Ախալքալաքի շրջանի Սուլդա գյուղում դեռ հուսով սպասում են, որ մի օր շուրջօրյա խմելու ջուր կունենան: Սուլդացիներն այս պահին օգտագործում են գյուղի հին աղբյուրի ջուրը, իսկ հիմնական ջուրը տալիս են երկու օրը մեկ։
Այդ ընթացքում բնակիչները հետ են վերցնում ընդհանուր օգտագործման համար ջուր, այնքան, որ հերիքի երկու օր:
«Մի տոննա հետ ենք վերցնում ջուրը, մինչև նորից տան։ Հիմա հերքիում է, իսկ ձմռանը ուղիղ երեք ամիս կրել եմ՝ քաղաքից, հարակից գյուղերից: Մեքենայիս մեջ միշտ ջրի ցիստերն կա։ Մենք մեծ ընտանիք ենք, 10 հոգի ենք», – ասում է Սուլդայի բնակիչ Մանուկ Մարաբյանը։
Մանուկը նշում է, որ ավելի դժվար է ամռանը, երբ դաշտային աշխատանքներն սկսվում են, մարդիկ միշտ դաշտերն են, ֆիզիկական աշխատանք են կատարում և ավելի շատ ջուր է հարկավոր, պետք է հիգենիային հետևել, առանց ջրի անհնար է:
Գյուղում արդեն երկար տարիներ է գրեթե բոլորը իրենց տներում ջրի մեծ տարաներ ունեն:
«Երբ մշտական ջուր չկա, ջրի ճնշումը այդքան չի բավականացնում, որ տաք ջուրը միանա, մի խնդիր էլ կա, երբ ջուրը տալիս են, բնակիչները ջուրը վերցնելուց հետո էլ այգիներն են ջրում»,- հավելում է նա:
Սուլդացիներն ասում են՝ պետք է հսկել այդ իրավիճակը, որպեսզի ընթացքում ջուրը բոլորին հերիքի։
Երբ ջուրը բացում են բնակիչները կարող են ջուր վերցնել ըստ կարիքի, այսինքն՝ սահմանափակում չկա։
Հիմա արդեն Սուլդա և Դադեշ գյուղերում խմելու ջրի պոմպակայանի, հավաքիչ ջրամբարի և գլխավոր խողովակաշարի շինարարական աշխատանքների համար էլեկտրոնային մրցույթը հայտարարվել է։
Աշխատանքները կիրականացվեն այսպես կոչված երկարաժամկետ գնումների ձևով՝ 2022-2023 թթ։
2022 թվականի բյուջեով նախատեսված է՝ 257 400 լարի, իսկ 2023թ․՝ 1.033.795 լարի։