Արդեն մեկ տարի է, ինչ Ջավախքի կաթ արտադրողները դժգոհում են մթերման ցածր գնից և պնդում, որ պանիր արտադրողներն արտադրությունում օգտագործում են կաթի փոշի, ինչի հետևանքով բնական կաթի պահանջարկը պակասել է։ Jnews-ը բազմիցս գրել է այս մասին և դիմեց Պարենի ազգային գործակալություն պարզելու, թե եղել են արդյոք ստուգումներ և ինչ է բացահայտվել:
Jnews-ի հարցմանը Պարենի ազգային գործակալության պատասխանի համաձայն, 2023 թվականին Ջավախքում (Ախալքալաքի և Նինոծմինդայի մունիցիպալիտետներում) պանրի արտադրության ոլորտում 8 տնտեսվարող տուգանվել է արտադրության ստանդարտներին խիստ չհամապատասխանելու համար, իսկ 1 օպերատորի մոտ արտադրված պանրի մեջ հայտնաբերվել է բուսական ճարպ, ինչն օրենքով արգելված է։
Ընդհանուր առմամբ, Ախալքալաքի և Նինոծմինդայի մունիցիպալիտետներում, 2023 թվականին պանրի և կաթի արտադրության ոլորտում, 59 բիզնես-օպերատորների մոտ ստուգումներ են իրականացվել։ Այդ ստուգումների արդյունքում՝ 8 օբյեկտի մոտ բացահայտվել է «արտադրական ստանդարտներին խիստ անհամապատասխանություն»։
«Մասնավորապես, հայտնաբերվել են տեխնոլոգիական գործընթացի ծախսային և ջերմաստիճանային պայմանների խախտումներ, հայտնաբերվել են ոչ պատշաճ մաքրում-ախտահանում-դեզինսեկցիա-դերատիզացիա, ժանգոտված գույք: Կասեցվել է այդ տնտեսվարողների արտադրական գործընթացը, և նրանք տուգանվել են Սննդամթերքի անվտանգության, անասնաբուժության և բույսերի պաշտպանության օրենսգրքի համաձայն»,- ասվում է մեր հարցման պատասխանում։
Մասնավորապես, Ջավախքում արտադրվող, պանրի մեջ օգտագործվող հումքի մաքրությունը պարզելու նպատակով, 2023 թվականի մոնիտորինգի շրջանակներում, 17 գործարանից նմուշ է վերցվել։
«Հավատարմագրված լաբորատորիայում կատարված հետազոտությունների արդյունքում մեկ նմուշում հայտնաբերվել է 1 խախտում, մասնավորապես՝ պանրի պատրաստման համար նախատեսված պաստերիզացված կաթը, բացառությամբ կաթի ճարպի, պարունակել է այլ ճարպեր, այդ թվում՝ բուսական ճարպերի խառնուրդ (10%)։ »,- գրված է պատասխանում։
Նշենք, որ JNEWS -ը անցյալ 2023 թվականի նոյեմբերին գրել էր այս մասին: Այդ ժամանակ, ի թիվս այլ դեպքերի, պարզվել էր, որ Նինոծմինդայի մունիցիպալիտետի Օրլովկա գյուղում անհատ ձեռներեցի կողմից արտադրված իմերական սորտի «Մելանիա» պանիրը, բացի կաթի ճարպից, պարունակում է նաև այլ ճարպային խառնուրդներ, այդ թվում՝ բուսական։
Վրաստանում 2017 թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ է մտել «Կաթի և կաթնամթերքի մասին» տեխնիկական կանոնակարգի փոփոխությունները, որոնց համաձայն՝ «պանիր» է անվանվում միայն այն մթերքը, որի արտադրության մեջ օգտագործվում է բնական կաթ։ «Պանիր» բառը արգելվում է փակցնել կաթի փոշուց պատրաստված արտադրանքի պիտակների վրա։