Օգոստոսի 16-ին Հայաստանի պահանջով ԱՄՆ-ում տեղի է ունեցել ՄԱԿ Անվտանգության խորհրդի հրատապ նիստ՝ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման եւ Լեռնային Ղարաբաղի լիակատար շրջափակման հետեւանքով ԼՂ-ում հումանիտար իրավիճակի վատթարացման առնչությամբ։ Նյութն արտատպված է Mediamax.am-ից։

Մեդիամաքսը ներկայացնում է ՄԱԿ ԱԽ նիստում հնչած ուշագրավ ելույթներից հատվածներ:

Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյան

Լեռնային Ղարաբաղում առկա հումանիտար իրավիճակը կարող է վատթարացնել խաղաղության հեռանկարները Հարավային Կովկասի ողջ տարածաշրջանում եւ դրանից դուրս։ Լաչինի միջանցքը համաձայնեցվել է որպես Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի միջեւ կապող օղակ եւ չունի այլընտրանք։ Լաչինի միջանցքը պետք է բացվի, ինչ վերաբերում է այլ հնարավոր հաղորդակցություններին, դա պետք է լուծվի Բաքու-Ստեփանակերտ երկխոսության միջազգային մեխանիզմի շրջանակում։

Հումանիտար հարցերը պետք է լուծվեն միջազգային հանրության վճռական միջամտությամբ՝ նախքան բացասական հետեւանքները կհանգեցնեն ԼՂ ժողովրդի էթնիկ զտման։

Ըստ ԼՂ ընտրված ներկայացուցիչների՝ «սա կանխամտածված հանցագործություն է՝ պայմանավորված ցեղասպանություն իրականացնելու ակնհայտ մտադրությամբ։ Ադրբեջանի իշխանությունները նպատակաուղղված հրահրել են Լաչինի միջանցքի շրջափակումը՝ իմանալով, որ դա կհանգեցնի ԼՂ ողջ բնակչության աստիճանական ոչնչացմանը, սակայն նախընտրել են շարունակել գործողությունների նման ընթացքը»։

Նման աղետի կանխումը ՄԱԿ-ի եւ այս Խորհրդի հիմնական պարտականությունն է: Այս նշանավոր կառույցը, չնայած աշխարհաքաղաքական տարաձայնություններին, կարող է հանդես գալ որպես ցեղասպանության կանխարգելման, այլ ոչ ցեղասպանության ոգեկոչման կառույց, երբ արդեն շատ ուշ կլինի:

ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցչի առաջին տեղակալ Դմիտրի Պոլյանսկի

Մենք մտահոգված ենք, որ շարունակվում է Լաչինի միջանցքի արգելափակումը: Ներկայում ավելի քան երբեւէ տեղում քայլեր են անհրաժեշտ՝ թոթափելու լարվածությունը Լեռնային Ղարաբաղի շուրջ, մասնավորապես, դադարեցնել Լաչինի միջանցքի արգելափակումը եւ օգտագործել մարդասիրական այլ ճանապարհներ: ՌԴ-ն ամեն ջանք գործադրում է, որպեսզի հանգուցալուծվի այս ճգնաժամը։

Հայաստանի եւ Ադրբեջանի հաշտեցումը հնարավոր չէ, եթե հստակ անվտանգության եւ իրավունքների երաշխիքներ չլինեն ԼՂ բնակիչների համար՝ միջազգայնորեն ճանաչված սկզբունքների հիման վրա՝ Ադրբեջանի օրենքների համատեքստում: Այդ տրամաբանությունը բխում է վերջին համաձայնություններից: Յուրաքանչյուր կողմ ճանաչում է մյուսի տարածքային ամբողջականությունը՝ Ալմա-Աթիի հռչակագրի համաձայն:

Հուլիսի 25-ին Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների բանակցությունների ժամանակ ռուսական կողմն իրատեսական փոխզիջումներ է առաջարկել: Դա ենթադրում է զուգահեռ մարդասիրական միջանցքի բացում՝ Աղդամով եւ Լաչինով՝ քաղաքացիական անձանց եւ բեռների տեղաշարժի համար, որպեսզի արագ վերսկսվի երկխոսությունը ԼՂ բնակիչների ներկայացուցիչների եւ Բաքվի ներկայացուցիչների միջեւ։

ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Լինդա Թոմաս-Գրինֆիլդ

Մենք խորապես մտահոգված ենք, որ Լանչինի միջանցքը փակված է: Ծանրացել է հումանիտար իրավիճակը: Մարդիկ չպետք է այդ վիճակում մնան: Ադրբեջանի կառավարությանը կոչ ենք անում վերականգնել Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժը: Առեւտրային, մարդասիրական եւ անձնական տրանսպորտային միջոցները պետք է կարողանան հասնել ԼՂ բնակչությանը։ Մենք նաեւ ի գիտություն ենք ընդունում, որ հնարավոր է փոխզիջումների գնալ այլ լրացուցիչ ուղիների հարցում՝ մարդասիրական մատակարարումների համար: Չեզոք, անկողմնակալ, մարդկային եւ անկախ մարդասիրական հասանելիությունը եւ աջակցությունը, այդ թվում՝ առողջապահական, չպետք է խոչընդոտվեն:

Խաղաղությունը տարածաշրջանում պետք է ներառի Լեռնային Ղարաբաղում բնակվողների իրավունքների եւ անվտանգության պաշտպանություն: Կոչ եմ անում զսպվածություն ցուցաբերել եւ անմիջապես դադարեցնել բոլոր գործողությունները, որոնք խաթարում են խաղաղության գործընթացը: Բանակցությունները կենսական դեր ունեն մնայուն խաղաղության հասնելու գործում։ Բոլոր կողմերին երկխոսության գնալու կոչ ենք անում, այդ թվում՝ Բաքվի պաշտոնական անձանց եւ Լեռնային Ղարաբաղի բնակչության ներկայացուցիչների միջեւ:

ՄԱԿ-ում ԵՄ պատվիրակության գործերի հանձնակատար Սիլվիո Գոնցատո

Մարդասիրական ապրանքների առաքումը չպետք է քաղաքականացվի որեւէ նպատակով: Անմիջապես պետք է բացել տեղաշարժը Լաչինի միջանցքով: Անհրաժեշտ է, որ Ադրբեջանի իշխանություններն անհապաղ քայլեր ձեռնարկեն՝ ապահովելով քաղաքացիներին ապրանքների մատակարարումը Աղդամով։ Այնուամենայնիվ, դա չպետք է դիտարկվի որպես տարբերակ՝ չբացելու Լաչինի միջանցքը: Պնդումները պետք է ուղղված լինեն բնակչության անվտանգությանը եւ իրավունքների ապահովմանը, եւ խրախուսվեն հայերի եւ Բաքվի միջեւ երկխոսությունը:

Անհրաժեշտ է հանձնառու լինել բանակցային արդյունքներին եւ ձգտել փոխադարձ վստահության ձեւավորմանը: Լեռնային Ղարաբաղի հայերի համար ներկայիս վատթարացող մարդասիրական իրավիճակը վնասում է խաղաղության գործընթացին: Մարդասիրական խնդիրները պետք է լուծվեն եւ կոնկրետ քայլեր պետք է անհապաղ ձեռնարկվեն:

ՄԱԿ-ում Ադրբեջանի ներկայացուցիչ Յաշար Ալիեւ

Պետք է հերքեմ բոլոր այդ չհիմնավորված մեղադրանքները շրջափակման, մարդասիրական ճգնաժամի վերաբերյալ, որոնք Հայաստանը տարածում է իմ երկրի դեմ։ Այն, ինչ Հայաստանը փորձում է ներկայացնել որպես մարդասիրական խնդիր, իրականում սադրիչ եւ անպատասխանատու քաղաքական արշավ է, որի նպատակն է սասանել իմ երկրի տարածքային ամբողջականությունը:

Հայաստանը հետ կանգնեց օգոստոսի 9-ին Աղդամի ճանապարհով մարդասիրական օգնություն հասցնելու պայմանավորվածությունից, որը ձեռք էր բերվել վերջերս: Հայաստանը քաղաքականացնում է ԿԽՄԿ-ի՝ մարդասիրական այս կառույցի գործունեությունը, վտանգավոր փորձ է անում մարդասիրական առաքելությունը ծառայեցնել քաղաքական նպատակներին՝ կանխելով տեղի էթնիկ հայ բնակիչների վերաինտեգրումն Ադրբեջանին: Հայաստանն է դիտավորյալ խոչընդոտում դիվանագիտական ջանքերը: Միայն մեկ բացատրություն դա կարող է ունենալ, Հայաստանը չի ցանկանում լուծման մաս լինել:

Ադրբեջանի Ղարաբաղ շրջանը Ադրբեջանի՝ միջազգայնորեն ճանաչված մաս է, եւ այնտեղ ապրող էթնիկ հայերը համարվում են Ադրբեջանի բնակիչներ: Ադրբեջանի կառավարությունը հաստատակամ է ապահովելու այդ բնակիչների համար անհրաժեշտ ապրանքների հասանելիությունը եւ պատշաճ կենսապայմաններ ձեւավորել նրանց համար:

Լաչինի միջանցքը Ադրբեջանի ինքնիշխան տարածք է, իսկ սահմանային անցակետ տեղադրվել է՝ երաշխավորելու Ադրբեջանի ինքնիշխանությունը եւ կանխելու Հայաստանի կողմից այդ ճանապարհի շարունակական եւ կոպիտ չարաշահումը ռազմական անօրինական տարբեր գործողությունների համար: Անցակետը չի խոչընդոտել քաղաքացիական անձանց տեղաշարժը Լաչինի ճանապարհով: