Մարտի 9-ի առավոտյան, մահվան ելքեվ վրաերթ է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Վրաստանի քաղաքացի 62-ամյա Արտյոմ Մ.-ն  իր վարած «Mercedes Viano» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Գյումրի ավտոճանապարհի 68 կմ հատվածում՝ Թալինի վարչական շրջանում, դեպի Երևան ընթանալիս վրաերթի է ենթարկել 73-ամյա հետիոտնին, ով մահացել է տեղում։ Այս մասին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի կայքը։ Վրաստանի քաղաքացի վարորդը Ախալքալաքից է։

Ինչպես տեղեկացնում է կայքը, վրաերթի ենթարկվածը մոտ 30 մ շպրտվել և հայտնվել է հանդիպակաց երթևեկելի գոտում՝ դեռևս չշահագործվող բետոնե հատվածում։ Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն։

Ըստ նույն կայքի, մահացածը աշխատում էր «Հյուսիս-հարավ» ավտոճանապարհը կառուցող ընկերությունում և նա միայնակ չի եղել, եղել է ընկերոջ հետ ու եթե ընկերը կարողացել է խուսափել, ապա մահացածը չի հասցրել, իսկ վարորդն էլ նկատել է հետիոտներին, ինչի ապացույցը արգելակման հետքերն է։

Ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Թալինի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել  է սթափ։

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի