Սուլդա գյուղում բնակիչները կարծես սովորել են ժամով ջուր ունենալուն։ Ճիշտ է նոր ջրագծի շինարարությունն ընթանում է, սակայն նրանք արդեն հույսները կորցրել են, որ մի օր անխնա կկարողանան ջուր օգտագործել։
Սուլդացիները բազմիցս խոսել են իրենց գյուղի ամենասուր խնդիրների մասին, այդ թվում՝ նորմալ խմելու ջուր չունենալու։ Մի քանի անգամ բողոքի ցույց են արել Ախալքալաքի քաղաքապետարանի դիմաց, սակայն մինչև հիմա նրանց ջուրը ժամով է հոսում։
Երկարատև սպասումներից հետո՝ 2022 թվականից սկսվել են նոր ջրագծի շինարարության աշխատանքները։
«Հիմա էլ ինչպես առաջ ջուրը ժամով է հոսում։ Ամեն օր մի քանի ժամով են տալիս, պետք է հասցնենք ջուր վերցնել ընդհանուր օգտագործման համար», – ասաց գյուղացիներից մեկը։
Մեկ այլ գյուղացի էլ ուրախ է, որ ամռանը՝ այս ամսին ջուր ունեն։
«Օրվա մեջ մի ժամ են տալիս, այս տարի էլի լավ է, որ օգոստոսին գոնե մեկ ժամ ունենք, անցած տարիներին ընդհանրապես չէինք ունենում։ Խմելու համար օգտագործում ենք, բայց դե գիտենք, որ ենթակա չէ օգտագործման։ Ոչ կարող ենք նորմալ լվացք անել, ոչ մի բան, ցիստերների մեջ ենք լցնում, որ գոնե բավարարի։ Հավաքում ենք 500 լիտրանոց ցիստերում և լողանում։ Նոր ջրագծից խեր-խաբար չունենք», – ասաց մեկ այլ գյուղացի։
Գյուղի մասնագետ Զարզանդ Կուջոյանն ասում է, որ նոր ջրագծի շինարարական աշխատանքներն ընթացքի մեջ են։
«Այսօր անձամբ եմ հանդիպել շինարարին, հարց ու փորձ արեցի, գնացել տեղում նույնպես ծանոթացել եմ կատարվող աշխատանքներին, բավականին մեծ աշխատանքներ է կատարվել, աշխատանքներն ընթացքի մեջ են։ Մենք այնտեղ հավելյալ ավազան ունենք, մեծ, մոտ 1000 տ., ինչքանով ես տեղյակ եմ, մինչ հոկտեմբեր պետք է այդտեղ լցվի ջուրը, այնուհետեւ բախշվի գյուղերին։ Ջուրը պետք է հասնի Դադեշ, Սուլդա, Մյասնիկյան և Բոզալի։ Նախագիծը կոչվում է Սուլդա-Դադեշ ջրագիծ, սակայն այնպես չի որ Մյասնիկյանն ու Բոզալին ջրով բավարարված են, այդ իսկ պատճառով պետք է նրանց էլ մատակարարենք, եթե ամեն ինչ նորմալ ընթանա», – ասաց նա։
Ախալքալաքի քաղաքապետարանի Ենթակառուցվածքների, ճարտարապետության և շինարարության ծառայության պետ Արա Մովսիսյանն ասաց.
«Ներկա դրությամբ շինարարությունը նորմալ ընթանում է։ Մեր նախագծով մինչև աշուն պետք է ավարտին հասցնենք աշխատանքները»։
Նշենք, որ աշխատանքներն իրականացվում է երկու փուլով։
2022 թվականի տեղական բյուջեով նախատեսված էր 257 400 լարի, իսկ 2023թ․՝ 1.033.795 լարի տարածաշրջանային հիմնադրամից։
Այս թեմայով կարղ եք կարդալ՝
Սուլդայի և Դադեշի բնակիչները մշտական ջրի սպասումով
Սուլդայում բնակիչները մնացել են առանց խմելու ջրի
Սուլդացիներին ջուրը դեռ օրով են տալիս, բայց նրանք հույսները չեն կորցնում
Սուլդացիները խմելու ջուր կունենան. տեղական իշխանությունը կլուծի խնդիրը