2023 թվականին Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետարանի պետական գնումների ծառայությունը սեւ ցուցակ է մտցրել «Դեգո» ընկերությանը, որը, հաղթելով Ախալքալաքի սակրեբուլոյի շենքի վերականգնման և վերակառուցման մրցույթը, կնքելով պայմանագիր, այդպես էլ չի կատարել աշխատանքները։

Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետարանի պետական գնումների ծառայությունը, պայմանագրով ստանձնած պարտավորությունները չկատարելու համար, «Դեգո» ՍՊԸ-ին ընդգրկել է Պետական գնումների գործակալության սև ցուցակում: «Դեգո» ընկերությունը գրանցված է Թբիլիսիում։ 2023 թվականի հուլիսին ընկերությունը շահել է Սակրեբուլոյի շենքի վերականգնման և վերակառուցման մրցույթը, սակայն աշխատանքները չի իրականացրել։

Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետարանի ենթակառուցվածքների, ճարտարապետության և շինարարության ծառայության պետ Արա Մովսիսյանի խոսքով, մինչև վերջ նրանք ասել են, որ կսկսեն աշխատանքը, բայց այդպես էլ չեն սկսել։

Սակրեբուլոյի շենքի վերականգնման համար, քաղաքապետարանը 2023 թվականի հուլիսի 25-ին, 101 964 լարիի չափով, մրցույթ էր հայտարարել։ Ընկերությունը մրցույթը շահել էր 98 092 լարիով և դարձել մրցույթի երկրորդ մասնակիցը։ Առաջին մասնակիցը՝ անհատ ձեռներեց Արթուր Պետրոսյանը, ով պարտավորվել էր կատարել աշխատանքները 79 880 լարիով, որակազրկվել էր։

Ախալքալաքի քաղաքապետարանի պետական գնումների ծառայության պետ Ռոզա Յորդանյանի խոսքով, ընկերությունը պայմանագիրը կնքել է, սակայն ընկերությունից նույնիսկ չեն էլ եկել։

«Ընկերությունը պայմանագրով պետք է պատժամիջոցներ վճարեր, մենք ընդամենը մեկ նամակ ուղարկեցինք Պետական գնումների գործակալություն, և նրանք անմիջապես ընկերությանը ընդգրկեցին «սև ցուցակ»», – ասում է Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետարանի պետական գնումների ծառայության պետ Ռոզա Յորդանյանը։

Պայմանագրի համաձայն, ընկերությունը պարտավորությունները չկատարելու համար պետք է վճարի մրցութային ընդհանուր գումարի 0,1%-ի չափով տուգանք, որը, ըստ Ախալքալաքի քաղաքապետարանի, ընկերությունը դեռ չի վճարել։

Վրաստանում 2023 թվականին 16 ընկերություն հայտնվել է սև ցուցակում, նրանք հաջորդ տարվա ընթացքում չեն կարողանա մասնակցել նոր մրցույթներին, իսկ այն ընկերությունների դեպքում, որոնք տարբեր ամսաթվերում մի քանի անգամ գրանցվել են սև ցուցակում, հետհաշվարկը կսկսվի ս.թ. ամենավերջին ամսաթվից: