Երեկ՝ մարտի 30-ին, Ախալքալաքի Սակրեբուլոյի նիստում պատգամավորները հաստատեցին 2022 թվականի բյուջեի փոփոխությունները, կապված սոցիալական փաթեթի և ՕԳԾ նախագծերի հետ։ Բացի այդ, քաղաքապետարանի ծառայությունների ղեկավարները զեկուցեցին 2021 թվականին կատարված աշխատանքների մասին։
Նիստին ներկա էին Ախալքալաքի քաղաքապետ Մելքոն Մակարյանը, փոխքաղաքապետեր Թեյմուրազ Մճեդլիձեն և Մկրտիչ Մղդեսյանը, ծառայությունների ղեկավարներ և քաղաքապետարանի աշխատակիցներ։
Սակրեբուլոյի նախագահ Նաիրի Իրիցյանը, փոխնախագահ Համլետ Մովսիսյանն իրենց երախտագիտությունը հայտնեցին քաղաքապետ Մելքոն Մակարյանին, քաղաքապետարանի աշխատակիցներին, ինչպես նաև բոլոր նրանց, ովքեր անցած շաբաթ ձնաբուքի ժամանակ օգնել էին մաքրել ձյունով ծածկված գյուղական ճանապարհները։
Նիստի օրակարգում կար 5 հարց.
1. Պատգամավոր Մխիթար Ռստակյանի լիազորությունների վաղաժամկետ դադարեցումը, ինչի մասին պատգամավորներին տեղեկացրեց Սակրեբուլոյի իրավական հանձնաժողովի նախագահ Սիփան Շիպակցյանը։
2. 2022 թվականի բյուջեում փոփոխությունները, որոնք ներկաներին ներկայացրեց քաղաքապետարանի Ֆինանսական ծառայության պետ Կարեն Մերգելյանը.
3. Սոցիալական փաթեթում փոփոխությունները.
4. Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետարանի Ենթակառուցվածքների, տարածքային կառավարման, ճարտարապետության և շինարարության ծառայության պետ Մագդա Ամիրշադյանը պատգամավորներին ծանոթացրեց քաղաքապետարանում իրականացվելիք ՕԳԾ նախագծերի հաստատմանը։
5. 2021 թվականի ծրագրային բյուջեի կատարման հաշվետվություն եւ գնահատում.
Օրակարգի բոլոր կետերը պատգամավորների կողմից հաստատվեցին։
Քաղաքապետարանի ծառայությունների բոլոր ղեկավարները զեկուցեցին 2021թ.-ին կատարված աշխատանքների մասին: Բոլոր ծառայությունների հաշվետվություններում հիմնականում վիճակագրական տվյալներ էին, յուրաքանչյուր ծառայությունում կատարված աշխատանքները։ Վերջում ծառայությունների ղեկավարները պատասխանեցին պատգամավորների հարցերին, թեև դրանք շատ չէին։
Պատգամավորներն իրենց կարծիքը հայտնեցին կատարված աշխատանքների վերաբերյալ, հաշվետվությունների վերաբերյալ եւ լավ գնահատանքի արժանացրեցին քաղաքապետարանի կատարված աշխատանքը։
Ախալքալաքի քաղաքապետ Մելքոն Մակարյանն ասաց, որ Ախալքալաքի մունիցիպալիտետը շրջանում միակն է, որը 2022 թվականի այս ամիսների ընթացքում իր աշխատանքը կատարել է անթերի, արժանացել է գովասանքի և կստանա հավելավճար, որի չափը դեռևս հայտնի չէ։
«Շնորհակալություն Ժողովի անդամներին, մեր աշխատանքի մասին լսելու, մեր անցկացված աշխատանքը հաստատելու համար: Մեր ուժը միասնության մեջ է, մենք պետք է աշխատենք միասին, բոլորն էլ ունեն սխալներ, բայց մենք չպետք է վերցնենք այս սխալներն ու շեշտենք, այլ ուղղություն ցույց տանք, օգնենք, աշխատենք միասին և կունենանք ընդհանուր արդյունք: Այս տարի մեր տեղական բյուջեն կավելանա 3 մլն-ով, այսօր դուք հաստատեցիք 1,5 մլն-ի չափով աշխատանքներ, և շատ շուտով կլինի երկրորդ կեսը»,- ասաց Ախալքալաքի քաղաքապետ Մելքոն Մակարյանը։