Երեկ՝ հուլիսի 11-ին, Ախալքալաքի մունիցիպալիտետի սակրեբուլոյում տեղի ունեցավ բյուրոյի նիստ, որում քննարկվեց երկու հարց. մեկը մունիցիպալիտետում բանկոմատների ավելացման անհրաժեշտության մասին էր, իսկ երկրորդը՝ «Վրաստանի բժշկական հոլդինգին» փոխանցված մունիցիպալիտետի ամբուլատորիաների։
Թոշակառուները դժգոհում են, որ թոշակը ստանալու համար, ամեն ամիս հերթ են կանգնում։ Թոշակի օրերին բանկոմատների մոտ մեծ հերթեր են գոյանում: Թոշակառուներն իրենց կենսաթոշակի համար հերթ են կանգնում ինչպես բանկոմատների մոտ, այնպես էլ հենց բանկի դրամարկղերում:
Հարցը քննարկելուց հետո պատգամավորները որոշեցին նամակ ուղարկել LIBERTY բանկի տնօրինությանը` մունիցիպալիտետում բանկոմատների քանակն ավելացնելու խնդրանքով։ Նրանք նաև նամակ կուղարկեն TBC և Սաքարթվելո բանկերի ղեկավարությանը։
Նշենք, որ մունիցիպալիտետում գործում է ընդամենը երեք LIBERTY բանկի բանկոմատ, երկուսը բանկում, երրորդը՝ քաղաքապետարանի շենքում։
Օրակարգի երկրորդ հարցը վերաբերում էր մունիցիպալիտետի կողմից «Վրաստանի բժշկական հոլդինգին» փոխանցված բուժհաստատություններին: Տարեսկզբից մունիցիպալիտետն ուզուֆրուկտի իրավունքով 7 բուժկետ է փոխանցել հոլդինգին, ևս 5-ը պետությանը՝ հետագայուն «Վրաստանի բժշկական հոլդինգին» փոխանցման համար։
Հոլդինգը խնդրել է իր սեփականությանը հանձնել Բարալեթ գյուղի բժշկական կենտրոնը, ինչն էլ առաջացրել է բնակչության դժգոհությունը։
Պատգամավորները, քննարկելով հարցը, որոշեցին նաև նամակ ուղարկել Հոլդինգի ղեկավարությանը, որպեսզի տեղական իշխանություններին տեղեկացնեն, թե 7 ամիս Հոլդինգին հանձնված ամբուլատորիաներում ինչ աշխատանքներ են տարվել, և ինչ աշխատանքներ են նախատեսվում իրականացնել հետագայում այս ամբուլատորիաներում:
Գյուղերը, որոնց ամբուլատորիաներն արդեն փոխանցվել են.
Մաջադիան, Դիլիսկան, Զակը, Ղադոլարը, Արագվան փոխանցվել են պետության սեփականությանը, հետագայում «Վրաստանի բժշկական հոլդինգին» փոխանցման համար։
Ազավրեթ, Բարալեթ, Գոգաշեն, Էխտիլա, Ալաստան, Կարտիկամ, Կումուրդո. այս գյուղերում ամբուլատորիաներն որպես ուզուֆրուկտի օբյեկտ փոխանցվել են Հոլդինգին։