Վրաստանի ՆԳՆ-ն տեղեկատվություն է տարածում նախկին ուժայինների կենսաթոշակների (փոխհատուցումների) բարձրացման մասին։

երատեսչության տվյալներով՝ կենսաթոշակները կբարձրանան այս տարվա մայիսի 1-ից։

«Հասարակության բարձր հետաքրքրությունից ելնելով` մենք ցանկանում ենք տեղեկատվություն տրամադրել նախկին ուժայինների կենսաթոշակների (փոխհատուցումների) բարձրացման մասին:

Պարզաբանում ենք, որ կառավարության առաջարկով և ՆԳՆ-ի հեղինակությամբ օրենսդրական փոփոխությունների փաթեթը պատրաստվել և Վրաստանի խորհրդարան է ներկայացվել 2023 թվականի դեկտեմբերի 13-ին։ Օրենսդրական փոփոխությունների ներկայացված փաթեթը նախատեսում է ուժային կառույցներից աշխատանքից ազատված աշխատողների սոցիալական երաշխիքների բարելավում։

Օրենքով սահմանված կարգով օրենսդրական քննարկումների ավարտից հետո այս փոփոխությունները կկիրառվեն 2024 թվականի մայիսի 1-ից։ 2006 թվականից ի վեր առաջին անգամ բարձրանում է փոխհատուցում ստացող բոլոր անձանց կենսաթոշակի (փոխհատուցման) առավելագույն շեմը և ներկայիս 560 լարիի փոխարեն այն կկազմի 1000 լարի»,- ասվում է տեղեկատվության մեջ։

Հաղորդվում է նաև, որ ծառայության ընթացքում ոստիկանի մահվան կամ ստացած վնասվածքների հետևանքով, գործող օրենսդրության համաձայն, նրա ընտանիքին կտրամադրվի միանվագ դրամական օգնություն՝ 100 հազար լարի։ Իսկ ոստիկանի մահվան դեպքում ընտանիքի ամսական կենսաթոշակը 1000 լարիի փոխարեն կկազմի 1200 լարի։

Ինչպես նշում են գերատեսչությունից, 2013 թվականից ի վեր առաջին անգամ բարձրացվում են կենսաթոշակների (փոխհատուցման) հաշվարկման համար օրենքով սահմանված գործակիցները։

«Եվս մեկ անգամ պարզաբանում ենք, որ օրինագիծն արդեն գրանցված է, և մայիսի 1-ից տվյալ կենսաթոշակը կբարձրանա»,- ասվում է հաղորդագրության մեջ։