Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետարանի շենքում պտուտադռնակներ (տուրնիկետ) կան, որոնք գրանցում են շենք մուտք գործող եւ շենքից դուրս եկող աշխատակիցների տվյալները։ Վրաստանի պետական ծառայության բյուրոյի որոշմամբ, պտուտադռնակներ կտեղադրվեն Վրաստանի բոլոր մունիցիպալիտետներում։ Ախալքալաքի քաղաքապետարանը պտուտադռնակների տեղադրման վրա ծախսել է 14 915 լարի։

Մարտի վերջին Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետարանի շենքի մուտքի մոտ երկու պտուտադռնակ է տեղադրվել։ Մեկը՝ քաղաքապետարանի աշխատակիցների մուտքն ու ելքը վերահսկելու համար, մյուսը՝ քաղաքացիների։ Աշխատակիցների և այցելուների տեղաշարժը վերահսկվում է անվտանգության աշխատակիցների կողմից։

Պտուտադռնակների տեղադրման նպատակն է վերահսկել աշխատողների կարգապահությունը, նրանց աշխատանքային ժամերը։

«Երբ աշխատողը մտնում է, անցաթուղթը դրվում է սարքի վրա, նրա տվյալները ավտոմատ կերպով գրանցվում են տվյալների բազայում, նույնը տեղի է ունենում դուրս գալուց: Այսկերպ վերահսկվում է հանրային աշխատողների կարգապահությունը: Եթե աշխատողի բացակայությունը հարգելի պատճառ ունի, մենք ներկայացնում ենք համապատասխան փաստաթուղթ»,- ասաց Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետարանի աշխատակազմի պետ Վոլոդյա Յայլոյանը:

Տվյալները գրանցված են «Նյուտեկի» ՍՊԸ-ի տվյալների բազայում, որը ստեղծվել է Հանրային ծառայության բյուրոյի կողմից։ Կարգապահությունը խախտելու դեպքում աշխատողի աշխատավարձը կարող է նվազել։

Յայլոյանի խոսքով, այս գործընթացը նոր է սկսվել, և Հանրային ծառայության բյուրոյի կողմից դեռ որևէ գործողություն չի եղել։