Այսօր՝ փետրվարի 13-ին, մայրաքաղաք Թբիլիսիում գործող Հայ Առաքելական եկեղեցիներում ևս նշեցին Տեառնընդառաջի տոնը։ Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցում Վիրահայոց թեմի առաջնորդ, Գերաշնորհ Տեր Կիրակոս Եպիսկոպոսի հանդիսապետությամբ տեղի ունեցավ նորապսակների օրհնության կարգ:
5

Նախ եկեղեցու բակում վառվեց Տեառնընդառաջի կրակը, ներկաները շուրջպար բռնեցին, պարեցին հայկական երաժշտության ներքո, իսկ կրակի թուլանալուն պես զույգերը սկսեցին ցատկել կրակի վրայով: Եկեղեցու բակում կազմակերպվել էր նաև քաղցրավենիքի հյուրասիրություն, որին հետևեց տոնական հրավառություն:
2

Հայկական ավանդական այս տոնը հետաքրքրել էր նաև օտարերկրացիներին, Տեառնընդառաջին մասնակցում էին տարբեր ազգի ներկայացուցիչներ, նրանք ներկաներից տեղեկանալով տոնի խորհուրդի մասին իրենք ևս ցատկում էին խարույկի վրայով։

7

Առաքելական Սուրբ Եկեղեցին Տեառնընդառաջը կամ 40-օրական Հիսուսի ընծայումը տաճարին տոնում է Աստվածահայտնությունից 40 օր հետո` փետրվարի 14-ին: Հայ Եկեղեցու կանոնի համաձայն՝ տոնի նախօրեին, երեկոյան ժամերգությունից հետո կատարվում է նախատոնակ: Այն ավետում է Տերունի տոնի սկիզբը: Նախատոնակի արարողության ավարտին կատարվում է Անդաստանի արարողություն, որի ընթացքում օրհնվում են աշխարհի չորս ծագերը: Եկեղեցու կանթեղներից վերցված կրակով վառվում են խարույկներ՝ իբրև Քրիստոսի լույսի խորհրդանիշ:

4

Տերունի այս տոնը հիշատակում է 40-օրական Հիսուսի ընծայումը Տաճարին:

Ըստ հրեական օրենքի` ամեն մի արու զավակի ծնունդից հետո, երբ լրանում էին սրբագործման 40 օրերը, նորածնի մայրն իր երեխայի հետ այցելում էր Տաճար, զոհ մատուցում եւ իր զավակի համար օրհնություն ստանում քահանայից: Այսպես և ս. Աստվածամայրը 40-օրական Հիսուսի հետ ներկայանում է Տաճար: