Հայաստանում կայացել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի դիմավորման պաշտոնական արարողությունը: Ղարիբաշվիլիին դիմավորել է նրա հայ գործընկեր Նիկոլ Փաշինյանը: Այս մասին տեղեկություն է տարածում Վրաստանի կառավարության աշխատակազմը:

«Հայաստանի կայունությունն ու ժողովրդավարական զարգացումը չափազանց կարևոր են մեր երկրի և ամբողջ տարածաշրջանի համար»,- հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին՝ Երևան կատարած այցի ժամանակ, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ մամլո ասուլիսի ժամանակ:

Ինչպես նշել է Վրաստանի կառավարության ղեկավարը, Վրաստանը միշտ կողմ է եղել Հարավային Կովկասում խաղաղ համագործակցությանը և համակեցությանը, և այս ուղին կշարունակվի նաև ապագայում:

«Ուրախ եմ ևս մեկ այց կատարելու Հայաստանի Հանրապետություն: Մեր երկրները կապված են դարավոր պատմական-բարեկամական կապերով: Վստահ եմ, որ հետագա համագործակցությունը կշարունակվի այս ոգով:

Վրաստանն ու Հայաստանը առանձնանում են մեծ պատմությամբ, ինքնատիպ մշակույթով և հետաքրքիր ավանդույթներով: Այս արժեքների վրա է, որ մեր երկրների ապագան պետք է կառուցվի, ամրապնդվի ուժեղ պետական ​​ինստիտուտներով, ժողովրդավարությամբ, բաց և թափանցիկ կառավարմամբ, տնտեսական առաջընթացով և նորարարություններով: Մենք համաձայնել ենք, որ այս ամենին կարելի է հասնել միայն խաղաղության և տարածաշրջանային կայունության պայմաններում:

Մի կողմից «Կովիդ-19» համաճարակը, իսկ մյուս կողմից՝ պատերազմը Ղարաբաղում, զգալի դժվարություններ առաջացրեց ամբողջ տարածաշրջանի համար: Մենք կարծում ենք, որ խաղաղությունը, բանակցությունները, երկխոսությունն այլընտրանք չունի:

Վրաստանը միշտ եղել է Հարավային Կովկասում խաղաղ համագործակցության և համակեցության կողմնակից, և այս ուղին կշարունակվի նաև ապագայում: Մենք պատրաստ ենք նպաստել տարածաշրջանային երկխոսությանը այնպիսի հարցերի շուրջ, ինչպիսիք են տնտեսությունը, առևտուրը, մշակույթը, հումանիտար այլ հարցեր: Վրացի ժողովուրդը ընտրել է եվրոպական և եվրաատլանտյան ուղին՝ կայունությունը, խաղաղությունը և ժողովրդավարական արժեքները ամրապնդելու համար», – ասաց Իրակլի Ղարիբաշվիլին:

Վրաստանի վարչապետի խոսքով, այսօրվա հանդիպմանը քննարկվել են համագործակցության բոլոր հիմնական ուղղությունները:

«Հայաստանի կայունությունն ու ժողովրդավարական զարգացումը չափազանց կարևոր են մեր երկրի և ամբողջ տարածաշրջանի համար: Վստահ ենք, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն բաց և թափանցիկ, և որ հայ ժողովուրդը ևս մեկ անգամ ցույց կտա իր նվիրվածությունը աշխարհի ժողովրդավարական սկզբունքներին:

Մենք նաև պատրաստակամություն հայտնեցինք շարունակել պարբերական հանդիպումները, պահպանել բարձր մակարդակի այցերի փոխանակման դինամիկան և խթանել էլ ավելի սերտ համագործակցությունը երկու երկրների արդյունաբերական գերատեսչությունների միջև»,- հայտարարել է Ղարիբաշվիլին: