Սուլդացիները կենցաղում օգտագործում են պղտոր ջուր, իսկ խմելու ջուրը բերում են հարևան գյուղերից: Ախալքալաքի տեղական իշխանությունները վստահեցնում են, որ գյուղում մինչև ձմեռ խմելու մաքուր ջուր կլինի:
Սուլդայում երկու ջրագիծ կա, որից ոչ մեկը չի ծառայում նպատակին: 2014 թվականին կառուցված ջրագիծը, որը հոսում է Կաթնատուրի ջրավազանից, իսկ ջրավազանը լեռներից իջնող աղբյուրներից է սնվում, չի բավականացնում:
Հիմա գյուղում սարերից հոսող ջուրը մի քանի ժամ է հոսում, որպեսզի ամեն օր գոնե մի քանի ժամ ջուր լինի։ Սակայն այդ ջուրը խմելու համար պիտանի չէ:
Ձմռան ամիսներին Սուլդայում առհասարակ ջուր չկար, գյուղացիները նույնիսկ բողոքի ակցիա արեցին Ախալքալաքի քաղաքապետարանի դիմաց: Այդ ժամանակ տեղական իշխանությունները խոստացան, որ եղանակները տաքանալուն պես իրենք անձամբ գյուղացիների հետ սար կբարձրանան՝ հասկանալու ինչում է կայանում խնդիրը, որ ջրատարից ջուր չի հոսում:
Եղանակները տաքացան, բայց սար ոչ ոք չբարձրացավ, փոխարենը որոշում է կայացվել ջուրը գյուղ հասցնել Դիլիֆի ջրագծից:
«Կաթնատուրից հոսող ջրագիծն այդպես էլ կմնա, բնակիչները խմելու համար այդ ջուրը չեն օգտագործում: Ես չգիտեմ ինչպես է նորոգված, որ անձրևաջրերը լցվում են մեջը և աղտոտում ամբողջ ջուրը: Հիմա այդտեղից ջուրը շատ բարակ շիթով է հոսում, այնտեղ գնալ նայելը միտք չունի։ Խնդիրներ կան, խողովակների մեջ օդ կա, խողովակները շատ փոքր են և ջրատարից հոսող ջուրը չի բավականացնում 4 գյուղի: Այդտեղ շատ մեծ աշխատանքներ է պետք կատարել։ Դիլիֆի ջրագծի համար նախագիծն արդեն կազմած է, Թբիլիսիից մասնագետներ են եկել հաշվարկելու համար», – ասում է գյուղի մասնագետ Զարզանդ Կուջոյանը:
Քաղաքապետ Մելքոն Մակարյանը JNEWS-ի հետ զրույցում ևս ասաց.
«Մենք անցած շաբաթ նախագծողի հետ եղել ենք գյուղում՝ Դիլիֆից մինչև Դադեշ, Սուլդայի ջրագծի երկյանքով մեկ ընդհանուր աշխատանքներ ենք տարել։ Հիմա սպասում ենք նախագծի փորձագետի պատասխանին, այսինքն այն արդեն ընթացքի մեջ է»:
Քաղաքապետը հույս հայտնեց, որ այս տարի խնդիրը կլուծվի և բնակիչները կունենան խմելու մաքուր ջուր և ստիպված չն լինի հարևան գյուղերից ջուր կրել:
Այս թեմայով կարող եք կարդալ նաև՝
«Ջուր չունենք, մի ամիս է չեմ լողացել»
Սուլդայում հնարավոր է բնակիչները մշտական խմելու ջուր ունենան
Սուլդայում ջուրը գալիս է 4 օրը մեկ՝ 2 ժամով
Խմելու ջրի հակասական խնդիրը Սուլդայում