Օդերևութաբանների կանխատեսումների համաձայն՝ փետրվարի 15-ից 17-ը Վրաստանում սպասվում է ձյուն։ Ախալքալաքի քաղաքապետ Մելքոն Մակարյանը կոչ է անում Ախալքալաքի շրջանի հեռավոր գյուղերի բնակչությանը, ովքեր բժշկական օգնության կարիք ունեն, կանխատեսել տեղաշարժի դժվարությունների հավանականությունը առատ ձյան արդյունքում և նախապես գալ Ախալքալաք, որտեղ նրանց համար ավելի հեշտ կլինի բժշկական օգնություն ստանալը։

Ելնելով փետրվարի 6-ի առատ ձյան և բուքից հետո ստեղծված իրավիճակից, երբ գյուղական ճանապարհները մի քանի օր անընդմեջ դժվարանցանելի էին, քաղաքապետը խնդրում է բնակչությանը ժամանակից շուտ հոգալ դրա կարիքն ունեցողների տեղաշարժի համար։

«Արդեն որերորդ անգամ ձյան առատ տեղումներն ու բուքը ժամանակավորապես անհնարին են դարձնում գյուղական ճանապարհներով տեղաշարժը: Մեզ դիմել են Ախալքալաքի գյուղերի բնակիչները, ովքեր բուժօգնության կարիք ունեին, սակայն ուժեղ քամին և ձյունը մաքրման աշխատանքներն անիմաստ ու անհնար դարձրեցին: Քանի որ տեխնիկայի մաքումից հետո ճանապարհը հաշված րոպեների ընթացքում կրկին լցվում էր ձյունը: Հարգելի բնակիչներ, հետևեք 112-ից ստացվող հաղորդագրություններին, եթե բժշկական օգնության կարիք ունեք, նախօրոք եկեք քաղաք, որտեղ հնարավոր է ձեզ հասցնել բուժհաստատություն»,- ասում է Մելքոն Մակարյանը։