Ախալքալաքի մունիցիպալիտետի Սակրեբուլոյի հաստիքացուցակում այս տարի փոփոխություններ են կատարվել։ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում կատարված փոփոխությունների համաձայն, Ախալքալաքի Սակրեբուլոյի մեկ փոխնախագահի փոխարեն նշանակվել են երեքը՝ մեկը գլխավոր տեղակալն է, մյուս երկուսն՝ ուղղակի տեղակալներ։
Այս տարի Ախալքալաքի մունիցիպալիտետի Սակրեբուլոն առաջին նիստում մեկի փոխարեն ընտրել է Սակրեբուլոյի երեք փոխնախագահի։ Գլխավոր տեղակալը, ինչպես և նախորդ գումարման ընթացքում, դարձավ Գայոզ Լոմսաձեն, իսկ մնացած երկու տեղակալների տեղերը զբաղեցրին Էդուարդ Աղասարյանն ու Համլետ Մովսիսյանը։
«Նախկինում, եթե մունիցիպալիտետի բնակչությունը գերազանցում էր 100 հազարը, այն ժամանակ Սակրեբուլոյի նախագահն ուներ 2 տեղակալ, այժմ օրենքի փոփոխություններից հետո բոլոր մունիցիպալիտետներում, անկախ բնակչության թվից, թույլատրվում է ունենալ երեք տեղակալ։ Գործառույթը նախագահին փոխարինելը չէ, նրանք կստանձնեն վարչական գործառույթները, իսկ նախագահը կզբաղվի հանձնաժողովներով»,- պարզաբանում է տեղական ինքնակառավարման փորձագետ Կոտե Կանդելակին։
Սակրեբուլոյի նոր փոխնախագահների աշխատավարձը 1350 լարի է։ Գլխավոր տեղակալը ստանում է 1920 լարի։ Սա 2021 թվականի դեկտեմբերի աշխատավարձն է։ Հաջորդ 2022 թվականին այդ գումարը պետք է ավելանա 10 տոկոսով, քանի որ հաջորդ տարի պետական ծառայողների աշխատավարձերը կբարձրանան։