Մառնեուլիում կայացած «Սխվա Սաքարթվելո սադ արիս» (Որտեղ կա ուրիշ Վրաստան) վրացական երգի մրցույթ-փառատոնի դափնեկիրների գալա համերգին Ախալքալաքի երաժշտական դպրոցի երգչախումբը և աշակերտուհին մրցանակային հորիզոնականներ են զբաղեցրել:
Մրցույթ-փառատոնին Ախալքալաքի երաժշտական դպրոցի երգչախմբի ավագ խումբը՝ ուսուցչուհի Միրա Այվազյանի գլխավորությամբ, զբաղեցրել է 3-րդ՝ պատվավոր հորիզոնականը։ Ինչպես նաև Ախալքալաքի երաժշտական դպրոցի սան Անգելա Աստվածատուրյանը «Մեներգ» անվանակարգում գրավել է 2-րդ պատվավոր տեղը։
«Սա դափնեկիրների գալա համերգն էր, մեզ հրավիրել էին: Համերգին մասնակցում էին վրացական «Որտեղ կա ուրիշ Վրաստան» երգի փառատոնի բոլոր հաղթողները։ Շատ ուժեղ մասնակիցներ կային։ Մենք ուրախ ենք, որ մեր երեխաները գրավել են հաղթական տեղեր»,- ասում է երաժշտական դպրոցի տնօրեն Սվետլանա Կարոյանը։
Վրաստանի Մշակույթի և սպորտի նախարարության և Քվեմո Քարթլիի շրջանային վարչակազմի աջակցությամբ՝ «Դեմոս» կազմակերպությունն անցկացրել է «Որտեղ կա ուրիշ Վրաստան» մրցույթ-փառատոնը։
Նշենք, որ Քվեմո Քարթլիի շրջանում արդեն երրորդ տարին է, ինչ անցկացվում է «Որտեղ կա ուրիշ Վրաստան» փառատոնը։ Միջոցառման շրջանակներում շրջանի բոլոր մունիցիպալիտետներում անցկացվում են վրացի հայտնի արվեստագետների վարպետաց դասեր։ Փառատոնի նպատակն է հանրահռչակել վրացական ավանդական երգերը և նպաստել ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների ինտեգրման գործընթացին։
Հատկանշական է, որ Ախալքալաքի երաժշտական դպրոցում սովորում են բազմաթիվ տաղանդավոր երեխաներ, սակայն դպրոցի հնարավորություններն ու պայմանները չեն համապատասխանում չափանիշներին։ Խորհրդային շրջանի շենքը կապիտալ վերանորոգման կարիք ունի: Սա պետական կառույցների շարքում միակ վթարային շենքը չէ։ Սարսափելի վիճակում է նաև Ախալքալաքի Մշակույթի տունը: Տեղական իշխանությունները բավարար բյուջե չունեն այդ հաստատությունները վերանորոգելու համար, իսկ պետությունը դրան պատշաճ ուշադրություն չի դարձնում։
Հիշեցնենք, որ դպրոցում երաժշտական կրթություն է ստանում 161 երեխա:
Կարդացեք նաև՝
Ախալքալաքի Երաժշտական դպրոցը կարիք ունի վերանորոգման
Ավելի քան չորս տասնամյակ վերանորոգման «կարոտ» մշակույթի տունը