Հինգ կին Ախալքալաքի, Կումուրդոյի և Կարսի միտրոպոլիտ Նիկոլոզին (Փաչուաշվիլի) մեղադրում են տասնամյակներ առաջ տեղի ունեցած սեռական ոտնձգությունների մեջ, այս մասին ասվում է «Ազատություն» ռադիոկայանի նյութում: Ինքը՝ Միտրոպոլիտը, այս մեղադրանքները զրպարտություն է անվանում։
«Ազատություն» ռադիոկայանի հոդվածում 33-ամյա Լելա Կուրտանիձեն բացահայտ խոսում է կատարվածի մասին և ասում, որ իրենից 10 տարի է պահանջվել այդ մասին խոսելու քաջություն հավաքելու համար: «Ազատություն» ռադիոկայանը զրուցել է նաև այլ կանանց հետ, ովքեր խոսել են միտրոպոլիտ Նիկոլոզի կողմից ոտնձգությունների կամ սեռական բռնության մասին։ Նրանցից մեկը եղել է անչափահաս, մյուսի պատմությունը տեղի է ունեցել Գերմանիայում, իսկ երեքը ուսանողներ են եղել և հանդիպել են միտրոպոլիտին Ջավախք կատարած արշավի ժամանակ։ Բոլոր կանանց միավորում է այն փաստը, որ նրանք տարբեր ժամանակներում մասնակցել են Թբիլիսիի պետական համալսարանի Ջավախքում կազմակերպած արշավին։ Ջավախքի արշավախումբը ուսանողական ամառային ճամբար է, որի մասնակիցները երկու շաբաթով օգնում են Ախալքալաքի թեմի եկեղեցիներին ու վանքերին։ Նիկոլոզն այս թեմի միտրոպոլիտն է։
Լելա Կուրտանիձեի պատմության համաձայն՝ Ջավախք կատարած արշավի ժամանակ նա լողալ չգիտեր, և միտրոպոլիտն առաջարկել է նրան սովորեցնել։
«Երբ նա ձեռքերը դրեց անհարմար տեղերում, ես ցնցվեցի, փորձեցի ազատվել և ընկա ջուրը։ Այդ պահին նա ինձ հարցրեց. «Ի՞նչ ես անում։ Ինչո՞ւ ես ամեն ինչ փչացնում»։ Նա ինձ այնպես հարցրեց, իբր ես ինչ-որ անպատշաճ բան եմ անում։ Երբեմն ես քաշվում էի, երբեմն փորձում էի ազատվել, բայց հնազանդ էի։ Առաջին օրը նա համբուրեց ինձ՝ ոչ թե շուրթերս, այլ հենց այնպես, որ դրանում չափազանց ինտիմ բան կար»։
Հոդվածի մեկ այլ հերոսուհի ասում է, որ արշավի ավարտից հետո Միտրոպոլիտը կանչել է իրեն՝ խոսելու «ապագայի պլանների» մասին։
«Նա հպվում էր մարմնիս։ Բայց դրանք պատահական հպումներ չէին։ Ես շշմած նստել էի և չէի կարողանում հասկանալ, թե ինչ անել՝ շոկից: Մտքերս գլխումս պտտվում էին ահռելի արագությամբ, ես նույնիսկ չէի կարող պատկերացնել, որ մի մարդ, ով նախօրեին մեզ հետ լսել էր Բախի և խոսում էր վեհ սիրո և «Սուրբ Մատթեոսի կրքի» մասին, կարող էր անբարոյական բան անել: Ես պարզապես չէի կարող հավատալ դրան կամ չէի ուզում հավատալ դրան:
Երբ նա հեռանում էր, նա ինձ ասաց, որ այն ամենը, ինչ տեղի ունեցավ, հիանալի է և հուզիչ, որ ես առանձնահատուկ եմ, որ ես ննջեցնող էներգիայի կրող եմ, որ ունեմ գեղեցիկ մարմին և կրծքեր, ամուր և գեղեցիկ ոտքեր, և որ մենք պետք է պահպանենք մեր հանդիպումները գաղտնի մնան»,- պատմել է կինը «Ազատություն» ռադիոկայանի լրագրողին:
Կանանց այլ պատմությունները, ինչպես նաև վրացերենով ամբողջ նյութը կարող եք կարդալ այստեղ։
Սա առաջին դեպքն է, երբ Վրաստանում բարձրաստիճան հոգևորականին մեղադրում են սեռական բռնության մեջ։
Jnews-ը դիմել է մետրոպոլիտ Նիկոլոզին՝ «Ազատություն» ռադիոկայանի նյութի պատմությունների վերաբերյալ հարցերով։ Նիկոլոզ Փաչուաշվիլին պատասխանել է, որ դա զրպարտություն է։
«Իրավական երկրում մեղադրանքը պետք է առաջադրվի գործող օրենսդրության համաձայն, հակառակ դեպքում մեղադրանքը դառնում է զրպարտություն, և դրա նպատակը միայն հեղինակությանը վնաս պատճառելն է»,- գրել է նա՝ պատասխանելով հարցերին։
Մեր հարցին, թե պատրաստվո՞ւմ է որեւէ կերպ արձագանքել նյութին, նա պատասխանեց հետեւյալը.
«Ցավոք, մեր երկրում օրենսդրությունը զրպարտությունը հանցագործություն չի համարում, ինչը սխալ է, ուստի իմաստ չունի դատարանում բողոքել»։
Իսկ այն հարցին, թե ինչու են հիմա հրապարակվել այս պատմությունները, նա պատասխանեց.
«Ախալքալաքի, Կումուրդոյի և Կարսի թեմերը ղեկավարելուց բացի, ես ակտիվորեն մասնակցում եմ երկրի հասարակական կյանքին, ըստ երևույթին, ինչ-որ մեկի ճանապարհը հատել եմ։ Սա եկեղեցու և անձամբ իմ հասցեին զրպարտության առաջին դեպքը չէ։ Մի քանի տարի առաջ ես Լրագրողների Էթիկայի Խարտիա բողոք ներկայացրի ընդդիմադիր առաջատար հեռուստաընկերություններից մեկի դեմ և շահեցի դատը, բայց դրանից ոչինչ չի փոխվել՝ եկեղեցու դեմ զրպարտությունը շարունակվում է։ Մի քանի տարի առաջ մեր կաթողիկոս-պատրիարքին հրապարակավ զրպարտեցին, չլսված ձևով, զարմանալու ոչինչ չկա: Ինձ համար ավելի կարևորն այն է, թե իմ ախալքալաքցիներն ինչ են մտածում իմ մասին և ինչպես կարող եմ ես նրանց ծառայել»: