USAID ծրագրի շրջանակներում կառուցված Ախալքալաքի սառնարանային պահեստից դեն է նետվել մոտ 60 տոննա (տվյալները ճշտված չեն) «Կարմիր մեսխեթյան» տեսակի սերմացու կարտոֆիլ։ Jnews-ը փորձեց պարզել պատճառները։
Փչացած կարտոֆիլի տհաճ հոտի և վնասակար գազերի պատճառով անհնար է մոտենալ Ախալքալաքի սառնարանային պահեստին։ Այստեղ աղբակույտ է գոյացել, որտեղ տասնյակ տոննա փտած կարտոֆիլ է, չճշտված տվյալներով՝ մոտ 60 տոննա։
Վրաստանում USAID-ի կարտոֆիլի ծրագիրը, որն իրականացվում է Կարտոֆիլի միջազգային կենտրոնի (CIP) կողմից, Ախալքալաքում մեկնարկել է 2020 թվականին։ Ծրագիրը եռամյա է։ Ծրագրի շրջանակներում, Սամցխե-Ջավախքում կառուցվել է երկու մոդելավորված սերմնարտադրական տնտեսություն, մեկն Ախալքալաքում, մյուսն՝ Ախալցիխեում։
Կարտոֆիլի մոդելավորված սերմնարտադրական տնտեսության նպատակն է Վրաստանի համար ստեղծել սերմացու կարտոֆիլի արտադրական բազա, բարելավել ֆերմերների հասանելիությունը բարձրորակ սերմացու կարտոֆիլի նկատմամբ և մեծացնել ֆերմերների եկամուտն ու արտադրողականությունը:
Ծրագրի շրջանակներում աճեցվել էր նաև «Կարմիր մեսխեթյան» սորտը, որը պետք է պահպանվեր ժամանակակից, կլիմայի հսկողությամբ սառնարանային պահեստում, որտեղ վերահսկվում է ջերմաստիճանը, խոնավությունը և CO2-ը։ Սակայն, մեր տեղեկություններով, պահեստում կլիմայի հսկողությունը չի միացվել։
Ախալքալաքում ծրագրի համակարգող Մախարե Մացուկատովը հրաժարվեց մեկնաբանել միջադեպը:
2022 թվականի գարնանը, ծրագրի մասնակիցները, պետք է այդ սերմացուներն անվճար բաժանեին շրջանի ֆերմերներին, որպեսզի նրանք աճեցնեին կարտոֆիլի այս տեսակը։
Ախալքալաքի մունիցիպալիտետը ստանձնել է 3 հա «Կարմիր մեսխեթյան» սորտի կարտոֆիլ աճեցնելու պատասխանատվությունը։ 3 հեկտարը բաշխվել է մի քանի ֆերմերների միջեւ։ Մեկը ցանել է 50 հար, ինչ-որ մեկը՝ 1 հեկտարից ավելի։ Ախալքալաքում 3 հեկտարից հավաքվել է մոտ 90 տոննա կարտոֆիլ։ Նշենք, որ մեզ չհաջողվեց պարզել նախագծին մասնակցող և այն իրականացնող կոոպերատիվի անդամների, ինչպես նաև ծրագրի մասնակիցների ստույգ թվաքանակը։
Մենք տեղեկացանք, որ կոոպերատիվում ընդգրկված են երեք ֆերմեր, ովքեր էլ, աճեցման համար, զբաղվում էին սերմացու կարտոֆիլի բաշխմամբ շրջանի ֆերմերների միջև: Կոոպերատիվներն իրենց հերթին համագործակցել են այլ գործընկերների հետ, որոնց թվում եղել են 8 ֆերմեր։ Գործընկերները շատ ավելի քիչ կարտոֆիլ են մշակել, որպեսզի գործընթացն ուղղակի օրինակելի լինի մնացած ֆերմերների համար:
Վարազդատ Սալվարյանն այն ֆերմերներից է, ով իր դաշտում «Կարմիր մեսխեթյան» սորտի կարտոֆիլ էր աճեցնում։ Նա 50 հար սերմացու է տնկել։ Նրա խոսքով, ինքը լավ բերք է ստացել, որը պահեստավորված է։ Վարազդատ Սալվարյանը սկզբում հրաժարվեց մեկնաբանել փչացած կարտոֆիլի հետ կապված իրավիճակը, ասելով, որ դա նրանց կոոպերատիվի անդամների գործն է։ Նրա խոսքերով, կարտոֆիլը ցրտահարվել էր դեռ հողի մեջ, սակայն պահեստ են տարել հնարավորինս տեսակավորված կարտոֆիլ։
Քիչ անց նա զանգահարեց Jnews ու ասաց, որ կատարվածի մեջ մեղավորը ֆերմերները չեն, նրանք արել են առավելագույնը, ինչ հնարավոր էր անել։
«Մենք 3 հեկտարից ստացված ամբողջ կարտոֆիլը պահեստավորել ենք։ Ինչու է փչացել, չգիտենք, կարտոֆիլը պահեստավորելուց հետո թբիլիսցիները (խմբ.նախագծի տնօրինություն) փակել են, կնքել պահեստն ու հեռացել։ Միգուցե օդորակիչը միացված է եղել բարձր ջերմաստիճանով կամ ընդհանրապես չի միացվել։ Պահեստ նորմալ կարտոֆիլ ենք բերել։ Ֆերմերներն իրենց գործն արել են, կոոպերատիվի անդամներից ոչ ոք պահեստի բանալին չի ունեցել։ Կարծում եմ, ջերմաստիճանի ոչ պատշաճ կարգավորման պատճառով է փչացել, իրենք են ջերմաստիճանը կարգավորել։ Նրանք մեզ հետ հաշվի չէին նստում և չէին լսում մեր կարծիքը»,- ասաց կոոպերատիվի անդամ Վարազդատ Սալվարյանը։
Փչացած կարտոֆիլը պահեստից դուրս է բերվել անցած հանգստյան օրերին։
Ծրագրի գործընկերներից մեկը, ով կոոպերատիվի անդամ չէ, ասաց, որ ինքը ցանել է 50 կգ կարտոֆիլ և ստացել է 200 կգ բերք։ Կարտոֆիլը պահեստավորման չի հանձնել: Նա նախընտրեց իր անունը չհրապարակել։
«Ծրագրի համաձայն, մենք պիտի 300-400 կգ կարտոֆիլ տայինք նրանց, բայց դա իրատեսական չէ։ Ես ստացել եմ 200 կգ: Այնպիսի արդյունք, ինչպիսին ակնկալում էին նրանք, չեղավ։ Մեզ միայն սերմացու կարտոֆիլ ու կաթիլային ոռոգման համակարգ են տվել։ Մենք մարդկանց վճարել ենք մեր գրպանից, որ բերքը հավաքեին, վճարել ենք նաև մշակման ծախսերը։ Ընդհանուր առմամբ, սերմացուն ցանվել է մեկ ամիս ուշացումով, և բերքահավաքը սկսվել է ուշացած: Մենք պետք է բերքի մի մասը վաճառեինք ու այդ ծախսերը հոգաինք»,- ասաց նա։
Նախագծի համաձայն, ֆերմերներն իրենց ծախսերը պետք է հոգային բերքի մի մասի իրացումից, իսկ մնացած մասը գարնանը պետք է անվճար բաժանեին մյուս ֆերմերներին։
Մեր տեղեկությունների համաձայն, 3 հեկտարից ստացված կարտոֆիլի 80 տոկոսը փչացել է։ Պահեստում դեռ կա չփչացած կարտոֆիլ։
Իր անունը բարձրաձայնել չցանկացող գործընկերոջ կարծիքով, բոլորը, ովքեր զբաղվել են կարտոֆիլի աճեցմամբ, երկար տարիների փորձ ունեցող ֆերմերներ են, ովքեր լավ գիտեն կարտոֆիլի աճեցման գործընթացը։
«Թբիլիսիի ղեկավարության մեղքով է կարտոֆիլը փչացել։ Նրանք պետք է թույլ տային ֆերմերներին սկսել կարտոֆիլը ցանքը, հավաքը և տեսակավորումը: Ֆերմերները ոչինչ չէին կարող անել առանց նրանց թույլտվության: Տեսակավորում չի իրականացվել, պահեստավորել են, կողպեքները փոխել են, փակել, բանալիները վերցրել ու հեռացել են։ Նրանք մեզ ասում էին, որ գիտեն, թե ինչպես և երբ անել, ու առանց իրենց իմացության տեղական համակարգողը ոչինչ չէր կարող անել»,- ասաց նա։
Ծրագրի տարբեր գործընկերների հետ խոսելու ընթացքում Jnews-ը պարզեց, որ պահեստում դեռ էլեկտրականություն անցկացված չէ, թեև պահեստի պաշտոնական բացումը տեղի է ունեցել այս տարվա ապրիլի 22-ին։
Ինչու այն ժամանակ էլեկտրականությունը չի անցկացվել, կլիմայի հսկուղությունը չի միացվել, և ինչու է պահեստը շահագործման հանձնվել առանց այս կարևորագույն բաղադրիչների։
Իսկապես համակարգողը չի ունեցել պահեստի բանալիները, այս և բազմաթիվ այլ հարցերի պատասխաններ Jnews-ը չկարողացավ ստանալ։
Ախալքալաքի ծրագրի համակարգող Մախարե Մացուկատովը հրաժարվեց մեկնաբանել կատարվածը:
Մեզ չհաջողվեց կապ հաստատել ծրագրի տնօրեն Ռուսուդան Մդիվանիի հետ և մեկնաբանություն ստանալ:
Նախագծի գյուղատնտեսն ասաց, որ այս պահին միջադեպն ուսումնասիրվում է, և դեռ հայտնի չէ, թե որն է պատճառը։ Իսկ քանակի, կլիմայի վերահսկողության, և շատ այլ կոնկրետ հարցերի վերաբերյալ գյուղատնտեսը հրաժարվեց մեկնաբանություն կատարել։
Jnews-ը կփորձի մանրամասները պարզել USAID-ից և CIP-ից։