Օրերս Սոֆիայում կայացել է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Բուլղարիայի երիտասարդական առաջնություն, որտեղ ջավախքցի, սակայն ռուսաստանաբնակ Հայկ Մնացականյանը դարձել է չեմպիոն:
22-ամյա Հայկ Մնացականյանը հանդես է եկել 72 կգ քաշային կարգում, անցկացրել է 4 գոտեմարտ, չզիջելով ոչ մի միավոր նվաճել է Բուլղարիայի ըմբշամարտի երիտասարդական չեմպիոնի տիտղոսը: Այս մասին հայտնում է Հայաստանի Ըմբշամարտի ֆեդերացիայի պաշտոնական կայքէջը:
Առաջնությանը ներկա է եղել նաև Օլիմպիական չեմպիոն Արմեն Նազարյանը, ով ՀԸՖ-ի հետ զրույցում ասել է.
«Հայկը նոր է տեղափոխվել Բուլղարիա։ Ռուսաստանում էր բնակվում։ Մարզական մեկնաբան Կարեն Գիլոյանն է միջնորդել, որ նա գա այստեղ մարզվի։ Ցավոք, նրա քաշը ոչ օլիմպիական է, սակայն ես Հայկին խորհուրդ եմ տվել վերանայել և ընտրել օլիմպիական քաշ։ Կարևոր չէ, թե որ երկիրը կներկայացնի, կարևորն այն է, որ մարզիկն իսկական մարտիկ է և նրա մասին, տա Աստված, դեռ լսեն շատերը»,- նշել է Նազարյանը։
Ախալքալաքի տեղական իշխանությունները ևս շնորհավորում են ջավախքցի մարզիկին հաղթանակի առթիվ, մաղթելով մարզական վերելքներ:
«Ախալքալաքի Սակրեբուլոն, քաղաքապետարան ու մարզասեր հասարակությունը շնորհավորում ենք մեր երիտասարդ ըմբիշին և մաղթում նրան մարզական հաջողություններ: Միաժամանակ հույս ունենք, որ նա աշխարհում տարբեր երկրներ ներկայացնեով չի մոռանա նաև ամեն օր հիշեցնել, որ ինքը ծնունդով ջավախքցի է, որը մեզ համար շատ մեծ հպարտություն է: Հենց, որ Հայկը գա Ախալքալաք, մենք ևս մեր կողմից կպարգևատրենք»,- ասաց Ախալքալաքի Սակեբուլոյի նախագահ Նաիրի Իրիցյանը:
Աղունիկ Այվազյան