Հունվարի 29-ին Վրաստանի հանրային պաշտպանի Ախալքալաքի տարածաշրջանային գրասենյակում տեղի է ունեցել հանդիպում Ջավախքի հասարակական կազմակերպությունների հետ, որի ժամանակ ՄԻՊ ներկայացուցիչները զեկուցել են իրենց գործունեության նոր ուղղությունների մասին և տեղի հասարակական կազմակերպություններին հրավիրել են ակտիվորեն համագործակցել:
ՄԻՊ գրասենյակում տարածաշրջանային վարչության պետ Թեմուր Քորիձեն, ինչպես նաև Ախալքալաքում օմբուդսմենի ներկայացուցիչներ՝ Սալոմե Կուլջանիշվիլին և Անդրանիկ Բաղդասարյանը պատմեցին Հանրային պաշտպանի գրասենյակի աշխատանքի նոր ուղղությունների մասին, ինչպես նաև տեղեկացան մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում նոր խնդիրների մասին, որոնց հետ բախվում են Ջավախքի բնակչությունը և հասարակական կազմակերպությունները:
Ըստ ներկայացուցիչների, Հանրային պաշտպանի գրասենյակը փոխել է ուղղությունը ՄԻՊ տարածաշրջանային գրասենյակներում՝ ամբողջովին անցնելով խնդրահարույց հարցերի բացահայտմանը: Վերոնշյալ հարցերի ուսումնասիրությամբ զբաղվում է Կենտրոնական գրասենյակը, ուստի տարածաշրջանային գրասենյակներին ավելի շատ ժամանակ է հատկացվել, ոպրեսզի այստեղ այդ ժամանակը ծախսեն գյուղերում տարբեր խմբերի հետ փոխհարաբերությունների և ակտիվ հանդիպումների վրա:
«Ուստի մենք որոշեցինք, որ գերակայություններից մեկը տեղում լինելու են հասարակական կազմակերպությունները և լրատվամիջոցները: Հնարավորինս ամուր փոխհարաբերություն հիմնել, որպեսզի համատեղ նախագծեր իրականացվեն, որպեսզի հնարավոր լինի միասին աշխատել նախագծերի շուրջ, իրար տեղեկացնենք և ընդհանուր տեսլական ունենանք այն հարցերի շուրջ, որոնք տարիներ շարունակ չեն լուծվում: Երկրով մեկ հիմնական գերակայությունը հանդիպումներն է գյուղի բնակչության հետ և ակտիվ այցերը գյուղեր», – Jnews-ին տված հարցազրույցում ասել է Թեմուր Քորիձեն:
Ըստ նրա, 2019-ին այցեր են կատարվել 600 գյուղեր արևելյան Վրաստանում, Հանրային պաշտպանի գրասենյակն այս տարի պատրաստվում է ավելացնել գյուղեր այցելությունների քանակը, որտեղ չեն եղել Հանրային պաշտպանի և այլ պետական հաստատությունների ներկայացուցիչները և այդ գյուղերի բնակիչներին ծանոթացնել Մարդու Իիրավունքների Պաշտպանի գործունեությանը և միաժամանակ ծանոթանալ նրանց խնդիրներին:
«Մենք ցանկություն ունենք ուշադրություն դարձնել տեղական բյուջեին, թե որքանով է սոցիալական նախագծերում գենդերային հարցը հաշվի առնված անցյալ և նախանցյալ տարիների բյուջեներում: Ինչպե՞ս է դա հաշվի առնվելու այս և հաջորդ տարի, որևէ բան փոխվել է արդյո՞ք: Մենք հնարավորինս կփորձենք վերահսկել տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեն: Մենք ուզում ենք տեսնել, արդյոք հաշվի են առնվել անցած տարվա Հանրային պաշտպանի հանձնարարականները գենդերային բյուջետավորման առնչությամբ: Ինչ վերաբերում է բյուջեին, ապա կարևորագույն մասն այն է, որ մենք ուզում ենք ճշտել, թե բնակչությունը որքանով է ներգրավված բյուջետավորման գործընթացում, և օրենքով ինչ իրավունքներ ունեն: Քանի որ տեղական ինքնակառավարման մարմինները պարտավոր են տարին երկու անգամ խորհրդակցել բնակչության հետ` բյուջետավորման ժամանակ առաջնահերթություններ սահմանելու հարցում», – ասում է ՄԻՊ գրասենյակի տարածաշրջանային դեպարտամենտի նախագահ Թեմուր Քորիձեն: