Խոշոր քաղաքների մեծածախ շուկաներում Ախալքալաքի կարտոֆիլի գինն էժանացել է, տեղում գնորդները քիչ են ու գնում են ցածր գներով։ Տեղի կարտոֆիլագործները թանկացման են սպասում, քանի որ 2022 թվականին կարտոֆիլի ցածր բերքատվության պատճառով էժան գնով վաճառելը ձեռնտու չէ։

Ախալքալաքի մունիցիպալիտետի գյուղերում գյուղացիները դժգոհում են, որ 2022 թվականի դեկտեմբերից կարտոֆիլ գնողներ չկան, Ախալքալաքի հիմնական բանջարեղենի պահանջարկը նվազել է։ Գնորդները մտնում են որոշ գյուղեր, բայց գնում են ավելի ցածր գնով, քան աշնանն էր։ Թեեւ, ըստ ֆերմերների, խոշոր քաղաքների խանութներում կարտոֆիլի գինը շարունակում է մնալ բարձր, սակայն այն նվազել է մեծածախ շուկաներում, որտեղ տեղացիները կարտոֆիլը վաճառում են։

Մեսրոպ Իրիցյանը Կորխ գյուղից է նրա խոսքերով, դեկտեմբերից կարտոֆիլի խոշոր գնորդներն իրենց գյուղ չեն եկել։

«Վերջին անգամ ես կարտոֆիլ վաճառել եմ հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին: Գնորդները բարձրանում են Բեժանո, հետո գալիս մեզ մոտ, մեկ-երկու պարկ են փոխանակում: Ինձ մոտ ամենից շատ մնացել է սերմացու կարտոֆիլը և 12 տոննա ուտելու կարտոֆիլ: Թբիլիսի փոխադրելու հնարավորություն չունեմ և նույնիսկ չեմ էլ ուզում ռիսկի գնալ, վախենում եմ կորուստ ունենալ, ասում են Թբիլիսիում Ռուսաստանից ու Բելառուսից բերված կարտոֆիլը լիքն է, եթե տանեմ, հո հետ չեմ բերի, ստիպված պիտի վաճառեմ էժանով»,- ասում է Մեսրոպ Իրիցյանը։

Հիմնականում, գյուղերի մեծ մասում սպասում են և հույս ունեն, որ կարտոֆիլը նորից կթանկանա։

Ենոք Բաբաջանյանն իր բերքի մեծ մասը վաճառել է աշնանը, այժմ, նրա խոսքերով, իրեն մնացել է բերքի 10 տոկոսը: Սակայն, Մուրջախեթ գյուղում, որտեղ նա ապրում է, կարտոֆիլը շատ է, գյուղում բերքի մեծ մասը դեռ չի իրացվել։

«Գնորդները շատ քիչ են, Թբիլիսիում գինը իջել է, մեծածախ շուկայում մեկ կիլոգրամը վաճառվում է 1-1,20 լարիով։ Շատերը թողնում են, որ գարնանը վաճառեն, գարնանը միշտ կարտոֆիլը թանկանում է, համապատասխանաբար, շահույթը նույնպես մեծանում է»,- ասում է Ենոք Բաբաջանյանը։

Գնորդները քիչ են նաև Օրջա գյուղում։ Գյուղացիներին հիմնականում մտահոգում է կարտոֆիլի գնի նվազումը։

Օլավերդ գյուղում նույն վիճակն է: Գյուղացիները կարտոֆիլ շատ ունեն, գնորդներ չկան, իսկ իրենք չեն էլ ուզում տանել Թբիլիսի, իմանալով, որ այնտեղ գինն ընկել է։

Տուրցխ գյուղում չեն դժգոհում գնորդների պակասից, սակայն դժգոհ են ցածր գնից։

«Մեզ մոտ ամեն օր գնորդներ են գալիս, վաճառում ենք, բայց էժանով, 1 կգ կարտոֆիլին տալիս են 1,20 լարի: Մեր կարտոֆիլը սիրուն է, մեր մոտ սևահող է, ու մյուս գյուղերի համեմատ մեր կարտոֆիլը միշտ լավ է վաճառվում, գնորդներն արդեն գիտեն են մեր գյուղը և գալիս են: Հիմնականում գնորդները Քութայիսից և Թբիլիսիից են»,- ասում է Աննա Ղևենյանը։