Ախալքալաքի քաղաքապետարանը նախկին թիվ 1 զինվորական ավանում կոյուղու ցանցի կառուցման մրցույթ է հայտարարել։ Հինը հաճախ է փչանում և անհարմարություններ պատճառում ավանի բնակիչներին։
Նոր ցանցի մրցույթը հայտարարվել է սեպտեմբերի 10-ին, առաջարկների ընդունումը կավարտվի սեպտեմբերի 23-ին։ Մրցույթի սկզբնական գումարը կազմում է 207 825 լարի։
«Այսօրվա դրությամբ այն տարածքում, որտեղ պետք է անցկացվի նոր կոյուղու ցանցը, կա հինը, որն այս փուլում շարքից դուրս է եկել և մի շարք խնդիրներ է ստեղծում բնակչության համար։ Նախագծով նախատեսված է անցկացնել կոյուղու նոր ցանց։ Կանցկացվեն կոյուղու նոր խողովակներ՝ 110 մմ-ից 300 մմ տրամագծով, խողովակներ՝ 1130 մետր ընդհանուր երկարությամբ։ Խողովակների շուրջը կտեղադրվի ավազե բարձ, իսկ մնացած խրամատը կլցվի ավազի և մանրախիճի խառնուրդով, որպեսզի տարածքը չաղտոտվի: Կփոխարինվեն խողովակները նաև նկուղներից մինչև բնակելի շենքերի պատեր և պատերից մինչև ջրհորներ»,- գրված է նախագծում, որը ամրացված է մրցույթին։
Ըստ Գորոդոկի բնակիչների՝ այս հատվածի կոյուղու համակարգը հաճախ խցանվում է, ինչի պատճառով էլ հաճախ ստիպված են լինում հատուկ տեխնիկա կանչել՝ կոյուղին մաքրելու համար: