ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ասել է, որ ««Զվարթնոց» օդանավակայանից ռուս սահմանապահների դուրս գալու մասին Հայաստանը հստակ դիրքորոշում ունի»:
«Այդ մասին տեղյակ ենք պահել Ռուսաստանին. դիմել ենք պաշտոնական նամակով: Հայաստանի սահմանապահ զորքերը պետք է ամբողջությամբ իրականացնեն ծառայությունը։ Հայաստանն անկախության շրջանում տարբեր ուղղություններով կարողություններ է ձեռքբերում, և այս պահին ամբողջական կարողություն ունի այդ ծառայությունն իրականացնել»,- լրագրողների հետ զրույցում ասել է Արմեն Գրիգորյանը:
Նա նշել է, որ ներկայում Հայաստանն իրականացնում է դիվերսիֆիկացիայի քաղաքականություն.
«Ռազմական տեխնիկայի ձեռքբերումը Ռուսաստանի հետ 96%-ից իջել է 10%-ից էլ ցածր մակարդակի: Սա նշանակում է, որ Հայաստանը իրականացնում է դիվերսիֆիկացիայի քաղաքականություն և գործընկերներ է ձեռքբերում ոչ միայն Արևմուտքում, այլև՝ Ասիայում և տարբեր ուղղություններում:
Մեծ փոփոխություններ են տեղի ունենում. Հայաստանն իրականացնում է և տնտեսության, և անվտանգության, և քաղաքականության դիվերսիֆիկացիա»: