Ուսանողական կյանքը լի է բարդություններով և փորձություններով, որոնց միջով անցնելով ուսանողները դառնում են ավելի կայացած և փորձառու: Ոչ բոլորին է հաջողվում ճիշտ կառավարել ժամանակը և կրթությունն ու աշխատանքը համատեղել։  Jnews-ը ներկայացնում է Մարիաննա Խաչատուրյանի անցած ուղին։Մեր հերոսուհին Նինոծմինդայի շրջանի Մամզարա գյուղից է։ Նախնական կրթությունը ստացել է գյուղում, ապա ընդունվել է Թբիլիսիի պետական համալսարան, այժմ նա 4-րդ կուրսի ուսանողուհի է։ Նա կարողացել է գտնել այն կարևոր լուծումը, որը օգնում է նրան ճիշտ կառավարել ժամանակը:

Կրթության մասին խոսելիս, նա պատմում է, որ մեկ տարի ուսանել է նախապատրաստական կուրսում և կայացրել իր կյանքի դժվարագույն որոշումներից մեկը։

«Յուրաքանչյուր մարդ իր կյանքում հասնում է մի տարիքի, երբ ինքը պետք է որոշի իր ապագան։ Ոմանք ծնողների կամ շրջապատի ազդեցությամբ կատարում են ճշմարիտ ընտրություն, սակայն, ցավո՜ք, լինում են դեպքեր, երբ մարդը շեղվում է ճիշտ ճանապարհից և կատարում սխալ ընտրություն։ Ես էլ սովորական մահկանացու եմ, և իմ կյանքի այդ փուլում կայացրել էի սխալ ընտրություն։ Մեկ տարի սովորելով Միջազգային հարաբերությունների ֆակուլտետում, հասկացա, որ դա իմը չէ։ Երկար խորհելուց հետո կայացրի իմ կյանքի լավագույն որոշումներից մեկը՝ ընտրելով ուսուցչի կոչումը», – անկեղծանում է Մարիաննան։

Նրա խորին համոզմամբ՝ յուրաքանչյուր կայացած մարդ իր հետևում ունի թողած ճանապարհ և այդ ճանապարհի հիմքում ընկած են երկու գլխավոր հիմնաքարեր` մեկը դա ընտանիքում ստացած դաստիրակությունն է, իսկ մյուսը դպրոցում ստացած կրթությունը։

«Ես շատ եմ սիրում իմ մասնագիտությունը և ժամանակի ընթացքում, որքան շատ եմ խորանում իմ մասնագիտության մեջ, այնքան ավելի եմ համոզվում իմ ընտրության ճշմարտացիության մեջ։ Իհարկե, շատ բարդությունների եմ բախվել այս տարիների ընթացքում։ Օրինակ՝ համաճարակի տարիներին ուսումնական նոր ձևաչափը, որն ինձ համար շատ դժվար էր և օտար»։

marianna 1

Մարիաննայի խոսքով, յուրաքանչուր ուսանող հենց սովորելու ընթացքում պետք է լինի շատ ակտիվ և չսահմանափակվի միայն համալսարանի տված գիտելիքներով։  Իհարկե, համալսարանում ստացած կրթությունն անգնահատելի է, բայց հաջողության հասնելու գլխավոր նախապայմաններից է հենց ինքնակրթությունը։ Այս վեց տարիների ընթացքում բազում ծրագրերի է մասնակցել, որոնց շնորհիվ շատ նոր գիտելիքներ է ձեռք բերել։ Ինչ վերաբերվում է աշխատանքային գործունեությանը, ապա նա իր մասնագիտությամբ սկսել է աշխատել դեռ երկրորդ կուրսից։ Եվ արդեն չորս տարի է համատեղում է աշխատանքը և համալսարանում դասերը։ Սկզբնական շրջանում աշխատել է American Language Center-ում, որտեղ օտարազգի երիտասարդներին դասավանդել է վրացերեն։

Մարիաննան American Language Center-ի հովանավորությամբ կարողացել է երկու ծրագիր իրականացնել հայրենի Ջավախքում։ 2021 թվականին Նինոծմինդայի շրջանի Մամզարա և Հեշտիա գյուղերում ամառային ճամբար է կազմակերպել։ Նրա խոսքով, դա իր կյանքի լավագույն ձեռքբերումներից էր, ամբողջությամբ նվիրվել իր աշխատանքին։

Աշխատանքային մեծագույն ձեռքբերումներից մեկը դա Ուսուցչի տանն աշխատելն է եղել։ 2023 թվականին մասնակցել է Ուսուցիչների մասնագիտական զարգացման ազգային կենտրոնի և Գուդավաձե-Պատարկացիշվիլի հիմնադրամի «Կիրակնօրյա դպրոց էթնիկ փոքրամասնությունների աշակերտների համար» համատեղ նախագծին։ Եվ մեկ տարի դասավանդել է Մամզարայի հանրային դպրոցի կիրակնօրյա դպրոցում։

Աշխատել է նաև Հանրային քոլեջ «Կովկասիոնիում», որպես նախապատրաստական կուրսի վրաց լեզվի ուսուցչուհի։

marianna 3

«Իհարկե, կստեմ ասելով, որ շատ հեշտ է եղել համատեղել աշխատանքը և ուսումը։ Ինչ վերաբերվում է ազատ ժամանակին, ցավոք, պետք է նշեմ , որ ազատ ժամանակ քիչ եմ ունենում օրվա, բայց ես հանգստանում եմ հենց աշխատելով։ Չեմ կարող փոխանցել այն դրական էմոցիաները, որոնք ես զգում եմ հենց աշխատանքի ընթացքում։ Իմ ցանկությունն է կրթել խելացի, ինքնավստահ, բարձր արժեքների տեր սերունդ։ Սերունդ, որը լցված կլինի հավատով և լավատեսությամբ։ Հավատը ծնում է հույս և մարդուն մղում՝ ապրելու, ստեղծագործելու, արարելու։ Ես ուզում եմ, որ մեր սերունդներն իրենց կյանքում կողմնորոշիչ դարձնեն բարձր և ճշմարիտ արժեքները, օժտված լինեն պայքարելու և առաջ գնալու տոկուն կամքով»։

marianna 4

Մարիաննան դպրոցն ավարտելիս չէր էլ պատկերացնում, որ կարող է կյանքում այսպիսի ձեռքբերումներ ունենալ։

«Այս վեցամյա անցածս ճանապարհն անհավանական մարտահրավերներով ստացվեց` լի փորձություններով և դժվարությեւններով։ Բայց կյանքում միշտ պետք է հավատալ սեփական ուժերին: Սա է երևի հաջողության հասնելու գլխավորը գաղտնիքը։ Հավատացեք ինքներդ ձեզ, դրեք իրատեսական նպատակներ, քայլ առ քայլ արեք ամեն ինչ, դրանք իրագործելու համար: Սովորեք ձեր իսկ սխալներից, ձգտեք շարունակական կատարելագործման։ Հաջողությունը մեծապես կախված է համառ աշխատանքից և մեր հնարավորություններին հավատալուց: Երբեմն դժվար է հավատալ, թե ինչպես փոքր սկիզբները կարող են հանգեցնել մեծ արդյունքների»,- եզրափակում է Մարիաննա Խաչատուրյանը։