժ, խոտ, նրանց հատուկ սնունդ է հարկավոր, իսկ մենք շատ արոտավայրեր չունեինք, որ անասնախոտ մթերեինք, դիմել էինք տեղական իշխանություններին, մեզ արոտավայրեր չհատկացրին և մենք ստիպված վաճառեցինք»,- ասում է Վարազդատի մայրը՝ Ալիսա Հակոբյանը:
Հակոբյանների ընկերությունը, որը նրանք բացել էին, կոչվում էր «Մոնի»։ Հակոբյանների խոսքով, վարկը հազիվ են մարել:
Մեկ մեծ մեքենա խոտը գնում էինք 12 000 լարիով, որը երկար ժամանակ չէր էլ բավականացնում։ Ալիսայի խոսքով, հենց այդ սնունդը տալիս էին, կաթնատվությունն անմիջապես բարձրանում էր։
«Կովերի ծախսերը հազիվ էինք փակում, բայց մենք էլ պետք է ապրեինք, եկամուտ ունենայինք, իսկ դա չկար, ահա և վաճառեցինք»,- ասում է Ալիսա Հակոբյանը։
Սակայն նրանք չեն վաճառել բոլոր 15 կովերին, այդ ցեղատեսակի երկու կով պահել են, ինչպես նաև երկու հորթ։ Կովերի վաճառքից ստացված միջոցներով մարել են 2019 թվականին վերցված ամբողջ վարկը, բացի այդ վերցրել են ևս 10 000 լարիի վարկ և գնել Շվիցական ցեղատեսակի մսակաթնատու 2 կով։
Հակոբյանները, երկրորդ անգամ ռիսկի դիմելով, նորից վախենում են, որ չի ստացվի, բայց առանց տնտեսության էլ չեն ուզում ապրել։
«Ապրելու միջոցներ չկան, գյուղական վայրում ապրել առանց անասուն պահելու անհնար է, ինչպես կարելի է գյուղում ապրել և ոչնչով չզբաղվել»,- ասում է Ալիսա Հակոբյանը։
Հակոբյանները կրկին հույս ունեն պետության աջակցության և հաջողության։
Եվրոպական կովերը Ջավախքի գոմերում