Այսօր, ապրիլի 22-ին Ջավախքի Գումբուրդո գյուղում միաժամանակ նշեցին երկու կարևոր իրողություն՝ կրկնազատիկ և նոր Սուրբ Խաչ եկեղեցու բացում:

Առավոտից Գումբուրդո գյուղը մարդաշատ էր: Բոլորը շտապում էին գյուղի բարձունքում գտնվող նոր եկեղեցի հասնել: Բնակիչների երկար տարիների երազանքն այսօր իրականություն դարձավ, վերջապես օծված եկեղեցի ունեն, որտեղ կարող են աղոթք անել և մոմ վառել: Սուրբ Խաչ եկեղեցին կառուցվել է եղբայրներ Սայաթ և Խաչիկ Սահարյանների բարերարությամբ:

Gumburdo

Վիրահայոց թեմի առաջնորդի ձեռամբ և մասնակցությամբ Սամցխե-Ջավախքի և Ծալկա տարածաշրջանի առաջնորդական փոխանորդի, հոգևոր դասի կողմից օծվեց Սուրբ Խաչ եկեղեցին: Այնուհետև առաջին անգամ պատարագ մատուցվեց նորաօծ եկեղեցում:

G14

G13

«Մինչև հիմա 10-րդ դարի եկեղեցու ավերակների մեջ է կատարվել աղոթք, գյուղը կարիք ուներ եկեղեցու, գուցե այս եկեղեցին չի կարող ամբողջական բավարարել բնակչությանը իր չափերի պատճառով, սակայն շատ խորհրդավոր է ու անհրաժեշտ, լինելը ավելի լավ է չլինելուց, և այս եկեղեցին կառուցվեց հենց այդ նպատակով: Մեր ժողովուրդը այստեղ հարյուրավոր տարիներ իր ուխտն է արել և շարունակելու է աղոթք բարձրացնել առ Աստված: Իմ օրհնությունն այս գյուղին ու բարեպաշտ ժողովրդին»,- այս խոսքերով ժողովրդին դիմեց Վիրահայոց թեմի առաջնորդ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը:

G18

Ապրիլի 22-ն երկակի տոն էր Գումբուրդո գյուղի համար, քանի որ նշում էին նաև կրկնազատիկը, կամ ինչպես գյուղացիներն են ասում՝ կանաչ կիրակին:

Ժողովրդական և աշուղական երգերի նվագակցության ներքո գումբուրդոցիները երգում ու պարում են: Տարվա նորահարսների սկեսուրները երաժշտություն են պատվիրում և պարի հրավիրում հարսներին: Սկեսուրները ժողովրդական լեզվով ասած «շաբաշ» են տալիս հարսներին, ջահել աղջիկներին և պարացնում: Այն կանայք, ովքեր պարելուց գետնին են նայում, նշանակում է, որ հենց նրանք են նորահարսները:

Տոնական օրը գեղեցիկ կատարումներով ամբողջացրին Հայաստանի Պոլիտեխնիկական համալսարանի «Սասուն» ազգային երգի և պարի համույթը և տեղի «Վաչիան» պարային համույթի սաները:

Տիրոջ հարությունը կրկնակի անգամ է նշվում: Հիշվում է, որ եկեղեցին հաստատվեց, հիմնվեց, աճեց և զորացավ: Ամեն մարդ նախ պետք է իր հոգու մեջ Քրիստոսի Հարությանը հավատա և կնքվի այդ հավատքով ու խորհրդով: Այս գյուղը լավագույնս պահպանում է հնագույն ավանդույթներն ու եկեղեցական ծեսերը:
G12

G17

G10

Նշենք, որ Գումբուրդո գյուղը նշանավոր է 10-րդ դարում կառուցված, մինչև օրս կանգուն, կոթող տաճարով, որը հիմա գտնվում է վերականգնման ընթացքում:
G11

G16

G15

G9

G8

G5

G4

G3

G2

G19

Ջուլիետա Տոնականյան
Քրիստինե Մարաբյան
Աղունիկ Այվազյան