Դեկտեմբերի 12-ից 17-ը` Բաթումիում, Մուրման Վախթանգաձեի անվան մարզահամալիրում անցկացվում է բռնցքամարտի Վրաստանի ազգային առաջնությունը։ Ախալքալաքի մարզահամալիրի հինգ մարզիկներ արդեն եզրափակչում են, իսկ երեքը՝ գրավել են երրորդ հորիզոնականներ:
Առաջնությանը Ախալքալաքի սպորտհամալիրից մասնակցում են 8 բռնցքամարտիկներ: Նրանցից հինգն արդեն եզրափակչում են:
Երիտասարդներից՝ Գրիշա Էլիզբարյանը՝ 48 կգ քաշային կարգում, Սամվել Ղազարյանը՝ 80 կգ քաշային կարգում:
Մեծահասակներից՝ Գոռ Այվազյանը՝ 54 կգ քաշային կարգում, Արտյուշ Գոմցյանը՝ 60 կգ քաշային կարգում, Արտյոմ Յորդանյանը՝ 86 կգ քաշային կարգում:
Երիտասարդների տարիքային խմբում երրորդ հորիզոնականն են գրավել՝ Ժիրայր Սահարյանը՝ 60 կգ քաշային կարգում, Սերոբ Մանասյանը՝ 57 կգ քաշային կարգում:
Մեծահասակներից երրորդ հորիզոնականն է գրավել Արշակ Էլիզբարյանը, սակայն, ինչպես նշեց Ատոմ Էլիզբարյանը, նրանք բողոքարկել են, քանի որ, ըստ նրանց, մրցավարները սխալ են դատել Էլիզբարյանի մենամարտը:
Հարկ է նշել, որ երիտասարդները Եվրոպայի և Աշխարհի առաջնություններին մասնակցելու համար են պայքարում։ Մեծահասակները, չեմպիոն դառնալու դեպքում, օլիմպիական ուղեգրերի հետևից կգնան։ Ինչպես նաև կընդգրկվեն Վրաստանի ազգային հավաքականի կազմ։
Ազգային առաջնությանը մասնակցում են 2006-2007 թվականներին ծնված պատանի բռնցքամարտիկներն ու 1983-2005 թվականներին ծնված մարզիկները։
Մրցումներին մասնակցում են տարբեր քաղաքների թիմեր, բռնցքամարտիկները մրցում են սիրողական բռնցքամարտի համաշխարհային ֆեդերացիայի կողմից հաստատված քաշային կարգերում։