Ախալքալաքի կենտրոնական մասից 17 վագոն-տնակ արդեն հեռացվել է, մնացածը կտեղափոխեն հետզհետե:

Ազատության և Աղմաշենեբելի փողոցներից 16 և ավտոկայանից 1 վագոն-տնակ արդեն հեռացվել է։ Ինչպես արդեն Jnews.ge-ին տեղեկացրել էր Ախալքալաքի տեսքի բարելավման նպատակով, քաղաքապետարանի որոշմամբ քաղաքի փողոցներից կտեղափոխվեն բոլոր վագոն-տնակները։

vagon

Քաղաքապետ Յուրիկ Ունանյանի խոսքերով, աշխատանքները կշարունակվեն մինչև ամբողջ քաղաքից հեռացվեն բոլոր վագոնները։

Այս գործը սկսել ենք և միանշանակ ավարտին կհասցնենք։ Կոնկրետ ժամկետ չենք ծրագրել, կհեռացնենք քաղաքի բոլոր վագոն-տնակները, սակայն հիմնականում ուշադրությունը սևեռված է գլխավոր փողոցի վրա։ Մարդիկ մտածում են, որ եթե վագոն-տնակները հեռացնենք, ապա տարածքը պետք է վաճառենք, այդպիսի բան չի կարող լինել, քանզի մենք նաև հեռացնում ենք այն վագոնները, որոնք սեփական հողի վրա են տեղադրված, մեր միակ նպատակն է քաղաքը ավելի գեղեցիկ դարձնել», – ասաց քաղաքապետ Յուրիկ Ունանյանը։

vagon 2

Վագոն-տնակները հեռացնելուց հետո երբեմն բացվում է ավելի տգեղ տեսք, որպեսզի այդպես չմնա, սեփականատերը պետք է հոգ տանի դրա մասին։

«Մենք սեփականատերերին առաջարկեցինք նաև, որ գան մեր մոտ, միասին քննարկենք թե ինչ կառուցեն, ինչպես կառուցեն։ Եթե հնարավորություն չունեն ինչ-որ բան կառուցելու, ուրեմն անպայման պետք է ցանկապատ անցկացնեն, որպեսզի ներսի մասը տեսանելի չլինի», – ասաց Յուրիկ Ունանյանը։

Այն վագոն-տնակները, որոնք եկամտի միակ աղբյուր են, քաղաքապետի խոսքերով, կհեռացվեն վերջում, որպեսզի մարդիկ աշխատելու ուրիշ տարածք գտնեն։

Ազատության փողոցի վրա գտնվող կոշկակարի վագոն-տնակը նույնպես հեռացվել է, տերը դժգոհում է։

«Հեռացրին վագոնը, հիմա պարապ-սարապ ման եմ գալիս», – ասաց կոշկակարը։

Կան նաև այնպիսի վագոն-տնակներ, որոնք չեն օգտագործվում, կամ դեռ հայտնի չէ սեփականատերը, դրանք տեղադրվում են քաղաքապետարանին պատկանող տարածքում, մինչև սեփականատերերը տանեն։

Գայանե Ակոջյան