Այսօր՝ սեպտեմբերի 21-ին, Թբիլիսիում տեղի ունեցավ միջոցառում նվիրված ՀՀ անկախության օրվան: Միջոցառման կազմակերպիչը «Վրաստանի հայ համայնք» հասարակական կազմակերպությունն էր։

Կազմակերպության տարածած նախնական հաղորդագրության մեջ նշված էր, որ միջոցառումը պետք է տեղի ունենար «Ռիղե» այգում, սակայն տեխնիկական խնդիրների պատճառով, այն տեղի է ունեցել Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցու բակում։

Միջոցառման ընթացքում հնչել են Վրաստանի և Հայաստանի հիմները, Արցախի օրհներգը, ինչպես նաև ընթերցվել է Գարեգին 2-րդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի շնորհավորական ուղերձը ՀՀ անկախության օրվա առթիվ, որին հաջորդել են երաժշտական ու պարային համարներ։

«Վրաստանի հայ համայնք» ՀԿ նախագահ Արթուր Միզոյանը, ով հիշատակելով այն ոճրագործությունները, որոնք իրականացվել են հայ ազգի դեմ՝ նշեց, որ ցավոք սրտի՝ միջազգային հանրությունը և աշխարհում գործող երկակի ստանդարտները և այն անարդարությունը, որը տեղի է ունենում հիմա, ապացույցն է այն բանի, որ ուժն է ծնում իրավունք։ Եվ եթե ուզում ես, որ քո հանդեպ լինեն արդար, ապա պետք է լինես ուժեղ:

«Ոչ ոք մեր փոխարեն մեզ չի պաշտպանի, մենք պետք է գիտակցենք ու հասկանանք, որ մենք պարտավոր ենք համախմբվել»,- ասել է Միրզոյանը։

Ելույթ է ունեցել նաև Տեր Կիրակոս քահանա Սիմոնյանը, ով իր խոսքում նշել է․

«Այսօր Տերը կամեցավ կրկին անգամ տոնախմբելու այս մեր գեղեցիկ անկախության առիթը։ Փառք Աստծո, որ նա մեզ այս հնարավորությունը տվեց հավաքվելու անմիջապես եկեղեցու բակում՝ նույն մտքով, նույն հայրենական ոգով, հավատքով։ Շարունակելով պահել այն, ինչ կերտվել է ուժով, արդարությամբ, արյունով և մեծ ջանք է ներդրվել, որ այսօր ունենանք ազատ ու անկախ Հայաստանի Հանրապետություն։ Ուստի այս ընթացքը, այս 30 և ավել տարիները, կարծես թե մեզ համար չեղան միայն խաղաղության տարիներ, ամեն մի տարին արժևորվեց ինչ-որ մի պայքարով»:

Ընդգծենք, որ անկախության տոնը Հայաստանի պետական և ազգային տոներից է։ Անկախության տոնը նշվում է ամեն տարի սեպտեմբերի 21-ին։

1990 թվականի օգոստոսի 23-ին Հայաստանի գերագույն խորհուրդն ընդունել է Հայաստանի անկախության հռչակագիրը, որտեղ նշված էր, որ ՀԽՍՀ-ն կազմալուծվում և ձևավորվում է նոր պետություն՝ Հայաստանի Հանրապետությունը։ 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդն անկախության հանրաքվեի ժամանակ կողմ է քվեարկել ԽՍՀՄ կազմից դուրս գալու օգտին։ 1991 թվականի նոյեմբերին Լևոն Տեր-Պետրոսյանը ընտրվել է ՀՀ առաջին նախագահ։ Հայաստանը լիակատար անկախություն է ձեռք բերել նույն տարվա դեկտեմբերի 26-ին՝ ԽՍՀՄ կազմալուծման արդյունքում: