Այսօր՝ դեկտեմբերի 24-ի առավոտյան ժամը 11:30-ին, Ախալքալաք-Արագվա ճանապարհին տեղի է ունեցել ավտովթար՝ երկու թեթև, մարդատար մեքենաների մասնակցությամբ։ Ավտովթարից տուժածներից մեկին տեղափոխում են Թբիլիսի։
Ականատեսների խոսքերով, մեքենաներից մեկն Օրջա գյուղից ուղևորվել է դեպի Ախալքալաք, իսկ մյուսը՝ հակառակ ուղղությամբ։ Բախումից խուսափելու համար առաջինը փորձել է դուրս գալ ճանապարհաեզրից, սակայն չի հասցրել։
Այն մեքենայի ուղևորների վիճակը, ովքեր ուղևորվել են դեպի քաղաք, գնահատվում է նորմալ, իսկ մյուս մեքենայի ուղևորներից մեկի վիճակը ծանր է, նրան բազմաթիվ կոտրվածքներով նրան տեղափոխում են Թբիլիսի, իսկ մյուս տուժածն Ախալքալաքի կլինիկայում ստացել է համապատասխան օգնություն և դուրս գրվել։
«Այսօր մեր մոտ են բերել երկու մարդու, նրանցից մեկի վիճակը ծանր է, ունի բազմաթիվ կոտրվածքներ, նրան ուղարկել ենք Թբիլիսի, իսկ մյուսի վիճակը նորմալ է, պետք է տուն գնա», – ասաց Ախալքալաքի հոսպիտալի մենեջեր Ալեքսան Թորոյանը։
Վրաստանի ներքին գործերի նախարարությունը քննությունը վարում է քրեական օրենսգրքի 276-րդ հոդվածի երկրորդ մասով, ինչը նշանակում է վարորդի կողմից տրանսպորտային միջոցի կամ այլ մեխանիկական տրանսպորտային միջոցի անվտանգության կամ շահագործման խախտում, ինչը մարդու առողջությանը թեթև վնսավածք է պատճառել։ Հոդվածը նախատեսում է պատիժ՝ տուգանքով կամ պայմանական՝ վեց ամսից երկու տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ ոչ ավել, քան երեք տարի ժամկետով, կամ պաշտոնավարելու կամ ցանկացած գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ երեք տարին չգերազանցող ժամկետով: