Կորոնավիրուսի տարածման պատճառով շատ մարդիկ, ովքեր ապաքինվել են հիվանդությունից, ունեն հետկովիդային տկարություն, իսկ որոշ մարդկանց մոտ այն դրսևորվում է խուճապային գրոհներով։ Հոգեբան-խորհրդատու Հասմիկ Քեյանը բացատրում է, թե ինչ է խուճապային գրոհը և ինչ անել նման դեպքերում:

Խուճապային խանգարումը և խուճապային գրոհները կարող են առաջանալ տարբեր երկրներում և տարբեր տարիքի, սեռի և սոցիալ-մշակութային կարգավիճակի մարդկանց շրջանում: Դա ընդհանուր հոգեկան խանգարում է, և վիճակագրությունը կարող է տարբեր լինել աշխարհի տարբեր մասերում: Ընդհանուր առմամբ, Խուճապային խանգարումը գլոբալ խնդիր է, և շատ մարդիկ իրենց կյանքի ընթացքում ենթարկվում են խուճապային գրոհների:

Այս խանգարման զարգացմանը կարող են նպաստել այնպիսի գործոններ, ինչպիսիք են սթրեսը, գենետիկան, ուղեղում քիմիական հավասարակշռությունը և տրավմատիկ իրադարձությունները: Այնուամենայնիվ, խուճապային խանգարման համաշխարհային տարածվածության վերաբերյալ կոնկրետ թվեր դժվար է ասել, քանի որ շատ մարդիկ չեն դիմում բժշկական օգնության, և որոշ դեպքեր կարող են մնալ թերագնահատված կամ չախտորոշված:

Վախ սեփական կյանքի համար, թուլություն, խուճապ, այս ախտանիշներն ի հայտ են եկել աշխարհում կորոնավիրուսի տարածման ակտիվ փուլից հետո։ Հաճախ մարդիկ չեն էլ գիտակցում, որ օգնության կարիք ունեն: Որովհետեւ այս ամենը միայնակ հաղթահարելը շատ դժվար է։ Խորհրդատու հոգեբան Հասմիկ Քեյանի խոսքով, խուճապային գրոհները տարածվեցին այն բանից հետո, երբ շատ մարդիկ շատ դժվար հաղթահարեցին կորոնավիրուսը, ինչը հանգեցրեց անօգնականության և սեփական կյանքի համար վախի զգացումի։

«Հիմա Covid-ից հետո չգիտես ինչ կլինի, չգիտես երբ նորից կհիվանդանաս, չգիտես ում հետ շփվես՝ այս ամենը ցնցում է մեր վիճակը։ Չես կարող վերահսկել քո մարմինը: Չես կարողանում կառավարել շփումը, չգիտես՝ զրուցակիցդ հիվանդ է, թե ոչ։ Սա անօգնականություն է, որը հանգեցնում է խուճապային գրոհի: Երբ ապրում ես վախ, վերահսկողության կորուստ, ունես սպասում, որ ինչ-որ բան կլինի։ Այդ պահին մարդը սկսում է խուճապի մատնվել և օդը չի բավարարում, չես կարողանում շնչել: Նյարդային համակարգը սկսում է վատ աշխատել, սրտի աշխատանքը հաճախանում է: Մարդը սկսում է խեղդվել»:

Մասնագետը խորհուրդ է տալիս նման պահերին շնչառական վարժություններ անել: Օրինակ՝ եռանկյունու տեխնիկան՝ 4 վայրկյան շնչել, 4 վայրկյան շունչը պահել և 4 վայրկյան արտաշնչել։ Կամ քառակուսու տեխնիկան՝ 4 վայրկյան շնչել, 4 վայրկյան դադար (շունչը պահել) և 4 վայրկյան արտաշնչել և 4 վայրկյան դադար։

Խուճապային գրոհները սովորաբար հասնում են իրենց գագաթնակետին մի քանի րոպեի ընթացքում, բայց կարող են տևել ավելի երկար: Գրոհները կարող են առաջանալ ի պատասխան սթրեսային իրավիճակների կամ կյանքում տեղի ունեցած հանկարծակի փոփոխությունների:

«Սա ավելի շատ նյարդային համակարգի խնդիր է: Հոգեբույժը կամ հոգեթերապևտը կարող է օգնել, բայց եթե դա կապենք բժշկության հետ, ապա դրանք նյարդաբաններն են, քանի որ այս ամենը նյարդային համակարգն է, նյարդաբանները կարող են որոշ դեղամիջոցներ նշանակել, որպեսզի ավելի հանգստացնեն ընդհանուր վիճակը: Դա այնքան էլ սարսափելի չէ, որքան իրականում կարող է թվալ: Դա դեղամիջոցի ընդունումն է, որը կօգնի ձեր մարմնին ավելի հեշտությամբ անցկացնել որոշ բաներ: Խուճապային գրոհները հաճախակի երևույթ չեն, թեև այժմ դրանք ավելի հաճախակի են հանդիպում:

Մարդիկ կարող են չհասկանալ, որ դա հենց խուճապային գրոհ է։ Կարող է առաջանալ անշարժացում, մարդը քարանում է, ձեռքերը ձգվում են, և մարդը ոչինչ չի կարողանում անել։ Նյարդային համակարգը կտրուկ արգելակվում է: Մարդը չի արձագանքում ասվածին, իսկ եթե արձագանքում է, ապա դա համահունչ չէ: Սրանք առաջնային ախտանշաններն են։ Մյուս ախտանիշներից են՝ քրտնարտադրությունը, դողը, կարող է ջերմել, սրտի արագ աշխատանք»,- ասում է Հասմիկ Քեյանը: