Սեպտեմբերի 30-ին, Ախալքալաքի Խաս Բախչա զբոսայգում տեղի է ունեցել համերգ՝ ի աջակցություն իշխող «Վրացական երազանք» կուսակցության։

Նման համերգներ երեկ անցկացվել են շրջանի երեք քաղաքներում՝ Ախալցիխեում, Ասպինձայում և Ախալքալաքում։ Բոլոր համերգները սկսվել են նույն ժամին՝ 20:00-ին, ելույթ են ունեցել տարբեր երաժիշտներ։ Ախալքալաքում ելույթ են ունեցել «Փողոցային երաժիշտները», «Ֆորտե» խումբը, Մանանա Թոդաձեն և Գիորգի Ծիկլաուրին։

Համերգին ներկա էին «Վրացական երազանք» կուսակցությունից կենտրոնական և տեղական իշխանությունների ներկայացուցիչներ։ Համերգն ունկնդրելու եկածների մեծ մասը քաղաքապետարանի, սակրեբուլոյի, մունիցիպալ և պետական կառույցների աշխատակիցներ էին։ Ներկաներից ոմանց խոսքով՝ իրենք «հրավերը» ստացել են SMS-ի միջոցով։ Զբոսայգում կային նաև բազմաթիվ իրավապահներ։

Համերգի ընթացքում արտիստները հավաքվածներին կոչ էին անում հոկտեմբերի 26-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում քվեարկել իշխող կուսակցության օգտին։