Երեկ՝ ապրիլի 25-ին, Ախալքալաքի մունիցիպալիտետի սակրեբուլոյում տեղի ունեցավ բոլոր հանձնաժողովների համատեղ նիստը, որում քննարկվեց սպորտային և ֆուտբոլային հրապարակների կառուցման համար լրացուցիչ միջոցների հատկացման հարցը։

Պատգամավորները քննարկեցին 2023թ.-ի մունիցիպալիտետի բյուջեի հերթական փոփոխությունը: Փոփոխությունները կազմում են 639 255 լարի։ Փոփոխությունների փաթեթն ուղարկվել է բյուրոյի նիստ, Շրջանային ժողովի կողմից հետագա հաստատման համար։

Փոփոխությունների համաձայն, լրացուցիչ 27 661 լարի է հատկացվում Մուրջախեթ գյուղում ֆուտբոլի դաշտ կառուցելու համար։ Բյուջեում այդ նպատակով հատկացվել էր 20 հազար լարի, սակայն նախագծանախահաշվային փաստաթղթերը կազմելուց հետո պարզ դարձավ, որ շինարարության համար կպահանջվի 47 հազար 661 լարի։

Նույն իրավիճակն է Սուլդա, Դադեշ, Կարծախ, Կուլիկամ գյուղերում ֆուտբոլային հրապարակների կառուցման հարցում։

Սուլդա գյուղի համար նախկինում հատկացվել էր 60 000 լարի, ծրագիրը կազմում է 76 043 լարի, ընթացիկ բյուջեի փոփոխություններով հատկացված հավելյալ գումարը կազմում է 16 043 լարի։

Դադեշ գյուղի ֆուտբոլի դաշտի կառուցման համար հատկացվել է 60 000 լարի, ծրագրի գումարը կազմում է 63 927 լարի, իսկ լրացուցիչ հատկացվում է 3927 լարի։

Կարծախ գյուղում ֆուտբոլի դաշտի կառուցման համար հատկացվել է 60 000 լարի, նախագիծը կազմում է 79 775 լարի։ Հավելյալ հատկացվում է 19 775 լարի։

Նույն նպատակով Կուլիկամ գյուղին հատկացվել է 15 000 լարի, ծրագիրը կազմում է 34 549 լարի, լրացուցիչ հատկացվում է 19 549 լարի։

Կորխ գյուղում սպորտդահլիճի կառուցման համար հատկացվում է 11 300 լարի։