Ախալքալաքում լայն տարածում են գտել սուր շնչառական վիրուսային ինֆեկցիաները։ Տարածված վիրուսները հիմնականում նույն ախտանիշներն ունեն։ Երկրում տարածված է նաև կորոնավարակ։ Ըստ մասնագետի այսպիսի վիրուսների պիկ Ախալքալաքում մշտապես լինում է հունվար-փետրվար ամիսներին։
Ախալքալաքի ռեֆերալ հիվանդանոցի համաճարակաբան Գայանե Ֆիդանյանի հետ Jnews-ը խոսել է տարածված վիրուսների, դրանց բուժման և հնարավորինս չափ վիրուսներից խուսափելու մեթոդների մասին։
«Տարածված է սուր շնչառական վիրուսային ինֆեկցիաներ։ Մենք հիմա սպասում ենք, որ պիկ կլինի, քանի որ նոր տարուց հետո վիրուս ունեցող անձանց քանակը միշտ ավելանում է։ Դա կապված է այն բանի հետ, որ երբ դրսից են գալիս մարդիկ, իրենց հետ տարբեր վիրուսներ են բերում, օրինակ՝ երբ Ռուսաստանից գալիս են արտագնա աշխատանքի մեկնողները, միշտ տարբեր վիրուսներ են իրենց հետ բերում, այդ թվում՝ սուր շնչառական վիրուսնային ինֆեկցիաներ։ Մեր մոտ միշտ Նոր տարուց հետո պիկ է լինում, այնուհետև՝ փետրվար ամսից ցուցանիշները սկսում են նվազել։ Նույն իրավիճակին ենք սպսաում նաև այս տարի»,- ասում է բժշկուհին։
Նա նաև նշում է, որ հատկապես հիվանդանում են երեխաները։ Սակայն քանի դեռ արձակուրդ է դպրոցներում և մանկապարտեզներում վիրուսով հիվանդացած երեխաների քանակը չի ավելանա։
Սուր շնչառական վիրուսային ինֆեկցիաների ախտանիշները հետևյալն են՝ ջերմություն, հարբուխի նշաններ, ընդհանուր թուլություն, կոկորդի ցավ, գլխացավ։
«Երեխաներն ավելի ծանր են տանում։ Ինչի՞, քանի որ շատ վիրուսներ, հատկապես դրսից բերված վիրուսները, երեխաներին առաջին անգամ են հանդիպում և նրանց օրգանիզմն ավելի ուժեղ ռեակցիա է տալիս։ Հաջորդ անգամ այդպիսի ուժեղ ռեակցիա չի ունենա։ Այդ ընթացքում շատ հաճախակի երեխաների մոտ թոքաբորբ է սկսվում, բարդություններ են առաջանում»,- ավելացնում է Գայանե Ֆիդանյանը։
Համաճարակաբանը հավելում է, որ հիմա արդեն կսկսվի նաև նշագեղձերի բորբոքում։ Նշագեղձերի բորբոքումը դա ստրեպտոկոկային վարակ է, որի դեպքում պահանջվում է հակաբիոտիկներով բուժում։
«Օրինակ՝ մեծ քաղաքների դեղատներում վաճառվում են թեստեր, որոնք ցույց են տալիս ստրեպտոկոկային վարակը։ Եթե ստրեպտոկոկային վարակ է, ապա այդ դեպքում անպայման է հակաբիոտիկների նշանակումը, բուժում է անհրաժեշտ։ Իսկ եթե սովորական սուր շնչառական վարակ է, ապա մենք խորհուրդ չենք տալիս հակաբիոտիկներ օգտագործել։ Օրինակ․ եթե մարդը երեք օր ջերմություն ունի, և պառացետամոլով այն չի իջնում, ապա այդ դեպքում պարտադիր է դիմել բժշկի», – ասում է նա։
Վերջինս նաև հիշեցնում է կորոնավարակի մասին․ «Այն ոչ մի տեղ չի գնացել, կա ու դեռ կլինի։ Նաև հնարավոր է, որ կորոնավարակի դեմ պատվաստումները մտցնեն ընդհանուր պլանային օրացույցի մեջ։ Անընդհատ կարող է շտամը փոխվել։ Կարող է նաև կորոնավարակ լինել։ Ուզում եմ ասել, որ կորոնավարակի վախենալու դեպքեր չեն գրանցվել, ամեն դեպքում պետք է զգույշ լինել, հարցուցիչը կա, մարդիկ հիվանդանում ու լավանում են»։
Մասնագետը խորհուրդ է տալիս, որ մարդիկ պատվաստվեն, բարձրացնեն իրենց իմունիտետը, օրինակ՝ նորմալ սնվեն, մաքուր օդին քայլեն, բազմապիսի սնունդ ընդունեն՝ միրգ, բանջարեղեն, և որ ամենակարևորն է պահպանեն նորմալ 8 ժամյա քունը։ Այդ ամենը բարձրացնում է մարդու իմունիտետը, ինչն էլ իր հերթին հանգեցնում է նրան, որ մարդկանց օրգանիզմը պատրաստ է լինում պայքարելու դրսի վիրուսների դեմ։