Ախալքալաքի մունիցիպալիտետում վերջերս տարածում է ստացել կոքսակի վիրուսը։ Հիվանդությունն Ախալքալաքում առաջին անգամն է գրանցվել։ Այս վիրուսի պատճառով փակվել են Ազավրեթ, Չունչխա և Կուլիկամ գյուղերի մանկապարտեզները։ Վերջին երկուսն արդեն վերաբացվել են կարանտինից հետո, իսկ Կուլիկամում այն կբացվի երկուշաբթի օրը։ Վիրուսը մեծ վտանգ է ներկայացնում հատկապես մինչև 10 տարեկան երեխաների համար։

Ախալքալաքի մունիցիպալիտետում կոքսակի վիրուսն առաջին անգամ գրանցվել է ավելի քան մեկ ամիս առաջ։ Սկզբում վիրուսը գրանցվել է Ազավրեթ գյուղի մանկապարտեզում, որը երկու շաբաթ կարանտինի մեջ է եղել։ Հետո վիրուսը հայտնաբերվել է Չունչխա գյուղի մանկապարտեզում։ Վիրուսի պատճառով փակ է Կուլիկամ գյուղի մանկապարտեզը։

«Հնարավոր է Ազավրեթում վիրուսը տարածվել է Ռուսաստանից, քանի որ այնտեղ այն շատ տարածված է: Տարածվում է, եթե երեխաները կպնում են միմյանց, խաղում են նույն խաղալիքներով: Ազավրեթում մոտ 15 երեխա հիվանդացել էր այս վիրուսով, հետո վարակվել են Չունչխայում։ Հիմա Կուլիկամում է փակ»,- ասաց Ախալքալաքի Հանրային առողջապահության կենտրոնի (ՀԱԿ) տնօրեն Սիրանուշ Տոնականյանը։

Այս հիվանդությամբ հիմնականում հիվանդանում են 1-ից 10 տարեկան երեխաները։ Նրանց համար դա մեծ վտանգ է ներկայացնում, մեծահասակների շրջանում ավելի քիչ հավանական է վարակվելու վտանգը, և հիվանդությունը ընթանում է ավելի մեղմ ձևով:

Սիրանուշ Տոնականյանի խոսքով, այս վիրուսով վարակվելիս ձեռքերի, ոտքերի, բերանի խոռոչի վրա առաջանում է ցան և բարձր ջերմություն, որն անհետանում է միայն 3-4 օր հետո։

Ախալքալաքի մունիցիպալիտետի մանկապարտեզների միավորման տնօրեն Անահիտ Ասատուրյանի խոսքով, Կուլիկամի մանկապարտեզը, երկշաբաթյա կարանտինից հետո, կբացվի երկուշաբթի՝ նոյեմբերի 25-ին։

Կոքսակի վիրուսի մասին

Կոքսակի վիրուսի տարածման աղբյուր կարող է լինել միայն մարդը: Վիրուսը հեշտությամբ փոխանցվում է մի քանի ճանապարհներով.

  • Ալիմենտար և կոնտակտային:
  • Օդա-կաթիլային
  • Հազվագյուտ դեպքերում վիրուսը փոխանցվում է մորից երեխային հղիության ընթացքում կամ ծննդյան ճանապարհով անցնելիս: Կոքսակի վիրուսը չափազանց վտանգավոր է հղիների համար:

Կոքսակի վիրուսային վարակի հարուցիչը կարող է երկար ժամանակ մնալ ջրում, առարկաների մակերեսին և սննդի վրա։ Այն չի մահանում, երբ սառեցվում է կամ մշակվում է 70% ալկոհոլային լուծույթով, գոյատևում է ստամոքսահյութի մեջ պահպանելով ախտածին հատկությունները մի քանի ամիս և դիմացկուն է թթուների և սպիրտների նկատմամբ։ Վիրուսային մասնիկները մահանում են միայն ֆորմալդեհիդի, ուլտրամանուշակագույն լույսի, բարձր ջերմաստիճանի բուժման (վիրուսի ոչնչացումը տեղի է ունենում ակնթարթորեն եռացող ջրի մեջ) կամ ռադիոակտիվ ճառագայթման ազդեցության տակ:

Հիվանդությունների դասակարգումը

  • Մաշկն ու լորձաթաղանթներն ախտահարված են, կարող են առաջանալ շնչառական հիվանդություններ, կոնյուկտիվիտ և ստոմատիտ: Հերպեսային անգինան և «ձեռքեր-ոտք-բերան» անվանումը ստացած համախտանիշը համարվում է բնորոշ, քանի որ ցանը հայտնվում է միայն ափերի, ոտքերի և բերանի շուրջը:
  • Վիրուսները լուրջ փոփոխություններ են առաջացնում ուղեղի, սրտի, լյարդի, ենթաստամոքսային գեղձի և պլևրայի նյարդային հյուսվածքում: Սրտի վարակը կարող է առաջացնել միոկարդիտ, պերիկարդային էֆուզիոն, պերիկարդիտ:

Կոքսակի վիրուսի ախտանիշները

Ինկուբացիոն շրջանը միջինում տևում է մոտ 6 օր։ Կոքսակի վիրուսները տարբեր ախտանիշներով հիվանդություններ են առաջացնում, բայց ամենատարածվածը (դեպքերի ավելի քան 90%) հետևյալ ախտանիշային կոմպլեկսներն են:

Էնտերովիրուսային տենդը («ամառային գրիպ») էնտերովիրուսային վարակի ամենատարածված կլինիկական ձևն է: Հիվանդության սեզոնայնությունն արտահայտված է, դեպքերի ամենամեծ թիվն արձանագրվում է ամռանը։ Հատկանշական է կլինիկական պատկերի սակավությունը, որը կարող է ներկայացվել մեկ ախտանիշով՝ տենդով։ Մյուս դրսևորումները ներառում են թեթև կատարալ ախտանշաններ, գլխացավ, որոշ դեպքերում՝ սրտխառնոց և փսխում։ Վերականգնումը տեղի է ունենում 3-4 օրվա ընթացքում: