Ախալքալաքի մունիցիպալիտետում արդեն մի քանի տարի է ակտիվ ընթացքի մեջ է գյուղերում աղբամաններ տեղադրելու գործընթացը: Ներկա դրությամբ մունիցիպալիտետի 16 գյուղում տեղադրված է աղբամանների բավարար քանակ և ըստ այդմ՝ բնակիչները վճարում են աղբահանության համար, մնացած գյուղերում ևս կան, սական ոչ բավարար քանակով: 2023 թվականին բնակչությունն ընդհանուր աղբահանության համար վճարել է 141 հազար լարի:
Ախալքալաքի մունիցիպալիտետում աղբահանության համար 2022 թվականի մայիսին սակրեբուլոյի ընդունված որոշման համաձայն՝ մեկ անձի վճարը 0.50 թեթրի է կազմում, սակայն, եթե ընտանիքում ապրում է 4-ից ավել մարդ, ապա պետք է վճարեն միայն 4 անձի համար, այսինքն՝ ամիսը երկու լարի է կազմում։
2023 թվականին մունիցիպալիտետի 16 գյուղից և Ախալքալաք քաղաքից աղբահանության համար գանձվել է 68 000 լարի, իսկ իրավաբանական անձանցից՝ 73 000 լարի։ Ախալքալաքի սպասարկման կենտրոնի տնօրեն Մխիթար Ռստակյանն ասում է, որ ամեն տարի հավքագրվող գումարի չափն ավելանում է, քանի որ կամաց-կամաց շատանում է նաև այն գյուղերի քանակը, որտեղ տեղադրվում են աղբամանների բավարար քանակ, և այդ գյուղերի բնակիչները նույնպես սկսում են աղբահանության համար վճարել:
Ռստակյանը հավելում է՝ վերոնշյալ որոշումն ընդունելուց առաջ, աղբահանության համար ընտանիքի բոլոր անդմաներն են վճարել։
«Մնեք ունենք ցանկ, ըստ որի հավաքվում է աղբի գումարը, ինչպես նաև այդ ամենը կատարվում է կտրոնով։ Համարակալած կտրոնները մենք վերցնում ենք հարկայինից, մի կտրոնը երկու մասից է բաղկացած, մեկը տալիս ենք վճարողին, մյուսը մնում է մեր մոտ», – ասում է Մխիթար Ռստակյանը։
Վերջինս նաև չի հերքում, որ կան մարդիկ, ովքեր հրաժարվում են վճարել աղբահանության դիմաց, սակայն նրանք այդպիսի մարդկանց դեմ ոչինչ չեն կարող անել, քանի որ օրենքով սահմանված ոչ մի պատժամիջոց չկա։
Գյուղերում և քաղաքում աղբահանության գումարի հավաքման կոնկրետ օր չկա, կա գյուղ հավաքում են մեկ տարվա ընթացքում մեկ անգամ, կա՝ երկու անգամ։ Սպասարկման կենտրոնն ընդհանուր առմամաբ 18 աշխատկից ունի, ովքեր մունիցիպալիտետի 16 գյուղերում և քաղաքում հավաքում են աղբահանության վճարը։
Այս թեմայով կարդացեք՝ Պետական աուդիտի բացահայտումը Ախալքալաքում աղբահանության վճարի վերաբերյալ
Հիշեցնենք, որ Պետական աուդիտի ծառայությունն ուսումնասիրել է Ախալքալաքի քաղաքապետարանի Սպասարկման կենտրոնի 2021-2022 թվականների գործունեությունը և արձանագրել մի շարք թերություններ։
Ըստ նրանց տվյալների՝ աղբահանության վճարի տեսքով քաղաքապետարանի բյուջեում հավաքագրված գումարը 2021 թվականին կազմել է 87,4 հազար լարի, իսկ 2022 թվականին՝ 135,1 հազար։ Պետական աուդիտի ծառայությունից նշում են, որ քաղաքապետարանը չունի աղբահանության վճարի վճարողների բազա, որի միջոցով հնարավոր կլինի ամբողջությամբ հաշվառել ստացված եկամուտը։ Արդյունքում՝ քաղաքապետարանն աղբահանության վճարների տեսքով ստացված եկամուտների մասին ամբողջական տեղեկատվություն չունի։
Սպասարկման կենտրոնի տնօրեն Մխիթար Ռստակյանն ասաց, որ իրենք ունեն աղբահանության համար վճարողների բազա, իսկ ինչ վերաբերվում է հավաքագրված գումարին, ևս մեկ անգամ նշեց, որ ամեն տարի գումարի չափը ավելանում, քանի որ տարեց տարի ավելանում են նաև այն գյուղերի քանակը, որտեղ տեղադրվում են աղբամանների բավարար քանակ։ Այն գյուղերը, որտեղ կան տեղադրված աղբամաններ, բայց քիչ քանակությամբ, քաղաքապետարանի որոշմամբ՝ աղբահանության համար չեն վճարում: