Ամենևին էլ զարմանալի չէ, երբ Ախալքալաքի երաժշտական դպրոցի սաների մեջ հայտնվում են շնորհալի երեխաներ, այլ բան է, երբ տաղանդը բացահայտվում է երաժշտի համար արդեն բավականին հասուն տարիքում։ Պարզվում է այդպիսի տաղանդ է ախալքալաքցի 23-ամյա երիտասարդ Վարդան Կալիվոնջյանը։

Մութ միջանցք, դաշնամուրի կատարման հատվածներ են լսվում տարբեր դասարաններից, անմիջապես չես կարող հասկանալ, թե կոնկրետ ինչ է հնչում այս կամ այն դասարանում: Քիչ ավելի խորը, միջանցքի վերջում, ուրախ ծիծաղի ձայն է լսվում, տնօրեն և ուսուցչուհի Սվետլանա Կարոյանի սենյակի դուռը կիսաբաց է, այստեղից երաժշտություն է լսվում։ Դաշնամուրի դիմաց նստած են երկու սաները ու չորս ձեռքով նվագում են դաշնամուր, մեկը փոքր, շնորհալի Արսեն Կարապետյանն է, իսկ մյուսը հայտնություն, երաժշտական դպրոցի նոր բացահայտված տաղանդ Վարդան Կալիվոնջյանը։

Վերջերս և՛ Արսենը, և՛ Վարդանը մասնակցեցին Թբիլիսիում անցկացվող «Ապագայի աստղեր» դասական երաժշտության ամենամյա գարնանային մրցույթին։ Երաժշտական դպրոցի տաղանդավոր սաները Վրաստանի երաժշտական շրջանակներում վաղուց հայտնի են որպես գավառական Ախալքալաքի տաղանդներ, սակայն այս տարվա հայտնությունը դարձավ 23-ամյա Վարդան Կալիվոնջյանը։

«Առավոտյան վեր կացա և որոշեցի, որ պետք է դաշնամուր նվագեմ: Իրականում, ես միշտ սեր ունեցել եմ երաժշտության հանդեպ: Երբ ես երգ եմ լսում, ինձ ոչ թե այն է հետաքրքիր, թե ինչ են նրանք երգում, այլ երաժշտության կառուցվածքը: Երբ որոշեցի, որ դաշնամուր եմ նվագելու, մտա համացանց, առաջին ստեղծագործությունը, որ լսեցի, Շոպենի «ֆանտազիա-էքսպրոմտ»-ն էր: Այն ժամանակ ես ոչ մի նոտա կամ որևէ բան չգիտեի, բայց որոշեցի այն մշակել: Սկզբում դա շատ դժվար էր»,- ասում է Վարդանը, ով դաշնամուր որոշել է նվագել մեկ տարի առաջ։

Дизайн без названия - 1

Նրանից մի փոքր հեռու նստած է նրա ուսուցչուհի Սվետլանա Ներսեսովնան, որին երկար տարիներ այսպես են դիմում նրա աշակերտները։ Նրանից մոտ սովորել, նույնն է ինչ բռնել բախտի պոչից: Սա բոլորին չէ, որ հաջողվում է։ Վարդանը նրա ուշադրությանն արժանացավ իր համառությամբ։

– Իրականում, Սվետլանա Ներսեսովնան սկզբում չէր ուզում ինձ վերցնել։ Որոշ ժամանակ ինքնուրույն էի պարապում, հետո մտածեցի, որ ուսուցչի կարիք ունեմ։ Եվ ես ասացի Սվետլանա Ներսեսովնային, որ ուզում եմ հաճախել նրա դասերին։ Նա հրաժարվեց։ Ասաց՝ մի՛ արի, ինձ ուղարկեց ուրիշ ուսուցիչների մոտ, ասաց, որ ժամանակ չունի։ Բայց ես հայտարարեցի, որ միայն նրա մոտ եմ գնալու, հիշում է Վարդանը։

– Այո, Վարդան, որովհետև ես պրոֆեսիոնալի պես էի մտածում այն մասին, թե ինչպես կարելի է սկսել երաժշտությամբ զբաղվել 23 տարեկանից: Ֆիզիկական գործոն կա, ձեռքը պետք է հմտացնել, դա ճկունությունն է, պլաստիկությունը։ Երբ փոքրիկ երեխան քայլում է, ինչպես պլաստիլինե ձեռքերը, ստանում ես այն, ինչ քեզ պետք է, իսկ այստեղ ապարատն արդեն ձևավորված է և դժվար է վերափոխել, բայց ահա թե ինչ է նշանակում ունենալ նվագել սովորելու մեծ ցանկություն։ Աշխատանքի արդյունքում այնպիսի արդյունքներ եղան, որ չէի սպասում։

– Ես էլ չէի սպասում, – ծիծաղում է Վարդանը:

Մանկուց Վարդանը փորձել է իրեն Ախալքալաքում առկա գրեթե բոլոր խմբակներում՝ բռնցքամարտ, կարատե, արվեստի դպրոց, ի դեպ, նկարելը ևս ոչ պակաս լավ է ստացվում նրա մոտ։ Նա բաց էր թողել միայն Երաժշտական դպրոցը։

«Ինձ ոչ ոք չի ասել, ես ինքս էլ չեմ մտածել, որ կարող եմ պրոֆեսիոնալ մակարդակով երաժշտությամբ զբաղվել։ Բայց երբ աստիճանաբար ուսումնասիրում են երաժշտությունը, նոտաները, դա սկսում է քեզ գրավել։ Մի ստեղծագործություն կարող ես նվագել 10 անգամ, ուսումնասիրել 10 անգամ։ Եվ այդ տաս անգամներն էլ տարբեր է ստացվում ու ավելի հետաքրքիր: Երբ ես փոքր էի, ուզում էի նվագել բակում, ուստի բոլոր խմբակներին հաճախում էի անհավես: Բայց երբ մեծանում ես, ամեն ինչ այլ կերպ ես ընկալում, ավելի գիտակցաբար»,- ասում է նա:

– Ափսոս, որ մանկության տարիներին չեն տվել։ Այդ դեպքում դու ավելի շատ հեռանկարներ կունենայիր: Բայց դու ապրես,- ասաց Սվետլանա Ներսեսովնան։

Բացի համառությունից, Վարդանի մեջ մի քիչ հաստատակամություն էլ կա, – սա լիովին զգացել է նաև ուսուցիչը, երբ նրան փաստի առաջ է կանգնեցրել:

– Սվետլանա Ներսեսովնան ինձ ասաց, որ պետք է սովորեմ գամմաները և մնացածը, որպեսզի տեխնիկան ունենամ։ Եվ ես անմիջապես եկա ու ասում եմ՝ չէ, ես ուզում եմ նվագել սա, ինձ սա է դուր գալիս և ուզում եմ նվագել։ Նա ինձ ասաց, որ սա դժվար է: Դու դեռ պետք է ունենաս տեխնիկա: Ես ամուր «Ոչ» ասացի։ Դա Ռախմանինովի Նախերգանքն էր»,- պատմում է Վարդանը։

– Ես զարմացա, թե ինչպես կարելի է տեսանյութից սովորել մատներով։ Դրա հետ մեկտեղ մի հատ էլ ճիշտ նվագել: Ես շոկի մեջ էի,- հիշում է Սվետլանա Կարոյանը։

Дизайн без названия - 1

Վարդանը սիրում է տարբեր ժանրերի երաժշտություն, բայց նվագում է միայն դասական երաժշտություն։

«Ես հիմնականում նվագում եմ Ռախմանինով: Ասել, որ ես ջազ կամ այլ երաժշտություն չեմ սիրում, դա այդպես չէ, բայց ուզում եմ նվագել դասական: Ինձ համար դա մինչ ունկնդիրը հասցնելն է այն, ինչ նվագում ես դու: Որպեսզի պարզապես չլսել երաժշտությունը, այլև հասկանալ այն։ Դասականներից, բացի Ռախմանինովից սիրում եմ Շոպեն, Շուբերտ, Լիստ, ուզում եմ նվագել Մենդելսոնի գործերը։ Երբ առաջին անգամ մասնակցեցի մրցույթին, մի կողմից անհանգստություն կար, մյուս կողմից՝ դժվարություններ, բայց անցանք, դափնեկրի կոչում տվեցին»,- պատմում է Վարդանը։

Վարդանն այժմ սովորում է երաժշտական դպրոցի 4-րդ դասարանում։ Միաժամանակ բարձրագույն կրթություն է ստանում Սամցխե-Ջավախքի համալսարանում, սովորում է որպես տնտեսագետ, բիզնեսի կառավարման բաժնում։ Եվ նաև միաժամանակ աշխատում է NETCOM-ում, ընկերության աշխատակիցներին համարում է իր ընտանիքը։

Ինչպես ցանկացած ստեղծագործող, Վարդանը նույնպես ենթարկվում է տրամադրության փոփոխությունների, և դա արտացոլում է երաժշտության մեջ, քանի որ երաժշտության հնչողությունը նույնպես կախված է երաժշտի հուզականությունից։

«Յուրաքանչյուր մարդ անցնում է ինչ-որ փուլերով, դժվարություններով: Ես հիմնականում տխրերանգ գործեր եմ նվագում, չգիտեմ ինչու, բայց դա ինձ հանգստացնում է: Կարծես երաժշտության միջոցով արտահայտում եմ իմ զգացմունքները, քանի որ այդքան էլ չեմ կիսվում ուրիշների հետ: Երբ ինչ-որ բան է պատահում, ես իմ ներսում եմ դա պահում, դա բնավորություն է և ոչ այդքան լավ բնավորություն»,- ասում է նա։

Дизайн без названия - 1

Նրա հետ տեղի ունեցած դժբախտ պատահարը նույնպես ոչ պակաս դեր է խաղացել նրա կյանքում։

«Որոշ չափով այն, որ ես վթարի ենթարկվեցի, մեծ դեր խաղաց ամեն ինչում: Կան մարդիկ, ովքեր պնդում են, որ այս բոլոր փոփոխությունները վթարի հետևանք են: Ես կոմայի մեջ էի: Ասում են, որ այդ ժամանակ գերբնական բաներ են լինում: Բայց ինձ համար այս ամենն ընդհանրապես կապված չէ իրար հետ: Պարզապես իմ սերը դեպի երաժշտությունը հենց հիմա արթնացավ: Այս իրադարձություններն ազդել են այն առումով, որ երբ ես երաժշտություն եմ նվագում, ինչ-որ չափով այդ իրավիճակի ողբերգությունն արտահայտում եմ այսկերպ: Երբ նկարում եմ, էլի ընտրում եմ մռայլ երանգներ, մռայլ թեմաներ: Ես ինտրովերտ եմ, չեմ սիրում մարդկանց կուտակումները, իսկ համերգների մասին հենց խոսք է գնում, ես ինձ անհարմար եմ զգում, բայց մրցույթից հետո ինչ-որ բան փոխվել է»,- կիսվում է նա։

Վարդանը մտածում է ապագայի ծրագրերի մասին, բայց անհամարձակորեն։ Երազում է երաժշտական կարիերայի մասին:

«Տեսնենք, թե ինչպես կստացվի, ամեն ինչ կախված է ինձանից: Քանի որ ես վերցրել եմ այս բարձր նշաձողը, պետք է ձգտել դեպի դժվարը, այլ ոչ թե հեշտը: Մակարդակը պետք է բարձրանա: Ընդհանրապես, սկսվում է հեշտից մինչև դժվար, իսկ ես սկսեցի դժվարից: Չկա այնպիսի բան, ինչն անհնար է: Ես իմ ապագան տարբեր կերպ եմ տեսնում, բայց այս ուղղությամբ հույս ունեմ համերգային դաշնակահար դառնալ»: