Երեք օր անընդմեջ Սուլդա լեռնային գյուղի բնակիչները՝ 2300 մետր բարձրության վրա, սաստիկ սառնամանիքի պայմաններում, աշխատել են ապասառեցնել ջրամատակարարման համակարգը, որով ջուրը լցվում է գյուղի ջրավազան։ Սուլդայում ջրի խնդիրն անընդհատ անհանգստացնում է բնակիչներին, գյուղում խմելու ջուր չկա, իսկ կենցաղային օգտագործման համար ջուրն ըստ գրաֆիկի ստանում են ջրավազանից։
Սուլդա գյուղի տղամարդիկ երրորդ օրն անընդմեջ տեխնիկա են բարձրացնում սարը, որտեղից անցնում է գյուղի ջրամատակարարման հին համակարգը։ Տեղ-տեղ նրանք ավելի շատ հող են լցրել ջրատարի վրա, տեղ-տեղ նորոգել, տեղ-տեղ թողել են սառած ջուրը հալվի։ Ջուրը կարծես բարակ շիթով հոսում է, սակայն բնակիչները վստահ չեն, որ ցրտաշունչ գիշերվանից հետո այն կշարունակի հոսել։ Եթե այն հոսի, հավանաբար մի քանի օրից ջրավազանը կլցվի: Սաստիկ սառնամանիքները և լեռներում ձյան հաստ շերտի բացակայությունը խոցելի են դարձնում ջրատարը։ Գյուղի ջրավազանը սնվում է երկու ջրատարներից՝ գյուղի այս հին ջրամատակարարման համակարգից և Կաթնատու գյուղից անցկացված ջրատարից։ Երկրորդ ջրագծով նույնպես շատ քիչ ջուր է հոսում։ Արդեն մի քանի օր է՝ գյուղը չի կարողանում գրաֆիկով ջուրը միացնել, ինչպես անում էին մինչ այդ։
«Այնտեղ, սարի վրա այնպիսի սառնամանիքներ են, որ ուղղակի անհնար է, մենք երեք օր անընդմեջ բարձրացել ենք, աշխատել ենք, բայց անօգուտ: Ձյուն չկա, ջրագծում ջուրը սառչում է»,- ասում է գյուղի լիազոր Զարզանդ Կուջոյանը։
Բանն այն է, որ գյուղում գրաֆիկով տրվող ջուրը, քանի որ այն բավարար չէ մշտական ջրամատակարարման համար, բնակիչներն այն չեն օգտագործում խմելու և ճաշ պատրաստելու համար։ Գյուղացիների օգտագործման ջուրն անընդհատ բերում են այլ գյուղերից ու քաղաքից, իսկ այդ ջուրն օգտագործում են կենցաղում՝ հիգիենայի համար։
Բայց գյուղում հույս կա, որ այս տարի խմելու ջրի խնդիրը կլուծվի, քանի որ Դիլիֆ գյուղից նոր ջրագիծ է անցկացվում։