Եթե ​​մի քանի տարի առաջ սպորտի ու ժամանցի հասարակական վայրերի ոլորտում հիմնական խնդիրը նման վայրերի բացակայությունն էր, ապա այժմ դրված է դրանց սպասարկման ու պահպանման հարցը։ Այս մասին մտածել են նաև տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչները։ Թեման, օրակարգից դուրս, բարձրացվել է երեկ՝ հունվարի 30-ին, Սակրեբուլոյի բյուրոյի նիստում:

Երեկ՝ հունվարի 30-ին, Ախալքալաքի մունիցիպալիտետի սակրեբուլոյում տեղի ունեցավ այս տարվա առաջին նիստը, որտեղ
հաստատվեցին 2024թ. բյուջեի փոփոխությունները, քաղաքապետարանի ծառայողների հաստիքային ցուցակը, նաև կանաչ տնկիների վերջնական ցանկը, որոնք կարելի է աճեցնել մունիցիպալիտետի վարչական սահմաններում և կանաչապատման ծրագրի պայմանները։

Բյուրոյի նիստում, որտեղ քննարկվեցին այս հարցերը, տարածքա-շրջանային պլանավորման և ենթակառուցվածքների հանձնաժողովի նախագահ Գենադի Էլիզբարյանը բարձրացրեց մունիցիպալիտետի հանրային սեփականության պաշտպանության հարցը, թե ով է վերահսկելու «Օգնություն գյուղին» ծրագրով (ՕԳԾ), և տեղական բյուջեվ կառուցված սպորտային և մանկական խաղահրապարակները։

Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետարանի աշխատակազմի տնտեսական զարգացման և գույքի ծառայության պետ Մնացական Փամբուխչյանը պատասխանեց, որ սպորտային ենթակառուցվածքները, որոնք տեղադրված են զբոսայգիներում, վերահսկվում են Ախալքալաքի սպասարկման կենտրոնի կողմից։

Վերջին տարիներին Ախալքալաքում և գյուղերում մեծ թափ է ստացել մանկական և սպորտային հրապարակների կառուցումը, փողոցային մարզասարքերի տեղադրումը։ Բազմաթիվ գյուղերում և քաղաքում հայտնվել են նոր խաղահրապարակներ։

Գենադի Էլիզբարյանն առաջարկեց սպասարկման և պահպանման պատասխանատվությունը հանձնել սոցիալական աշխատողներին, քանի որ յուրաքանչյուր գյուղում կան սոցիալապես անապահով ընտանիքներ։

Քաղաքապետարանի ներկայացուցիչներն ասացին, որ գյուղերում գույքը վերահսկում են գյուղի լիազորները, իսկ քաղաքում՝ տարածքային աշխատողները։ Սակայն այս վերահսկողությունը ոչ պաշտոնական է և բանավոր պայմանավորվածության մակարդակով է։

Ավելի արդյունավետ լինելու համար Սակրեբուլոյի նախագահ Նաիրի Իրիցյանն առաջարկեց այդ պարտականությունները պաշտոնապես հանձնել գյուղերի լիազորներին և մարզական կազմակերպությունների տնտեսվարներին։

«Քաղաքում ունենք 6-7 մարզասարք, մարզահրապարակներ, բոլոր գյուղերում կան սպորտային, մանկական խաղահրապարակներ, պարզ է, որ եթե զբոսայգիներում են, սպասարկման կենտրոնն է սպասարկում, բայց եթե փոքր աշխատանք է հարկավոր, ասենք, մի տեղ պտուտակ է ընկել, ով է սարքելու: Եթե պաշտոնապես ինչ-որ մեկի պարտականությունը լինի, ավելի ուշադիր կլինեն»,- ասաց Նաիրի Իրիցյանը։

Նաիրի Իրիցյանը հավելեց, որ իրենք այս թեմայով, քաղաքապետարան ուղարկելու համար, առաջարկություններով նամակ են պատրաստում։

«Մանր-մունր աշխատանքների համար, որոնք մեծ գումարներ չեն պահանջում, առաջարկում ենք այդ պարտականությունները հանձնել մունիցիպալիտետի մարզական կազմակերպությունների տնտեսվարներին, նրանք կարող են վերահսկել և փոքր աշխատանքները կատարել, իսկ մեծ ծախսեր պահանջող աշխատանքները, բնականաբար, կիրականացվեն հատկացված լրացուցիչ միջոցներով: Մեր խնդրանքն է, որ մեր գույքը վերահսկվի և պահպանվի: Մենք տալիս ենք գաղափար, ընտրությունը դուք կատարեք»,- ասաց Նաիրի Իրիցյանը։