Մինչև տարեվերջ Խորենիա գյուղում յուրաքանչյուր տուն խմելու ջուր կունենա: Գյուղի ջրամատակարարման համակարգի կառուցման ծրագիրը շարունակվում է:
Երկար տարիներ է Ախալքալաքի շրջանի Խորենիա գյուղում խմելու ջրի խնդիր կա, մարդիկ օգտվում են ջրհորներից, ջուր են կրում աղբյուրներից: Խորենիա գյուղի ջրամատակարարման համակարգի անցկացման աշխատանքների համար 2019 թ.-ին տեղական բյուջեից հատկացվել է 500 000.00 լարի, իսկ մնացած գումարը` 462 928.00 լարին, արդեն իսկ նախատեսված է 2020 թվականին նախագիծն ավարտելու համար: Նախագծի ընդհանուր գումարը 962 928.00 լարի է, սակայն, «Ունիվերսալ Ջորջիա 2008» ընկերությունը տենդերը շահել է 899 970.00 լարիի չափով:
Աշխատանքները սկսվել են 2019 թ.-ին, բայց այս տարի Աբուլ գյուղի բնակիչները սկսեցին բողոքել ընդդեմ այն բանի, որ Խորենիան խմելու ջուրը ստանար «Պաղ Աղբյուր» տեղանքից, որը գյուղացիների համար «սրբավայր» է, և պահանջեցին Խորենիա գյուղում խմելու ջուրն անցկացնել մեկ ուրիշ աղբյուրից: Բացի այդ, աշխատանքները հետաձգվեցին COVID-19-ի տարածումը կանխելու ուղղությամբ երկրում ձեռնարկված միջոցառումների պատճառով:
Խորենիա գյուղում քաղաքապետի ներկայացուցչի խոսքով՝ ջուրն արդեն հասցվել է մինչև ջրավազան:
«Կան փոքրիկ խնդիրներ, որոնք նրանք խոստացել են լուծել: Դրանք աշխատանքային խնդիրներն են, որոնք լուծման փուլում են: Մինչ կորոնավիրուսը նախագիծը պետք է ավարտվեր հուլիսի վերջին, բայց քանի որ նրանք 2 ամիս չէին աշխատում, նախագծի հանձնումը երկարաձգվեց: Որքան ես գիտեմ, այն պետք է ավարտվի հոկտեմբերի վերջին: Անկեղծ ասած, ես չգիտեմ, թե ով ինչպես է պայմանավորվել Աբուլ գյուղի բնակիչների հետ: Այսօրվա համար մենք շահագրգռված ենք ջրի անցկացմամբ: Նախագիծը կազմվել է՝ նախ ջրամատակարարումը մինչ ջրավազան, որը գտնվում է գյուղից բարձր տեղանքում, և հետո՝ անմիջապես մինչև գյուղ և տներ: Սա 2-3 գիծ չէ, ըստ պետբյուջեի ջուրը բերել և հասցրել են մինչև 150 տուն: Այնպես, որ խնդիրներ չպետք է լինեն, բոլորին ջուր կհասնի», – ասում է Խորենիա գյուղում գյուղապետի ներկայացուցիչ Արկադի Ֆիդանյանը:
Ախալքալաքի շրջանի Խորենիա գյուղը՝ 140 տնտեսությամբ, գտնվում է Ախալքալաք-Նինոծմինդա մայրուղուց 2-2,5 կմ հեռավորության վրա, բայց գյուղացիներն իրենք իրենց համարում են աշխարհից կտրված՝ բազմաթիվ չլուծված խնդիրների պատճառով:
«Մայրուղու կողքին, բայց «աշխարհից կտրված»
Խորենիա գյուղում խմելու ջուր կունենան