Սոցիալական միավորները թվեր են, որոնք որոշում են, թե տվյալ մարդը պետության կողմից ֆինանսական օգնության կարիք ունի՞, թե ոչ։ Վրաստանի սոցիալական ծառայության գործակալության սոցիալական միավորների որոշման համակարգը թույլ է տալիս, որ հաճախ իսկապես կարիքավոր մարդիկ մնում են առանց նպաստի, իսկ նրանք, ովքեր ավելի քիչ կարիքավոր են, ստանում են այն։ Սանթո Ավետիսյանը նրանցից է, ով իսկապես սոցիալական օգնության կարիք ունի, բայց սոցիալական միավորները հակառակի մասին են խոսում։

santo4

Սանթո Ավետիսյանն Ախալքալաքի մունիցիպալիտետի Կումուրդո գյուղից է, 83 տարեկան։ Նա միայնակ է ապրում, կինը մահացել է 5 տարի առաջ։ Հայրենի գյուղում տնից բացի ոչինչ չունի։ Սանթոն վաճառել է իր հողերն ու կովերը, երբ կինը հիվանդացել է՝ բուժման ծախսերը հոգալու համար։ Նա երկու դուստր ունի, բայց մեկն ապրում է Ռուսաստանում, իսկ մյուսը՝ մեկ այլ գյուղում։ Նրանք չեն կարող հաճախ այցելել Սանթոյին։

Վերջին գնահատմամբ Գործակալությունը 103 000 միավոր է գնահատել նրա ունեցվածքը, ըստ որի՝ նրա սոցիալական նպաստ չի հասնում։

Սոցիալական նպաստները բաշխվում են հետևյալ կերպ.

  • եթե ​​ընտանիքը/անձը ունի 0-ից մինչև 35 000 միավոր, ապա ընտանիքի յուրաքանչյուր անդամ ստանում է 60 լարի, մինչև 16 տարեկան երեխաները՝ 150-ական լարի
  • եթե սոցիալական միավորները 35 000-ից մինչև 57 000 են, ապա ընտանիքի յուրաքանչյուր անդամ ստանում է 50 լարի, երեխաները` 150-ական լարի
  • եթե ​​սոցիալական միավորները 57 000-ից 65 000 են, ապա ընտանիքի յուրաքանչյուր անդամ ստանում է 40 լարի, իսկ երեխաները՝ 150-ական լարի
  • եթե ​ունի 65 000-ից 120 000 միավոր, ապա սոցիալական աջակցություն են ստանում միայն մինչև 16 տարեկան երեխաները՝ յուրաքանչյուրը 150-ական լարի։

Միավորները հաշվարկում է համակարգչային հատուկ ծրագիրը՝ Գործակալության աշխատակցի մուտքագրած տվյալների հիման վրա:

«Բանաձև կա, միավորները մենք չենք հաշվում, միավորները հաշվում է համակարգիչը։ Ես չեմ կարող ասել, թե կոնկրետ ինչ խնդիր կա այս մարդու պարագայում։ Մեր գործակալը գրանցում է այն ամենը, ինչ նա է ասում, հետո այդ տվյալները մուտքագրվում է ծրագիր», – բացատրում է Ախալքալաքի սոցիալական ապահովության կենտրոնի ղեկավար Իրոդիոն Գոգոլաձեն։

Ինչպե՞ս է աշխատում Վրաստանում սոցիալական նպաստի նշանակման գործընթացը

Հետաքրքրված անձը դիմում է լրացնում իր բնակության վայրի սոցիալական ապահովության ծառայությունում, ապա նրա փաստացի բնակության վայր է այցելում սոցիալական գործակալը և լրացնում բոլոր անհրաժեշտ տվյալները հատուկ ձևաթղթում։ Մնացածը տեխնիկայի գործն է։

«Չկա նման բան, որ, օրինակ․ փայտե հատակն այսքան միավոր է։ Ոչ, յուրաքանչյուր գործակից կայֆիցենտ է, կայֆիցենտները դասավորվում են բանաձևում։ Չափանիշների շարքում, օրինակ՝ հողի, մեքենայի առկայություն, երեխաներ, ի՞նչ հող է, սևահող թե ոչ»,- մեկնաբանում է Ախալքալաքի սոցիալական ապահովության կենտրոնի ղեկավար Իրոդիոն Գոգոլաձեն։

Ըստ նրա խոսքի՝ բանաձևը ևս տարիների ընթացքում փոփոխվում է, ինչից կարող են փոխվել վերջնական միավորները։

Սանթո Ավետիսյանը նախկինում նպաստ ստացել է։ 2011 թվականին նրա սոցիալական միավորները կազմում էին 75 810, 2013 թվականին՝ 54 940, 2017 թվականին՝ 58 290, 2018 թվականին՝ 89 380, իսկ 2019 թվականին՝ 103 480 միավոր։ Նա չի հասկանում, թե ինչով է պայմանավորված սոցիալական բարեկեցության կտրուկ փոփոխությունը, քանի որ միայն կորուստներ է ունեցել։ «Ես միայն կատու ունեի, նա էլ փախավ», – կեսկատակ ասում է Սանթո պապը:

santo5

Սանթո Ավետիսյանը մեկն է այն մարդկանցից, ով նպաստ է ստացել, բայց հետո դադարեցրել են, և նրանցից է, ով օգնության կարիք ունի, բայց նպաստ չի ստանում։

Նպաստների ամենացածր մասնաբաժին ունեցող քաղաքապետարանների վարկանիշում Ախալքալաքի քաղաքապետարանը զբաղեցնում է 2-րդ տեղը։ 2023 թվականի մայիսին Ախալքալաքի մունիցիպալիտետում ապրուստի միջոց է ստացել 2 596 մարդ, որը կազմում է քաղաքապետարանի բնակչության 6,6%-ը, և այս ցուցանիշով Ախալքալաքից առաջ է միայն Թերջոլիի քաղաքապետարանը։

Վրաստանում ամենաշատ նպաստ ստանում են Մեստիայի և Օնիի բնակիչները։ Մեստիայում սոցիալական նպաստ է ստանում բնակչության 35,7 տոկոսը, անցյալ տարի՝ 72,1 տոկոսը, իսկ Օնիում՝ շրջանի բնակչության 31 տոկոսը։

Ինչո՞վ է պայմանավորված տարբեր քաղաքապետարանների միջև նպաստ ստացող բնակչության մասնաբաժնի նման բացը։ Իսկապե՞ս Ախալքալաքի քաղաքապետարանի բնակչությունը շատ ավելի լավ է ապրում, քան Օնիի ու Մեստիայի բնակչությունը։

Միևնույն ժամանակ, մինչ այս հարցերի պատասխանները մնում են բաց, տասնյակ իսկապես կարիքավոր մարդիկ սպասում են իրենց «հերթին», մինչ համակարգը որոշում է, թե արդյոք նրանք բավականաչափ «աղքա՞տ են» սոցիալական օգնություն ստանալու համար:

santo3