Ախալքալաքի շրջանի Բարալեթ գյուղից 25-ամյա Գայանե Պետրոսյանը դասավանդում է Թբիլիսիի 103 հանրային դպրոցի հայկական բաժնում, որպես տարրական դասարանների ուսուցչուհի։ Թբիլիսիի պետական համալսարանն ավարտելուց հետո մեր հերոսուհին որոշում է մնալ մայրաքաղաքում։

«Մասնագիտությունս որոշված էր դեռ վաղուց՝ դպրոցական տարիներից, ամենահոգեհարազատ մասնագիտությունն իմ համար մանկավարժությունն է, որովհետև դեռ մանկության տարիներից իմ մեջ տպավորվել է այն փաստը, որ ես հետագայում պետք է դառնամ ուսուցչուհի։ Այս տպավորության շարժառիներից գլխավորն այն է, որ ընտանիքիս անդամները, հարազատներս ունեն այս մասնագիտությունը՝ տատիկս, մայրիկս, մորաքույրս, հորաքույրս, քույրս», — ասում է Գայանե Պետրոսյանը։

2020 թվականին համալսարանում ավարտելով ուսումը, նույն տարում ուսուցչի կարիք է եղել 103 հանրային դպրոցի հայկական բաժնում, Գայանեն տեսնելով այս հայտարարությունը, միանգամից հայտ է ներկայացրել, որպեսզի ընդունվի աշխատանքի։

Նախկինում աշխատելով հանրային հեռուստաընկերության հայկական բաժնում Գայանեն առիթ է ունեցել գալ այս դպրոց, հերթական սյուժեի նկարահանումներ իրականացնելու նպատակով և չանցած մեկ տարի այս դպրոց է վերադարձել ընդհանրապես այլ նպատակով ու կոչումով։

365507009_1347842119447504_5923985296265608726_n

«Մեծանալով մանկավարժների ընտանիքում այս մասնագիտությունը շատ եմ սիրել, ոգևորվել ու հետագայում միշտ պատկերացրել եմ ինձ որպես ուսուցչուհի՝ ուսուցչուհի փոքրիկների համար։ Շատ-շատ եմ սիրում երեխաներին, սիրում եմ նրանց մաքուր ու անկեղծ հոգին։ Այդ հաճելի պահը լինել շրջապատված երեխաներով, վայելել նրանց մեծ սերն ու հարգանքը, որն ուժ է տալիս մեծ սիրով ու նվիրվածությամբ աշխատելու, էլ ավելի է ոգևորում», – ընդգծում է Գայանեն։

Ավելի մեծ հնարավորություններից օգտվելու համար Գայանեն ցանկանում է Թբիլիսիում մնալ։ Աշխատելով մեծ քաղաքում, որտեղ դիմորդներն ու մրցակությունը մեծ է։

«Մեծ քաղաքում մեծ են նաև հնարավորություները, որպեսզի իրականացնենք մեր նպատակները, սա է գլխավոր պատաճառն իմ այստեղ մնալու։ Ուրիշ ուղղությամբ չեմ պատկերացնում ինձ և չունեմ ցանկություն մասնագիտությունս փոխելու կամ այլ ուղղութրամբ աշխատելու։ Մանկավարժությունն է իմ տարերքը ու այլ բնագավառում չեմ պատկերացնում ինձ, նպատակներիցս գլխավորն այն է, որ իմ սաներին դասավանդեմ նաև մեր մայրենի լեզուն, բնականաբար մեր մայրենին էլ ավելի հոգեհարազատ է իմ համար և հետագայում շատ կցանկանամ դասավանդել հայոց լեզու և գրականություն։ Ի դեպ այս տարի նաև հանձնել եմ առարկայական քննությունը և ստացել դրական պատասխան», – նշում է Գայանեն։

Մեր հերոսուհին նաև մեծ հետաքրքրություն է տածում հայկական մշակույթի հանդեպ, արվեստը նրան միշտ են հետաքրքրել, շատ է ցանկացել բարձրագույն կրթություն ստանալ Հայաստանում, բայց հանգամանքների բերումով կրթությունը շարունակել է Վրաստանում։

365861936_1287011758598020_7420762940072408272_n

«Թբիլիսում սովորելն ունի իր առավելությունները և բնականաբար նաև ունի բազում բարդություններ, որոնց բախվել եմ այստեղ տեղափոխվելու նախնական շրջանում, դժվարությունները կոփել են ինձ, կանգ չեմ առել ոչ մի խոչընդոտի դիմաց, հանուն նպատակների իրականացման պայքարել եմ մինչև հասնեմ լավ արդյունքի ու դա ստացվել է փառք Աստծո»։

Աշխատանքից դուրս Գայանեն հաճախում է հայկական պարի դասընթացների, որտեղ ուսումասիրում է հայկական ժողովրդական պարեր։

«Հայկական պարով զբաղվելը չափազանց հաճելի է, ես այնտեղ հանգստանում եմ, շփվում հաճելի մարդկանց հետ, սովորում եմ մերը՝ հայկականը, որն այնքան հոգեհարազատ է ինձ։ Բացի այդ սիրում եմ ճանապարհորդել, այցելել պատմա-մշակութային վայրեր, վայելել գեղեցիկ բնությունն ու հագստանալ այդ անդորրում»։

Գայանեն օրվա հիմնական մասն անցկացնում է երեխաների հետ, իսկ դպրոցի դասերից հետո նաև արտադասարանային պարապմունքներ է անցկացնում։

Ժաննա Չոգանդարյան